Եթե աշխարհագրական հայտնագործությունների պատմությունները ձեզ հետաքրքրում են և դուք փնտրում ու գտնում եք պատմություններ խիզախ ճանապարհորդների մասին, օրացույցի այսօրվա էջի այս նշումը ձեզ կարող է հետաքրքրել և նոր պատմություն գտնելու ուղի ցույց տալ․ 1616 թվականի հենց այս օրը՝ հունվարի 29–ին է հայտնաբերվել Հորն հրվանդանը՝ Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը, որը գտնվում է Հրո Երկիր կղզեխմբում և բաժանում է Հարավային Ամերիկան Անտարկտիդայից:
Այսօր, իհարկե, ամենևին պարտադիր չէ լինել ճանապարհորդ կամ գիտնական կամ աշխարհագրագետ, որպեսզի այս պարզ գիտելիքն ունենանք․ բավական է լինել 6–րդ դասարանցի և աշխարհագրության դասագրքոււմ կարդալ այս մասին։
Բայց, որպեսզի այսօր ահա այդպես հեշտ տեղեկանանք այս մասին, ժամանակին, իսկ ավելի ճիշտ՝ 1615 թվականի մայիսին, խիզախ և նոր ճանապարհներ փնտրող մարդկանց մի խումբ հոլանդական Հորն նավահանգստից դուրս եկավ բաց ծով, հաղթահարեց բազմաթիվ վտանգներ և 1616 թվականի հունվարի 29–ին հայտնվեց այս հրվանդանի վրա։
Հրվանդանի հայտնագործողներ են համարվում արշավախմբի ղեկավարներ Վիլհելմ Սհաուտենը և Յակոբ Լեմերը, իսկ հրվանդանն իր անունն ստացել է Սհաուտենի հայրենի քաղաքի անունից։
Իսկ թե ինչպես արշավախումբը տեղ հասավ ու ինչ դժվարությունների միջով անցավ, կարող եք պարզել ինքներդ, եթե, ինչպես ասացինք, խիզախ հայտնագործություների պատմությունները ձեզ հետաքրքրում են։
Ի դեպ, այսպիսի անգամ ամենահայտնի պատմությունների մեջ մեկ էլ մի նոր դրվագ կարող ես հայտնաբերել ու մտածել․ ես կարծում էի, որ պատմությունն այսպիսին է, մինչդեռ․․․«Հետաքրքիր տեղեկություններ մինչդեռով»․ այսպես ենք անվանել մեր հաղորդման այս բաժինը․ մի քիչ անսպասելի խորագիր է, չէ՞, բայց երբ լսեք մեր ներկայացրած տեղեկությունները, կարծում ենք, կհասկանաք, թե ինչու ենք դրանք այսպես անվանել․․․
Եվրոպացիներից ո՞վ է առաջինը տեսել Նոր աշխարհը, այսինքն՝ Ամերիկա մայրցամաքը։ «Դե՜, բան գտաք հարցնելու,–կասեք հիմա,– բոլորն էլ գիտեն՝ Կոլումբոսը»։ Այո, այսպես կասեն շատերը , մինչդեռ․․․Եթե խոսքը հենց ամերիկյան ցամաքն առաջինը տեսնողի մասին է, կարող ենք վստահ ասել, որ դա Կոլումբոսը չէր, այլ Կոլումբոսի արշավախմբի կազմում գտնվող «Պինտա» նավի սովորական մի նավաստի՝ Ռոդրիգո դե Տրիանան։ Այդ մասին կա հստակ գրառում «Պինտա» նավի մատյանում։ Բայց Կոլումբոսը մի կցագրում է հավելել դրան, որտեղ նշված է, որ ինքը՝ Քրիստափոր Կոլումբոսը, Ռոդրիգո դե Տրիանից 4 ժամ առաջ տեսել է մթության մեջ ցոլցլացող կրակներ։
Ինչու՞ է ականավոր ծովագնացն այսպիսի կեղծիքի դիմել։ Բանն այն է, որ իսպանական թագավորական ընտանիքը, որն աջակցում և խրախուսում էր այս ուղևորությունը, ցմահ ռենտա՝ կանոնավոր եկամուտ էր խոստացել նրան, ով առաջինը կտեսնի երանելի ցամաքը։ Ահա այսպես․ պարզ է, որ խեղճ նավաստի Ռոդրիգոն այդպես էլ չտեսավ այդ ռենտան։





