Գիտե՞ք, որ ձմռանը դպրոցականները ավելի քիչ են հիշում նոր տեղեկությունները, քան գարնանը կամ աշնանը։ Պարզվում է կարճ օրերը, քիչ արևը և ցուրտը ազդում են ուղեղի, ուշադրության ու էներգիայի վրա։ Այնպես որ, եթե այս շրջանում դպրոցական կյանքը դժվար է կազմակերպվում, մի շտապեք տխրել: Հիշեք, որ դա նորմալ և բնական ընթացք է:
Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, մի քանի հետաքրքիր տոներ են նշվում, որոնք կհետաքրքրեն թե՛ կենդանասերներին ու թե՛ քաղցրասերներին:
Այսպիսով, այսօր Կին բժիշկների ազգային օրն է։ Օր, որը հիշեցնում է, որ բժշկությունը վաղուց միայն տղամարդկանց մասնագիտություն չէ։ Կին բժիշկներն այսօր աշխատում են ամենաբարդ ոլորտներում՝ վիրաբուժությունից մինչև գիտահետազոտական բժշկություն։ Օրը հիշեցում է այն մարդկանց մասին, ովքեր ամեն օր պատասխանատվություն են կրում մարդկային կյանքի համար։
Այս օրը նվիրված է նաև թերապևտիկ շներին: Հա՜…, մի՛ զարմացեք․․․հիմա ամեն ինչ կբացատրենք: Այսօր նաև Գոլդեն ռետրիվերի միջազգային օրն է: Սա այն ոսկեմազ շների տեսակն է, որոնք կարծես մշտապես ժպտում են։ Հայտնի են իրենց խելացիությամբ, հավատարիմ բնավորությամբ ու մարդկանց հետ շփվելու բացառիկ ունակությամբ։ Շատ երկրներում հենց այս շներն են աշխատում որպես թերապևտ- շներ, օգնում են երեխաներին, տարեցներին ու մարդկանց, որոնք օգնության, տեղաշարժվելու կամ պարզապես մի փոքր ջերմության կարիք ունեն։ Օրը նաև լավ առիթ է հիշելու, թե որքան կարևոր դեր ունեն կենդանիները մեր կյանքում:
Եվ վերջում, անցնենք օրվա ամենաքաղցր թեմային: Փետրվարի 3-ը Գազարով տորթի ազգային օրն է։ Այո, հենց այն տորթը, որը վաղուց արդեն դարձել է դասական՝ իր դարչինի բույրով, մեղմ քաղցրությամբ ու կրեմային շերտով։ Եթե այսօր ինչ-որ մեկը ձեզ առաջարկի գազարով տորթ, մերժելն ուղղակի անկարելի է, հիշեք՝ օրն է պարտադրում։





