Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ամփոփել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը։ Ներկայացված 210 հայտերից ամփոփիչ փուլ են անցել մեծերի 50 և փոքրերի 23 խմբեր։
6-11 տարիքային խմբում հաղթել է «Գալաքսի քրաֆթըրս» թիմը՝ սարոյանական գույներին նվիրված հեքիաթային ու տիեզերական նախագծով, իսկ ավագների խմբում (11-17 տարեկան) լավագույնն է ճանաչվել «Լուսերուն» թիմը, որը Գառնի տաճարի մասին ինտելեկտուալ խաղ և տպավորիչ հոլովակ է ստեղծել։
Նշենք, որ հաղթող աշխատանքներն արդեն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ՝ մասնակցելու համաեվրոպական մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին։ Ու, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաղթողները կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացնելու Հայաստանը։
Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմերը հաղթել էին մրցույթի եվրոպական փուլում և Ֆրանսիայում ներկայացրել են իրենց աշխատանքները:
Սա ևս մեկ ապացույց է, որ համարձակ գաղափարները կարող են ձեզ հասցնել տարբեր երկրներ ու քաղաքներ։ Մի վախեցեք ստեղծագործել ու տարբերվել։ Ով գիտի, գուցե հենց հաջորդ տարի մենք այս նույն ժամին Զարթուցիչի եթերում հպարտությամբ հայտարարենք հենց ձեր թիմի հաղթանակի մասին։ Իսկ մինչ այդ, մենք կապ կհաստատենք «Գալաքսի քրաֆթըրս» և «Լուսերուն» թիմերի հետ ու նրանց կհրավիրենք Զարթուցիչ՝ ծանոթանալու հաղթած նախագծերի հետ։





