Գիտեի՞ք, որ համացանցի օգտատերերի ավելի քան 60%-ը նույն գաղտնաբառն է օգտագործում մի քանի հարթակներում։ Սա նշանակում է, որ մեկ հաշվի կոտրվելը շղթայական վտանգ է բոլորի համար։ Հետաքրքիրն այն է, որ հաշիվները հաճախ վտանգի տակ են հայտնվում ոչ թե հաքերական բարդ հնարքներով, այլ պարզ ֆիշինգով՝ կեղծ նամակներով, հաղորդագրություններով ու նվերների խոստումներով։
Այսօր փետրվարի 10-ն է։ Իսկ օրացույցը հիշեցնում է, որ այսօր Անվտանգ ինտերնետի միջազգային օրն է: Այս օրը մեզ հիշեցնում է նաև, որ համացանցը պարզապես զվարճանքի հարթակ չէ, այլ մեծ հնարավորությունների ու պատասխանատվության միջավայր։ Այն դարձել է մեր կյանքի անբաժան մասը. այստեղ ենք սովորում, շփվում ու կիսում մեր մտքերը։ Բայց որքան ակտիվ ենք համացանցում, այնքան կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս պաշտպանել սեփական անձը այս տարածքում։
Իրականում, հաճախ, վտանգը ոչ թե բարդ հարձակումներն են, այլ մեր մեկ անզգույշ սեղմումը, կեղծ հղումը կամ անձնական տեղեկությունների անտեղի հրապարակումը։ Այսօր առիթ է հիշելու ուժեղ ու տարբերվող գաղտնաբառերի կարևորության մասին։ Մեկ ընտրությունը կարող է պաշտպանել մեր անձնական տարածքը, չէ՞ որ էկրանի մյուս կողմում նույնպես մարդիկ են։
Անվտանգ ինտերնետն սկսվում է ոչ թե տեխնոլոգիայից, այլ մեր գիտակցված ընտրությունից։ «Մտածի՛ր նախքան սեղմելը»,- ահա պարզ կանոնը։ Պաշտպանիր քեզ, որպեսզի համացանցը լինի օգտակար, ոչ թե վտանգավոր։
Հիմա մի քանի գործնական կանոն, որոնք կօգնեն ապահով լինել վիրտուալ աշխարհում:
Նախ՝ օգտագործե՛ք բարդ գաղտնաբառեր՝ յուրաքանչյուր հարթակի համար: Հուսալի գաղտնաբառը պետք է կազմվի տառերի, թվերի ու նշանների համադրությամբ։ Անձնական տվյալները՝ անունը, հասցեն կամ հեռախոսահամարը, երբեք մի՛ փոխանցեք անծանոթներին։ Եթե մարդուն չեք ճանաչում իրական կյանքում, ապա համացանցում նրան վստահելու հիմքեր չունեք։
Զգո՛ւյշ եղեք կասկածելի հղումներից: Հաշիվների կոտրվելը հիմնականում սկսվում է հենց կեղծ հղումների վրա սեղմելուց։ Հիշե՛ք, որ գայթակղիչ մրցույթներն ու «հաղթել ես» հաղորդագրությունները հաճախ նախատեսված են ձեր տվյալներն առևանգելու համար։ Նաև վերահսկե՛ք ձեր հրապարակումների գաղտնիությունը. սոցցանցերում տեղադրված լուսանկարներն ու գրառումները միշտ չէ, որ պետք է հասանելի լինեն բոլորին։
Չենք մոռանում նաև թարմացնել հավելվածներն ու սարքերը: Թարմացումները միայն նոր ֆունկցիաների համար չեն. դրանք փակում են անվտանգության այն բացերը, որոնցից կարող են օգտվել չարամիտները։
Եվ վերջում՝ միշտ վստահե՛ք ձեր բնազդին: Եթե ինչ–որ բան կասկածելի կամ վախեցնող է թվում, մի՛ շարունակեք։ Իսկ եթե զգում եք, որ արդեն սխալվել եք, դիմե՛ք ծնողների կամ մասնագետների օգնությանը: Ժամանակին կանգ առնելը լավագույն պաշտպանությունն է։
Անվտանգության կանոնների մասին այսքանը։ Իսկ հիմա, ինչպես խոստացել էինք, կլսենք մեր հասակակիցներին։ Տեսնենք՝ ինչպե՞ս են նրանք կողմնորոշվում սոցցանցերում և ինչ նոր կանոն կավելացնեին համացանցային աշխարհում:





