
Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:
Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 15-23-ը․ նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, խաղ-վիկտորինաներ, շրջայցեր, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:
Օրինակ՝ փետրվարի 15-ին՝ ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա գրքի շնորհանդես. Հայ ժողովրդական հեքիաթներ (Էդիթ պրինտ հրատարակչության հետ համատեղ): Հաջորդ օրը՝ ժամը 16:00-ին՝ Եզոպոսի «Առակները» գրքի շնորհանդես (հունական համայնքի հետ համատեղ): Փետրվարի 18-ին՝ նույն վայրում, ժամը 14:00-ին տեղի կունենա «Ձեռագրերի ստեղծումը» դաս-պարապմունքը՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան (Մ. Մաշտոցի անվան մատենադարանի հետ համատեղ):
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկայանա Աիդա Ասատուրյանի «Կատակասեր տառերը» գրքի շնորհանդեսը, իսկ նույն օրը ժամը 13:30-ին՝ Քրիստ Մանարյանի «Հեքիաթներ Քրիստ քեռուց» գրքի շնորհանդեսը: Այդ օրը ժամը 12:00-ին կներկայացվի նաև Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկինիկային ներկայացումը:
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին էլ կանցկացվի «Գուշակում ենք բառը» խաղ-վիկտորինան:
Նշենք նաև, որ փետրվարի 18-ից 23-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Թումանյանը՝ օտար լեզուներով» գրականության ցուցադրությունը: Ցուցադրությանը կներկայացվեն Հովհաննես Թումանյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում առկա ստեղծագործությունների օտարալեզու թարգմանությունները:

