Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին աշխարհում նշվում է մի շատ հետաքրքիր օր՝ Ինքնաբուխ բարության օրը, որը անգլերեն հնչում է այսպես՝ Random Acts of Kindness Day։
Ինքնաբուխ բարության օրը բոլորին ժպտալու կամ գրկելու պարտադրանք չէ։ Սա առիթ է մտածելու, թե որքան հաճախ ենք հետաձգում լավ գործերը՝ արդարանալով ժամանակի սղությամբ կամ կարծելով, թե մեր փոքրիկ քայլը ոչինչ չի փոխի։ Բայց, իրականում, փոխում է․ գուցե ոչ ամբողջ աշխարհը, բայց ինչ-որ մեկի օրը՝ անկասկած։ Ինքնաբուխ բարությունը մեծ ծրագրեր չի պահանջում․ երբեմն դա, ընդամենը, հերթում տեղը զիջելն է, վաղուց մոռացված ընկերոջը գրելը կամ պարզապես շնորհակալություն ասելը՝ առանց հատուկ պատճառի։
Հետաքրքիրն այն է, որ բարությունը շատ հաճախ աշխատում է «բումերանգի» սկզբունքով։ Դու տալիս ես՝ առանց պատասխանի սպասելու, իսկ հետո՝ ինչ-որ պահի, ու հենց ճի՛շտ պահին, այն վերադառնում է քեզ՝ ինչ-որ կերպ․․․Եվ եթե նույնիսկ չվերադառնա էլ, փոքրիկ բարի քայլ անելն արդեն բավական է, որ այն վարակի պես տարածվի ամենուր:





