Զարթուցիչ

Այսօր շտապելու կարիք չկա․ Զարթուցիչ

Ամեն օր առավոտյան ի՞նչ ենք անում մենք ՝դպրոցականներս․․․Ճիշտ է՝ շտապում ենք․․.Շտապ հագնվում ենք, որովհետև չկարողացանք հինգ րոպե շուտ արթնանալ քնից․․․Լվացվում ենք շտապ–շտապ՝ խնդրելով, որ մեզ չխանգարեն․․․Նախաճաշել․․․ չէ, չենք հասցնի, շտապում ենք․․․Վերցնում ենք պայուսակն ու շտապ դուրս թռչում տնից․․․Ինչպես ամեն օր․․․Բայց․․․օրացույցն ասում է, որ հենց այսօր՝ փետրվարի 26–ին,  այդպես շտապելու կարիք չկա, որովհետև փետրվարի 26–ը Չշտապելու համաշխարհային օրն է․․․

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ միայն այն պատճառով, որ օրացույցն այդպես է ասում, մոլորակով մեկ մարդիկ հանկարծ կսկսեն չշտապել և հանգիստ ու անշտապ կհասնեն դպրոց ու աշխատավայր, խանութ ու մարզասրահ, պարապմունքի ու ավտոբուսի կանգառ, բայց մտածել այն ամենի մասին, ինչ խորհուրդ է տալիս օրը, կարելի է։

Տարվա մեջ այսպիսի օր առանձնացնելու գաղափարը ծնվել է Իտալիայում՝ իտալական «Դանդաղ ապրելու արվեստ» միավորման կողմից, իսկ օրվա կարգախոսը հետևյալն է․ «Մի՛ շտապիր, վայելի՛ր ակնթարթը»։

2007 թվականին հենց իտալացիներն առաջին անգամ նշեցին այս օրը՝ խորհուրդ տալով իրենք իրենց և բոլորին վայելել կյանքի անկրկնելի ակնթարթներն ու գնահատել դրանք։ Իհարկե, այդպես՝ ակնթարթներն անշտապ վայելելով և գնահատելով ապրելու համար կյանքի մերօրյա ռիթմը ամենևին հարմար չէ․ այնքա՜ն բան կա հասցնելու 24 ժամվա ընթացքում, բայց․․․մեկ օր կարելի է, չէ՞, մի քիչ դանդաղեցնել ընթացքը՝ կյանքի մեզ նվիրած հրաշքը գնահատելու և հաճելի մանրուքներով ու զբաղմունքներով ինքներս մեզ գոհացնելու համար։

Հեշտ է ասել, բայց ինչպե՞ս․ կհարցնեք դուք։ Օրվա նախաձեռնողներն այս հարցի պատասխանն էլ ունեն։ Նրանք մշակել են 14 պատվիրան, որոնց հետևելու դեպքում հնարավոր է շտապողականությունից ձերբազատվել և սեփական կյանքն ավելի հարմարավետ դարձնել։  Օրինակ՝ այս մեկը, որը մեզ՝ դպրոցականներիս համար կարևոր է․  առավոտյան արթնացիր մի քանի րոպե շուտ և վայելիր նախաճաշդ։

Իտալիայում Չշտապելու օրվա շրջանակում հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում։ Օրինակ Հռոմում կազմակերպվում է «Դանդաղ մարաթոն», որի մասնակից կարող է դառնալ Իտալիայի ցանկացած բնակիչ, նաև՝ զբոսաշրջիկները։ Մարաթոնի վազքուղին ընդամենը 300 մետր է, որը, սակայն, չի կարելի անցնել, ուշադրւթյու՛ն,  87 րոպեից շուտ և այդ ընթացքում էլ ոչ մի վայրկյան կանգ առնել չի կարելի։ Պատկերացրի՞ք՝ ի՜նչ ջանք է պետք գործադրել այդքա՜ն չշտապելու համար, և հաստատ շա՜տ հավես կլիներ այդ մարաթոնի չշտապողների շարքում լինելը։

Իսկ Միլանում՝ անընդհատ շտապող այդ քաղաքում, փետրվարի 26–ին շատ շտապող անցորդներին անգամ․․․տուգանում են։ Տուգանքը խորհրդանշական է, և այս տուգանքից չի նեղսրտում որևէ մեկը։

Իտալիայում ավանդույթ է դարձել այս օրը նվիրել բոլոր այն գործերին, որոնց համար ժամանակ սովորաբար չենք գտնում․ թանգարաններ, ցուցահանդեսներ, համերգ ու թատրոն գնալ, ընտանեկան ժամանց կազմակերպել կամ սեղանի շուրջ հավաքվել ու անշտապ զրուցել հաճելի մարդկանց հետ։

Շատ շուտով Իտալիայում սկիզբ առած այս նախաձեռնությունը գրավեց աշխարհի ուշադրությունը և այն սկսեցին նշել մեծ մայրաքաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու–Յորքում։ Ընդ որում՝ այս մի քիչ զվարճալի նախաձեռնությանն սկսեցին վերաբերվել մեծ լրջությամբ, որովհետև այն բոլոր գերզբաղված մարդկանց հիշեցնում է սովորական ուրախությունների մասին և այն մասին, որ ա՛յս ակնթարթն անկրկնելի է ու սքանչելի, ինչպես, օրինակ, հենց ա՛յս լուսաբացի հենց ա՛յս պահը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button