Մարտի 2-ին «Արևիկ» մանկապատանեկան ալիքի եթերում «Զարթուցիչը» ազդարարեց գարնան առաջին աշխատանքային շաբաթվա մեկնարկը։ Թողարկումը հագեցած է ինչպես պատմական կարևոր անդրադարձներով, այնպես էլ մշակութային ու մարզական թարմ նորություններով։
Հաղորդման առանցքում «Գարուն-2026» միջազգային հաշվարկով վարկանշային մրցաշարն է, որը մարտի 3-ից 12-ը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում։ Զրուցել ենք միջազգային կարգի մրցավար Սամվել Վարդանյանի հետ։
Կպարզենք, թե ինչու՞ է «Գարուն-2026»-ը կարևորվում 2-րդ և բարձր կարգ ունեցող պատանիների համար և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում միջազգային վարկանիշի հաշվարկը։
Այսօր նաև պատմական հոբելյան է, 34 տարի առաջ հենց մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Ինչպե՞ս է այս իրադարձությունը կապվում պատանիների կրթական հեռանկարների և «Մոդել ՄԱԿ» ծրագրերի հետ։
Բացի այդ, ներկայացրել ենք շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր անոնսները՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում կայանալիք հանդիպումից մինչև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ռոմանտիկ համերգը։
Կիսվել ենք նաև գարնանային հնարքներով՝ առավոտյան արագ արթնանալու և էներգիայով լիցքավորվելու համար։
Լսե՛ք «Զարթուցիչի» այսօրվա ամբողջական թողարկումը և բաց չթողնեք գարնանային ամենակարևոր իրադարձությունները։





