Ամեն օր մենք ինչ-որ բան ենք ասում, ինչ-որ բան լսում և հայտնվում նոր միջավայրում։ Ու, շատ հաճախ, չենք էլ նկատում, թե որքան անքակտելի է այս երեքի կապը։ Մարտի 3-ը մեկտեղում է այս երեք թեմաները, որոնք առաջին հայացքից տարբեր են թվում, բայց իրականում կազմում են միևնույն շղթան՝ բառ, ձայն և աշխարհ։ Ինչպես նշեցինք հաղորդման սկզբում, մարտի 3-ը օրացույցում յուրօրինակ օր է։ Այսօր միահյուսվում են խոսքը, լսողությունն ու բնությունը։
Ամեն տարի մարտի 3-ին աշխարհը նշում է Գրողի միջազգային օրը, որի պաշտոնական անվանումն է՝ «Գրողի խաղաղության համաշխարհային օր»։ Այն հիմնադրվել է 1986 թվականին՝ Միջազգային PEN ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ։
Ի դեպ, Լոնդոնում, դեռևս 1921 թվականին հիմնադրված PEN կազմակերպության պատմությունը ևս ուշագրավ է։ Անվանումն անգլերեն հապավում է՝ կազմված Poets (բանաստեղծներ), Essayists (ակնարկագիրներ) և Novelists (վիպասաններ) բառերի առաջին տառերից։ Խորհրդանշական է, որ հապավումը համընկնում է անգլերեն «pen»՝ գրիչ բառի հետ։
Այս համաշխարհային ցանցի ստեղծման գաղափարի հեղինակը անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթին է, իսկ առաջին նախագահը՝ հռչակավոր Ջոն Գոլսվորթին։ Եթե 1923 թվականին՝ առաջին կոնգրեսի ժամանակ, PEN կենտրոններ կային ընդամենը 11 երկրում, ապա այսօր դրանց թիվն անցնում է 100-ը՝ տարածվելով ամբողջ աշխարհով։
Այսօր նաև Լսողության համաշխարհային օրն է, որը նախաձեռնվել է World Health Organization-ի կողմից։ Նպատակն է՝ կանխարգելել լսողության կորուստը, բարձրացնել իրազեկվածությունը, հիշեցնել, որ լսողությունը նույնքան կարևոր է, որքան տեսողությունը կամ սրտի աշխատանքը։ Լսողությունը, սակայն, միայն ֆիզիկական կարողություն չէ։
Լսողությունը կապի ձև է։ Մենք լսում ենք ոչ միայն ձայները, այլ նաև մարդկանց, իսկ, երբ մարդուն լսում են, նա իրեն կարևոր է զգում։ Ժամանակակից աշխարհում աղմուկը շատ է։ Երաժշտություն՝ ականջակալներով, մեքենաների ձայն, տեղեկատվական հոսքեր։ Երբեմն մենք այնքան ենք սովորել այդ աղմուկին, որ չենք նկատում՝ ինչ է կատարվում մեր լսողության հետ։
Մասնագետները պարբերաբար հիշեցնում են՝ չափազանց բարձր ձայները կարող են անդառնալի վնաս հասցնել։ Իսկ դա նշանակում է, որ կարող ենք կորցնել ոչ միայն հնչյունները, այլ նաև՝ զրույցների նրբությունը, սիրելի երաժշտության տարրերը, բնության բնական ձայները։ Լսողությունն այն զգայարանն է, որի մասին սովորաբար մտածում ենք միայն այն ժամանակ, երբ խնդիր է առաջանում։ Մինչդեռ այն մեր կապն է մարդկանց, երաժշտության, քաղաքի ձայների և նույնիսկ լռության հետ։
Երբևէ մտածե՞լ եք, որ ամեն անգամ, երբ խոսում ենք կլիմայի փոփոխության, ջրի պակասի կամ անհետացող տեսակների մասին, իրականում խոսում ենք մեր ապագայի շուրջ։ Երբեմն բնության մասին մտածելը սկսվում է շատ փոքր քայլից՝ չվնասել, չաղտոտել, հետաքրքրվել, սովորել։ Ինչպես հաղորդման սկզբում ասացինք, այսօր նաև Վայրի բնության համաշխարհային օրն է։
2013 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր բանաձևով մարտի 3-ը հռչակեց Վայրի բնության համաշխարհային օր։ Նպատակն էր՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ:
Նույն տարում լրացավ կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում մեկ այլ կարևոր փաստաթղթի՝ «Վտանգված վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ընդունման 40-ամյակը, և փաստաթղթի ծննդյան օրը կրկին մարտի 3-ն էր։
Այսօր վայրի բնությունը վտանգված է ամբողջ աշխարհում: Ներկայումս ավելի քան մեկ միլիոն կենդանատեսակ ու բուսատեսակ կանգնած են անհետացման եզրին, և դրա հիմնական պատճառը մարդն է, ում գործունեության հետևանքով կրճատվել են երկրագնդի էկոհամակարգերի գրեթե կեսը: Կակտուսներն ու ջրիմուռները, կաղնիներն ու ընձուղտները, նույնիսկ վառվռուն թութակները հայտնվել են ամենախոցելի տեսակների շարքում:
Վայրի բնության համաշխարհային օրը ոչ միայն առիթ է բարձրաձայնելու այս խնդիրների մասին, այլև հնարավորություն է՝ վերստին տեսնելու բնության բազմազանությունն ու անզուգական գեղեցկությունը։ Սա մի տոն է, որը հիշեցնում է մեզ այն աշխարհի մասին, որը ստեղծվել ու գոյություն ունի մարդկային միջամտությունից անկախ և ունի ինքնաբավ արժեք:
Հիմա ժամանակն է լսելու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և անգրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, անտառագետ Զարինե Թարխանյանին, որի օգնությամբ կիմանանք շա՜տ հետաքրքիր փաստեր՝ ծառերի բնավորության ու պահպանության մասին։





