Մարտի 5–ն է այսօր․ ըստ օրացույցի՝ անջատված գաջեթների օրն է սկսվում: Իհարկե, գաջեթներն իրենք իրենց չեն անջատվելու, այլ մենք պիտի անջատենք դրանք և, ըստ օրվա խորհրդի, ողջ օրվա ընթացքում չպետք է միացնենք մեր բջջային հեռախոսները, պլանշետները, սմարթֆոններն ու համակարգիչները․․․
Մի քիչ դժվար է դա պատկերացնել, հատկապես որ, օրինակ, շատերդ այս պահին հենց գաջեթներով էլ միացել եք մեր զրույցին, և մենք, իհարկե, չենք ուզում, որ զրույցն ընդհատեք, բայց օրվա նպատակը, պարզ է, որ հասկանում ենք բոլորս էլ․ խոսքը թվային տեխնոլոգիաներից հիվանդագին կախվածության մասին է, և այն մասին, թե այդ կախվածությունը իրական կյանքի որքան շատ գույն և ուրախություն է խլում մեզնից։
Գաջեթների անընդհատ օգտագործման բացասական ազդեցությունների մասին ահազանգերը նոր չեն։
Բայց քանի որ բոլորն էլ հասկանում են, որ մերօրյա կյանքում դրանցից լիակատար հրաժարումն այնքան էլ իրատեսական չէ, խնդրով մտահոգված մարդիկ առաջարկեցին տարվա մեջ այդպիսի՝ առանց գաջեթների օր նշել և դա հենց մարտի 5–ն է։
ԱՄՆ–ում անգամ հատուկ հավելված կա, որը հիշեցնում է սմարթֆոնի տիրոջը, որ մեկ օրով գաջեթներն անջատելու օրն սկսվել է։
Այս նախաձեռնության հեղինակները բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են օրը նշելու, ոչ միայն պարզապես գաջեթներն անջատել են առաջարկում, այլ օրը սովորականից տարբեր կազմակերպել են խորհուրդ տալիս․ իրական շփում ընկերների ու հարազատների հետ, քննարկումներ ոչ թե սոցիալական հարթակում այլ իրական հանդիպման ժամանակ, հույզերի արտահայտում ոչ թե սմայլիկներով, այլ իրական ժպիտով կամ դժգոհությամբ, արշավներ, պիկնիկներ, խաղեր, հավաքույթներ․․․ամեն ինչ իրական շփման տիրույթում։
Առանց գաջեթների օրը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում աշխարհում, և ավելանում է նախաձեռնությանը միացած մարդկանց քանակը։
Դժվար է պատկերացնել, որ սովորական աշխատանքային օրվա ընթացքը թույլ կտա բոլորիս հենց առավոտից միանալ օրվան, բայց երեկոն, հաստատ, կարելի է անցկացանել առանց գաջեթների, գոնե, այսօր։
Եվ, դարձյալ, գաջեթների կամ, ավելի ճիշտ,դրանց վերահսկելի օգտագործման մասին։ Բավականին երկար ընդմիջումից հետո շվեդական դպրոցներ, որտեղ 2000–ականներից դասագրքերն ու տետրերը դուրս էին մղվել գաջեթների կողմից,վերադառնում են․․․ տպագիր գրքերը և գրավոր առաջադրանքները։
Սա թվային տեխնոլոգիաներից հրաժարում չի նշանակում, բայց տարիների փորձի ամփոփումից հետո կրթության ոլորտի մասնագետները եզրակացրել են, որ միայն նոթբուքերով և iPad –ներով ուսումնական գործընթացը կազմակերպելը․․․սխալ է։ Ինչու՞․ կպարզենք հիմա։
2000–ական թվականներից շվեդական դպրոցներում դասագրքերն ու գրքերն ընդհանրապես իրենց տեղը զիջեցին նոթբուքերին և iPad–ներին այն պատճառով, որ կրթության գերխնդիր սկսեց համարվել սովորողներին թվային աշխարհի մարդիկ դարձնելը։
Բայց տարիների փորձի և կրթական արդյունքի ամփոփումը մասնագետներին հանգեցրեց այն եզրակացության, որ սպասված արդյունքը չի ստացվել, իսկ Շվեդիայում գրագիտության մակարդակը, որը 2000 թվականին Եվրոպայում ամենաբարձրն էր համարվում, սկսել է ընկնել։
2012 թվականին աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի թեստերիարդյունքներով շվեդ դպրոցականները լեզվական, մաթեմատիկական և բնագիտական առարկաներից նվազագույն արդյունքներ գրանցեցին, ինչն էլ հանգեցրեց կրթկան գործընթացում վերանայումների անհրաժեշտությանը և․․․ուսուցիչների ու ծնողների պահանջով տպագիր դասագրքերը վերադարձան դպրոցներ։
Ի դեպ, աստիճանաբար սկսեց խրախուսվել նաև ընթերցանությունն ինքնին, և Շվեդիայում հիմա նաև ընթերցանության համազգային մրցույթներ են անցկացվում դպրոցականների համար ու խրախուսվում են շատ գիրք կարդացող դասարանները։





