7 ոսկե քաղաքի մասին լսե՞լ եք երբևէ։ Ո՞չ․ եկեք միասին պարզենք՝ ինչ քաղաքներ են դրանք և որտեղ են գտնվում․․․
Ճամփորդություններ, իհարկե, սիրում ենք բոլորս։ Մեր օրերում երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք ուղևորություններն արդեն կենցաղի և առօրյայի մաս են դարձել բոլորի համար։ Եվ, երբ որոշում ենք անգամ շա՜տ հեռավոր մի ուղևորություն կատարել, հստակ գիտենք թե՛ երթուղին, թե՛ ժամանակահատվածը, որում տեղ կհասնենք և թե ի՛նչ ենք ուզում տեսնել։
Ամենաստույգ քարտեզները մեր ձեռքի տակ են, ցամաքային, երկնային ու ծովային ճանապարհները՝ հստակ։ Բայց կար ժամանակ, երբ ճանապարհորդություն նախաձեռնելը շատ բարդ գործ էր և շատ անհայտներով լի։ Եվ «ու՞ր կհասնես» հարցի պատասխանն էլ ամենևին հստակ չէր։ Ճանապարհորդությունների նախապատրաստությունը ենթադրում էր՝ որքան հնարավոր է տեղեկություն հավաքել առաջիկա ճամփորդության մասին և երթուղին կազմելիս հաշվի առնել դրա մասին նախորդ սերունդների թողած տեղեկությունները, երբևէ գծված քարտեզները, հիշատակությունները։
Հին Հունաստանում, օրինակ, ճանապարհորդներին օգնում էր Հերոդոտոսի «Պատմությունը», իսկ Հռոմեական կայսրության տարիներին՝ Ստրաբոնի «Աշխարհագրությունը»։ Քրիստափոր Կոլումբոսն էլ նախագծում էր իր ճանապարհորդությունը՝ իտալացի Պաոլո Տոսկանելիի քարտեզներն ուսումնասիրելով։ Բայց հաճախ լուրջ քարտեզների վրա հայտնվում էին անիրական քաղաքներ, որոնց անբավ հարստության մասին պատմում էին լեգենդները։ Ինչու՞ էին դրանք հայտնվում․ որպեսզի նշվեր տեղը, որտեղ հնարավոր է հարստություն գտնել։
Այդպես Հյուսիսային Ամերիկայի առաջին քարտեզների վրա հայտնվեցին 7 ոսկե քաղաքները։ Այդ քաղաքների և դրանց հարստության մասին զրույցը սկիզբ է առել Պորտուգալիայում։ Երբ 8–րդ դարի սկզբում Եվրոպա ներխուժեցին արաբները, ըստ զրույցի, 7 բարեպաշտ եպիսկոպոսներ, նվաճողներից փրկվելով, հավաքեցին մեծաքանակ գանձ ու ոսկի, արժեքավոր իրեր և նավարկեցին դեպի արևմուտք ու հասան մի կղզի, որտեղ 7 բնակավայր հիմնեցին՝ 7 ոսկե քաղաք։
Դարեր անց, երբ իսպանացիները, իտալացիներն ու պորտուգալացիներն սկսեցին մրցակցել նոր հողեր հայտնաբերելու գործում, հիշեցին 7 ոսկե քաղաքի մասին, իսկ իտալացի քարտեզագիրներն էլ Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում տեղադրեցին երևակայական Անտիլիա ուղղանկյուն կղզին՝ անջատված յոթ ծովախորշով, յուրաքանչյուրի ափին՝ մեկ քաղաք։
Իսկ երբ հայտնաբերվեց Ամերիկան, լեգենդն այլ հնչողություն ստացավ․ ոսկով լի քաղաքների մասին լուրերն սկսեցին Եվրոպա հասնել նվաճողական արշավանքներից վերադարձածների մտացածին պատմություններով, բայց դրանք էլ բավական էին գանձ որոնողների ախորժակը բացելու համար։ Եվ ոսկի որոնողների նոր խմբեր սկսեցին ուղևորվել դեպի հեքիաթային քաղաքները։
Այդ խմբերից ամենահայտնին Ֆրանսիսկո դե Կորոնադոյի ջոկատն էր, որը հայտնաբերեց Մեծ Կանյոնը, Կոլորադո գետը, ընդարձակեց իսպանական թագավորության տիրույթը, բայց ոսկե քաղքներն այդպես էլ չգտավ, մի շատ պարզ պատճառով․ դրանք երբեք էլ գոյություն չէին ունեցել։ Եվ ուրեմն մեր զրույցի սկզբում տրված հարցն էլ՝ որտեղ գտնել դրանք, մեկ պատասխան ունի․ ոչ մի տեղ․ դրանք․․․չկան։ 17–րդ դարից սկսած քարտեզներում այլևս երբեք չհայտնվեցին ոսկե քաղաքները․․․
Քարտեզներից երևակայական քաղաքներն անհետացան, բայց լեգենդը հետագայում իր գեղարվեստական մարմնավորումն ստացավ, օրինակ, ճապոնական «Էստեբան, արևի որդի» մուլտսերիալում, որի գործողությունը տեղի է ունենում 1532 թվականին կամ, օրինակ, ամերիկացի գրող Գերի Ջենինգսի «Ացտեկի աշունը» պատմավեպում։





