Մարտի 30-ը աշխարհի ամենաէմոցիոնալ ու սիրված նկարիչներից մեկի՝ Վինսենթ վան Գոգի ծննդյան օրն է։ «Զարթուցիչի» այսօրվա թողարկումը նվիրված է ոչ միայն նրա հանճարեղ կտավներին, այլև այն անկոտրում կամքին, որն օգնեց նրան ստեղծագործել՝ չնայած շրջապատի անտարբերությանը։
Վան Գոգի կյանքը հիշեցնում է մի վառ ու տագնապալից կտավ։ Ընդամենը 10 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 2100 գործ, սակայն կենդանության օրոք վաճառել է ընդամենը մեկը։ Այսօր նրա «Աստղալից գիշերն» ու «Արևածաղիկները» ոչ միայն թանգարանային նմուշներ են, այլև ժամանակակից դիզայնի և ինքնաարտահայտման գլխավոր խորհրդանիշները։ Վան Գոգը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուրս ունենք մեր սեփական գույները, և դրանք աշխարհին ցույց տալու համար երբեք ուշ չէ։
Լսե՛ք ձայնագրությունը և սուզվեք վանգոգյան վառ աշխարհի մեջ, որտեղ նույնիսկ ամենամռայլ գիշերն աստղալից է։





