Այս ուսումնական տարեվերջին 9–րդցիների համար նորություն է լինելու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը ինտեգրված էսսեի ձևաչափով։ Այս ձևաչափով քննությունը փորձարկվել է Տավուշի մարզում։ Շատ ուսուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ մտահոգություններ են հայտնել թե՛ փորձարկման արդյունքի, թե՛ սպասված քննության հետ կապված և, չնայած դրան, ինտեգրված էսսեի ձևաչափով քննությունն ուժի մեջ է։
Հենց դրանից ելնելով էլ մեր հյուրին՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանին հրավիրել ենք զրույցի ոչ թե էսսեի նպատակահարմարությունը քննարկելու, այլ գործնական խորհուրդներով օգնելու համար 9–րդցիներին, որոնք այս քննարկումների մեջ միշտ չէ, որ շատ լավ են պատկերացնում, թե ինչպես են հանձնելու քննությունը։
«Սիրելի՛ 9–րդցիներ, մի՛ վախեցեք ինտեգրված էսսեից․ դուք կարող եք հաղթահարել ձեր առջև դրված խնդիրը»։ Սա մեր հյուրի կարևոր ուղերձն է հիմնական դպրոցի բոլոր շրջանավարտներին։





