Զարթուցիչ

Գիտական և մշակութային օր՝ տոնացույցում. Զարթուցիչ

Ապրիլի 21-ը հետաքրքիր հետք է թողել թե՛ գիտության, թե՛ մշակույթի պատմության մեջ։ 1972 թվականի հենց այս օրը «Ապոլոն-16» (Apollo 16) առաքելության տիեզերագնացները վայրէջք կատարեցին Լուսնի վրա։ Սա արդեն հինգերորդ անգամն էր, երբ մարդը քայլում էր Լուսնի մակերևույթին։ Առաքելության ընթացքում նրանք ուսումնասիրեցին լուսնային հողը, հավաքեցին նմուշներ և անցկացրին գիտական փորձեր։ Ուշագրավ է, որ այս առաքելությունը կենտրոնացած էր հատկապես Լուսնի բարձրավանդակների ուսումնասիրության վրա, ինչը մինչ այդ քիչ էր հետազոտվել:

Ապրիլի 21-ը հիշվում է նաև մի փոքր ավելի խորհրդավոր պատմությամբ։ 

1934 թվականին հրապարակվեց այն հանրահայտ լուսանկարը, որը ներկայացվում էր որպես Շոտլանդիայի Լոխ Նես լճում ապրող Նեսի հրեշի գոյության անհերքելի ապացույց։ 

Պատկերը մեծ աղմուկ բարձրացրեց ու տասնամյակներ շարունակ համարվում էր ամենահավաստի վկայություններից մեկը։ Սակայն տարիներ անց պարզվեց, որ այն ընդամենը հմուտ կազմակերպված խաբկանք էր՝ պատրաստված խաղալիք մոդելի օգնությամբ։

Ապրիլի 21-ը օրացույցում նշված է նաև որպես Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր։ Սա պարզապես ամսաթիվ չէ, այլ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատված ստեղծագործելու ևս մի հրաշալի առիթ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր հավատում են նորարարական մտքի ուժին։ 

Այնպես որ՝ հրավիրում ենք հատկապես ստեղծագործողների ուշադրությունը։

Օրվա գաղափարը պարզ է․ նոր ու համարձակ մտքերն ունակ են փոխել աշխարհը։ Երբ մենք սկսում ենք մտածել ընդունված կաղապարներից դուրս, ծնվում են այնպիսի լուծումներ, որոնք օգնում են հաղթահարել սոցիալական ու տնտեսական ամենաբարդ մարտահրավերները։ 

Այս օրը հիշեցում է բոլորին, որ ստեղծարարությունը միայն «ընտրյալների» մենաշնորհը չէ․ այն հմտություն է, որը կարելի է զարգացնել ու կիրառել ամեն օր։

Եվ այսպես, սիրելի տղաներ ու աղջիկներ այսօր մեր ուշադրության կենտրոնում ստեղծարարությունն է ու նաև մեր պատանի ընկերը՝ Գարիկ Նալբանդյանը։ Գարիկն իր նախասիրությունը քիչ-քիչ վերածում է լուրջ հետաքրքրության, գուցե նաև՝ ապագա մասնագիտության։ Նա պարզապես սիրահարված է լուսանկարչությանը և նույնիսկ հեռախոսով կարողանում է «որսալ» այնպիսի բացառիկ կադրեր, որոնք մենք հաճախ չենք էլ նկատում։ Գարիկի աչքերով աշխարհը շատ գեղեցիկ է՝ թե՛ զարմանահրաշ բնության մեջ, թե՛ մեր առօրյա կյանքի պարզ ու աննկատ դրվագներում:

Ցուցադրել ավելի
Back to top button