Ապրիլի 23–ը Գրքի և հեղինակային իրավունքի օրն է.
-ապրիլի 23–ը ՄԱԿ–ի պաշտոնական լեզուներից անգլերենի օրն է․․․
–ապրիլի 23–ը Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան և․․․մահվան օրն է․ այո, աշխարհահռչակ դրամատուրգի ծննդյան և մահվան օրերը համընկնում են։
Ի դեպ, համընկնում են նաև Շեքսպիրի և համաշխարհային գրականության մեկ այլ հայտնի գրողի՝ Միգել Սերվանտեսի մահվան օրերը, ահա թե ինչու, երբ 1995 թվականին Փարիզում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովում քննարկվում էր Գրքի համաշխարհային օր ունենալու մասին հարցը, հենց ապրիլի 23–ն էլ ընտրվեց որպես այդպիսին։
Դժվար է գերագնահատել գրքի դերը մարդկության առաջընթացի մեջ․ այն դեպի մշակութային բազմազանության աշխարհ նայող պատուհան է, որը միավորում է տարբեր քաղաքակրթություններ ժամանակի և տարածության մեջ։ Ով սիրում է կարդալ, շատ լավ գիտի դա։
Այսօր մեր մոլորակի 100–ից ավելի երկրում նշվում է գրքի համաշխարհային օրը գրքի տոնավաճառներով, ցուցահանդեսներով, գրքերի շնորհանդեսներով և, իհարկե, պարզապես կարդալով։
Ի դեպ, այս օրվա հետ կապված մեկ ավանդույթ էլ կա․ 2001 թվականից սկսած ապրիլի 23–ին որևէ քաղաքի մեկ տարով Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կարգավիճակ է տրվում․ մեր մայրաքաղաք Երևանն էլ 2012թ–ին է ճանաչվել Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Ասացինք, որ ապրիլի 23–ին նաև նշվում է անգլերենի օրը՝ որպես ՄԱԿ–ի պաշտոնական լեզվի օր․ արժե նշել, որ այս օրվա ընտրության «մեղավորն էլ» Ուիլյամ Շեքսպիրն է։
Մոռացանք սկզբում ասել, որ մեկ այլ նշում էլ ենք առանձնացրել՝ սեղանի թենիսի համաշխարհային օրն էլ է այսօր նշվում։ Այս մարզաձևը, որը հայտնի է նաև պինգ–պոնգ անունով, ի հայտ է եկել մոտ մեկ դար առաջ, բայց հիմա արդեն օլիմպիական մարզաձևերի շարքում է։
Շատ մատչելի մարզախաղ լինելով, այն հրապուրում է մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական տվյալներից․ խաղալ կարող ենք բոլորս և սեղանի թենիս սիրում ենք բոլորս։ Այսօր ընկերներով սեղանի թենիսի մրցաշար կազմակերպելու համար շատ հարմար օր է, նկատի ունեցեք։





