Զարթուցիչ

Մի քիչ սուպերհերոսական օր, մի քիչ էլ՝ քաղցր. Զարթուցիչ

Այսօր ուզում ենք եթերն սկսել մի անսպասելի փաստից․ գիտե՞ք, որ մարդկանց մեծ մասը կարծում է, որ, եթե սուպերհերոս լիներ, ամենաշատը կցանկանար թռչել։ Բայց, իրական հարցումների ժամանակ, ամենատարածված պատասխանը լինում է… անտեսանելի դառնալը։ Զարմացա՞ք…անկեղծ ասած մենք էլ։ Փաստորեն, մարդիկ ավելի շատ ուզում են «անտեսանելի լինել», քան՝ սավառնել երկնքում…

Հիմա անցնենք ավելի քաղցր թեմայի: Այսօր հապալասով կարկանդակի օրն է։ Թեև օրը ոչ պաշտոնական է, բայց լավ առիթ է հիշելու, որ առօրյայում պետք է նաև քաղցր պահեր լինեն։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ մարդիկ սովորաբար բաժանվում են երկու խմբի․ նրանք, ովքեր սիրում են մրգային թեթև տարբեր աղանդերներ, ու նրանք, ովքեր ասում են՝ «տվեք ինձ  շոկոլադ ու վերջ»։ Իսկ դուք ո՞ր խմբում եք։

Գիտե՞ք, որ այսօր նաև Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրն է։ Այս թեման սովորաբար հիշում ենք, երբ ինչ-որ բան արդեն սխալ է ընթանում, բայց իրականում դրա իմաստը շատ պարզ է. անկախ նրանից՝ փողոցում ենք, խոհանոցում, դպրոցում, թե աշխատասենյակում, աշխատելը չպետք է վնասի մեզ:

Երբեմն, նույնիսկ փոքր մեթոդները մեծ ազդեցություն են թողնում․ օրինակ՝ ժամանակին հանգստանալը, աչքերը էկրանից կտրելը, կամ, պարզապես, մեջքի համար անվտանգ դիրքով նստելն ու աշխատելը։ Հա, հենց հիմա էլ եկեք բոլորս ուղղենք մեր մեջքը:

Եվ վերջում՝ օրվա ամենամիստիկ  մասը. սուպերհերոսների օր։ 

Ֆիլմերից ու կոմիքսներից պարզ է դառնում, որ սուպերհերոսները միշտ ունեն շատ «մեծ ու գերբնական» ուժ՝ օրինակ Spider-Man-ը կարողանում է հարթ պատերին մագլցել, Batman-ը ունի տեխնոլոգիաներ ու սուր միտք, Wonder Woman-ը՝ ուժ ու արագություն։

Բայց իրականում ամենահետաքրքիր հարցը սա է. եթե դու լինեիր սուպերհերոս, ի՞նչ ուժ կընտրեիր։ Թռչե՞լ, ժամանակը կանգնեցնե՞լ, մարդկանց մտքերը կարդա՞լ… Թե՞ ավելի պարզ տարբերակ. օրինակ՝ միշտ ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Շատերն իրականում հենց դա էլ կընտրեին։

Հիմա ժամանակն է լսելու մեր հյուրին: «Coinplus» կրիպտո դրամապանակի հիմնադիր Վիգեն Առուշանյանը մեզ կպատմի՝ ինչպե՞ս է երիտասարդներին հաջողվում ակտիվորեն ներգրավված լինել թվային աշխարհին:

Ցուցադրել ավելի
Back to top button