Ջազի միջազգային օրն է այսօր, և եթե դուք ջազ երաժշտության սիրահար եք, ապա սա հենց այն օրն է, երբ կարող եք ոչ միայն լսել, այլև ընկերներին, հարազատներին փորձել վարակել ձեր սիրելի մեղեդիների հնչյուններով․․․
Օրացույցում ապրիլի 30–ը որպես Ջազի միջազգային օր առանձնացնելու մասին որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովը ազդարարեց 2011 թվականի նոյեմբերին, իսկ հաջորդ տարի արդեն՝ 2012 թվականի ապրիլին, աշխարհում առաջին անգամ նշվեց Ջազի միջազգային օրը։
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների համադրություն։ Այն երաժշտական արվեստի բացառիկ ձև է, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
«Ջազ» բառի ծագումն էլ կապում են 20-րդ դարասկզբի ամերիկյան մշակույթի հետ։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ԱՄՆ-ի արևմտյան կամ հարավային ժարգոնից, որտեղ «jass» բառը նշանակել է էներգիա, ուրախություն, շարժում։
Մի խոսքով՝ էներգիայով, ուրախությամբ, շարժումով ու ջազ երաժշտությամբ լի օր է լինելու այսօր․ համենայնդեպս, այդպես է խոստանում օրացույցը․․․





