Մայիսի 21–ն է այսօր․ վաղը դպրոցներում կհնչի դպրոցական վերջին զանգը՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթելով մեր 12–րդցի ընկերներին, իսկ մյուս բոլոր դպրոցականներին, այդ թվում և մեզ, ազդարարելով, որ սկսվում է տարվա ամենասպասված ժամանակը, որի անունն է «ամառային արձակուրդ»․․․
Արձակուրդի հրաշալի օրերի, ամառային արկածների, ճանապարհորդությունների ու բացահայտումների մասին միմյանց պատմելու շատ ժամանակ կա առջևում՝ մեկ ամբողջ ամառ, բայց այսօր դեռ դպրոց ենք գնում, չնայած շատ անելիք, կարծես թե, արդեն չկա։ Կգնանք մեր ուսուցիչներին, ընկերներին, դպրոցին մեկ ամառով հրաժեշտ տալու, ուսուցիչներից արձակուրդի համար տրվող հանձնարարություններն ստանալու, ընթերցելիք գրքերի ցանկը հստակեցնելու համար․․․
Եվ առավոտյան մեկ բաժակ թեյն էլ այսօր կարելի է հանգիստ ըմպել, առանց դպրոցական առավոտներին հատուկ լարվածության: Ի դեպ, այս առավոտն անպայման թեյով սկսեք․ Թեյի միջազգային օրն է այսօր․ այս մասին հիշեցնում է օրացույցը․․․
Աշխարհում հայտնի ըմպելիքների մեջ իր հռչակով թեյն առաջատար է համարվում, իհարկե, չհաշված ջուրը, որը մրցակցությունից դուրս է։ Հաշվի առնելով հենց այս հռչակը, թեյի օգտակար և բուժիչ հատկությունները, աշխարհի շատ ժողովուրդների կյանքում դրա մշակության, արտադրության և կիրառման հետ կապված ավանդույթները, նաև շատ տարածաշրջանների տնտեսական առաջընթացի համար թեյի արտադրության կարևորությունը, դեռ 1990–ական թվականներին մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես եկան տարվա մեկ օրը «Թեյի միջազգային օր» սահմանելու առաջարկությամբ։
2005 թվականից հետո որոշ ժամանակ այդպիսի ոչ պաշտոնական օր էր դեկտեմբերի 15–ը, որը նշում էին Հնդկաստանում, Շրի–Լանկայում, Բիրմայում, Չինաստանում, Քենիայում և ասիական մի շարք այլ երկրներում, որտեղ թեյի մշակության և կիրառման հնագույն ավանդույթներ կան ձևավորված։ 2019 թվականի դեկտեմբերի 19–ին ՄԱԿ–ի գլխավոր համաժողովը որոշում ընդունեց մայիսի 21–ը սահմանել Թեյի միջազգային օր։ 2020 թվականից սկսած օրը նշվում է պաշտոնապես։
Ի դեպ, թեյի մշակության, թեյերի տեսակների, օգտակար հատկությունների մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կան, որոնք կարող եք փնտրել, գտնել համացանցում և կարդալ։ Իսկ մենք այս առավոտի համար առանձնացրինք աշխարհի ամենաթանկ թեյի մասին այս տեղեկությունը։
Աշխարհի ամենահազվագյուտ և թանկարժեք թեյը չինական «Դահունպաո» թեյն է։ Դրա անունը թարգմանվում է այսպես՝ «Մեծ կարմիր խալաթ»։ Այն աճում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Վույի լեռներում։ Իրական բնօրինակ թեյի արժեքը գերազանցում է ոսկու գինը՝ հասնելով մինչև $1.400–ի՝ մեկ գրամի դիմաց։
Չինական լեգենդի համաձայն, Դահունպաոն հայտնի է դարձել Մին դինաստիայի օրոք, երբ, ըստ ավանդության, այս թեյը բուժել է կայսեր մորը։ Ի նշան երախտագիտության կայսրը կարմիր թիկնոցներով է պատել թեյի թփերը։ Իսկ ինչու՞ է թեյի այս տեսակը հազվագյուտ. բանն այն է, որ դրա իրական մայր թփերը, որոնք ընդամենը 6–ն են, ավելի քան 300 տարեկան են, և դրանցից թեյ հավաքելն արգելված է պետության կողմից։ Այն վաճառվում է բացառապես աճուրդներում։
Արդեն խմեցի՞ք ձեր մեկ բաժակ թեյը։ Անուշ լինի, իսկ մենք օրացույցի այսօրվա՝ մայիսի 21–ի մասին նշումներից մեկն էլ ներկայացնենք ձեզ․ Տիեզերքի համաշխարհային օրն է այսօր։
Տոնը նվիրված է տիեզերքի գեղեցկությանն ու վեհությանը, իսկ տոնի պատմությունն սկսվում է 1998 թվականից, երբ ամերիկացի աստղանավորդ Էնդրյու Թոմասը, միջազգային տիեզերակայանից, տիեզերական պատկերներով զմայլված, առաջարկեց այսպիսի օր նշել տարվա մեջ։ Նախաձեռնությունը միանգամից աջակցություն ստացավ աշխարհի տարբեր երկրների ոչ միայն գիտական հանրության և ոլորտի մասնագետների, այլև աստղային տարածության սովորական սիրահարների կողմից։
Մայիսի 21–ին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ, գիտաժողովներ՝ նվիրված տիեզերական հետազոտություններին, տիեզերքի ուսումնասիրության ապագա ծրագրերին, ուղիղ կապով միացումներ են իրականացվում միջազգային տիեզերակայանի վրա աշխատող տիեզերագնացների հետ, կազմակերպվում են աստղադիտումներ, ֆլեշմոբեր․ մի խոսքով՝ տիեզերքի սիրահարները միանում են այս օրվան։





