Այսօր օրացույցը մեզ բերել է երկու տրամադրություն բարձրացնող տոն։ Մեկը՝ երաժշտությամբ ու պարով լի, մյուսը՝ քաղցր ու համեղ։ Այսօր աշխարհում նշվում է և՛ Լինդի Հոփի համաշխարհային օրը և՛ Հապալասով չիզքեյքի։
Եթե երբևէ տեսել եք հին ֆիլմեր, որտեղ մարդիկ անհավանական արագությամբ պտտվում են, ցատկում, ծիծաղում ու առանց կանգ առնելու պարում, շատ հավանական է, որ հենց Լինդի Հոփ պարային ոճն եք տեսել։
Լինդի Հոփ պարային ոճը ծնվել է անցյալ դարի 20-ից 30-ական թվականներին՝ Ամերիկայի Նյու Յորք քաղաքում։ Այդ ժամանակ ջազային երաժշտությունը մեծ տարածում էր ստանում, մարդիկ ուզում էին ուրախանալ, ապրել ավելի թեթև, մոռանալ առօրյա դժվարությունները։ Եվ հենց այդ մթնոլորտում էլ իհայտ եկավ այս պարը։
Ասում են՝ «Լինդի Հոփ» անունը կապված է օդաչու Չարլզ Լինդբերգի անվան հետ, որը առաջիններից էր միայնակ օդանավով անցել Ատլանտյան օվկիանոսը։ Թերթերից մեկը նրա թռիչքի մասին գրել էր մի արտահայտություն, որտեղ կար «հոփ» բառը, և հետագայում այդ անունը կապվեց նոր պարի հետ։ Ու այդպես ծնվեց մի պար, որը մինչև այսօր չի կորցրել իր աշխույժ բնավորությունը։
Լինդի Հոփում ամենակարևորը ոչ թե կատարյալ շարժումներն են, այլ էներգիան։ Այս պարային ոճում գրեթե չկա «սխալ պարել»-ու վտանգը ։ Եթե մարդը զգում է երաժշտությունը և հաճույք է ստանում, ուրեմն՝ արդեն բավական է։
Շատերն ասում են, որ նման պարերը մարդկանց օգնում են ավելի ազատ զգալ, ավելի հեշտ շփվել, նույնիսկ հաղթահարել ամաչկոտությունը։ Նրանք, կարծես, մի քանի ժամով մոռանում են բոլոր խնդիրների մասին։
Նաև մի հետաքրքիր փաստ կա։ Երբ Լինդի Հոփը նոր էր տարածվում, մեծահասակների մի մասը դժգոհում էր, ասում էր՝ «սա չափազանց աղմկոտ ու արագ պար է»։ Բայց երիտասարդներին հենց դա էր դուր գալիս։ Իրականում ամեն սերունդ ունի իր երաժշտությունը, իր շարժումն ու իր ազատությունը։
Հիմա պատկերացրեք՝ ամբողջ երեկո պարել եք, հոգնել ու նստել եք սեղանի շուրջ… ժամանակն է՝ անդրադառնալու օրվա երկրորդ տոնին՝ Հապալասով չիզքեյքի օրվան։ Անկեղծ ասած՝ ամեն ինչ ավելի գունավոր է դառնում, երբ գոյություն ունի առանձին օր՝ նվիրված աղանդերին։
Չիզքեյքը շատ հետաքրքիր աղանդեր է։ Այն, գրեթե, բոլորն են սիրում, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր նախընտրած տարբերակը: Մարդկանց մի մասը սիրում է ավելի փափուկ ու թեթև տեսակները, մյուսները՝ խիտ ու սերուցքային։ Բայց հապալասով տարբերակի առանձնահատկությունն այն է, որ այն, կարծես, բոլորին է դուր գալիս։
Ի դեպ, շատերը կարծում են, թե չիզքեյքը ժամանակակից աղանդեր է, բայց, իրականում, պատմությունը շատ հին է։ Դեռ հին ժամանակներում մարդիկ պատրաստում էին պանրային քաղցրավենիքներ։ Իսկ ավելի ուշ այն տարածվեց ամբողջ աշխարհում ու դարձավ սրճարանների ամենասիրված աղանդերից մեկը։
Այսքանը՝ օրվա տոնացույցից: Հիմա ժամանակն է՝ ներկայացնելու մեր հյուրերին: Հիշեցնենք, որ մեկնարկել է Ռադիո Արևիկի հայտարարած՝ «Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթը, որի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել գրանցված թիմերին ու ծանոթացնել ռադիոյի աշխատանքներին: Այսօր Զարթուցիչի հյուրասրահում են՝ Եղեգնաձորի վարժարանի աշակերտներ Աննա Խալաթյանը, Սուսաննա Կարապետյանը և Անուշիկ Հարությունյանը։





