ՀայԹեք

Ի՞նչ արդյունքներ գրանցեց Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ օլիմպիադան

 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն այս տարի ընդլայնում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ այն հասանելի դարձնելով բոլոր հետաքրքրված հանրակրթական դպրոցներին։ Միջոցառման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանությանը, նրանց համար բացահայտել ծրագրավորման հիմնական հասկացությունները, օգնել գրելու տարբեր խնդիրների լուծումներ՝ կոդի տեսքով։ Այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:
Միջոցառմանն արդեն իսկ միացել է երեւանյան 3 դպրոց։  Դեկտեմբերի 14-15-ը նրանք կմասնակցեն այս միջազգային միջոցառմանը։ «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ ցանկանում են բացահայտել  ծրագրավորման գաղտնիքները։

Իսկ ահա միկրոէլեկտրոնիկայի 14-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Այս տարի մրցույթին մասնակցել է 34 մասնակից 18 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Օլիմպիադայի հաղթողներն արժանացել են մրցանակների:

Առաջին մրցանակակիր է դարձել Տոմա Գավրիշը՝ Սերբիայից: Երկրորդ տեղն զբաղեցրել է Մուհամեդ Աբդելնաբի Ալլի Մահմուդ Զահերը` Եգիպտոսից: Երրորդ մրցանակին արժանացել է Գլորիա Սեպանտան` Իրանից:

2006 թ.-ին մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ խրախուսում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացումը՝ Հայաստանում եւ մասնակից երկրներում: Երիտասարդ մասնագետների շրջանում օլիմպիադան մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: Այն նաեւ օգնում է բացահայտել երիտասարդ մասնագետների՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 518 երիտասարդ, 22 երկրից՝ Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Առաջին փուլի 518 մասնակցից  96-ը ներկայացրել է Հայաստանը:


Ցուցադրել ավելի
Back to top button