Հայկական էսքիզներ

Զրույց աստղերից ծնված տեղանունների մասին

Աստղազարդ երկնքից ավելի սիրուն տեսարան, երևի չկա: Ծաղկե գորգ դա՞շտը…իհարկե սիրուն է, աշնան գույներով ներկված անտա՞ռը՝ հրաշք է, ալիքների վազքը ծովի վրա՞՝ կարող ենք անվերջ նայել ու նայել, բայց աստղերով զարդարված երկնքի հմայքն ուրիշ է: Ու չնայած ֆիզիկայի դասագիրքը վաղուց արդեն պատմել է, թե ի՛նչ են աստղերը, գիշերը, երբ դուրս ես գալիս պատշգամբ ու նայում վերև, աստղերը, մեկ է, շարունակում են մնալ նույն խորհրդավոր, անհասանելի, չքնաղ հրաշքները, ինչպիսին էին այն ժամանակ, երբ դեռ մենք շատ փոքր էինք ու հարցնում էինք հայրիկներին. «Պա՛պ, իսկ ո՞վ շարեց աստղերը վերևում»:

Հազարամյակներ առաջ ապրած մեր նախնիների համար էլ աստղերը ոչ միայն անհասանելի ու խորհրդավոր էին, այլև՝ հիացմունքի աղբյուր. այնքա՛ն չքնաղ, որ իրենց դիցարանի ամենասիրուն աստվածուհուն հենց Աստղիկ անվանեցին, իսկ երկրի վրա լեգենդներ հյուսեցին աստղերի ու Աստղիկի մասին և դրանք հավերժացրին տեղանուններում:
«Հայկական էսքիզներ» շարքի այս զրույցը աստղերից ծնված հայկական տեղանունների մասին է`Աստղոնք, Աստղաձոր, Աստղաշեն:
Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում՝ Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական հատվածում է գտնվում Աստղոնք լեռը: Այն 3470մ բարձրություն ունի: Լեռը Աստղիկ դիցուհուն նվիրված պաշտամունքային վայր է եղել, ինչի մասին են վկայում լանջերին գտնվող կառույցների մնացորդները։

Լեռան լանջերին լճակների մի խումբ կա, որը հայտնի է 7 լճեր անունով: Աստղոնքից է սկիզբ առնում Աստղաձոր գետը, որի ներքին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից 2030 մ բարձրության վրա ապրում է Աստղաձոր գյուղը: Գյուղի տարածքում հայտնաբերված մ.թ.ա. 9-ից 8-րդ դարերով թվագրվող դամբարանները վկայում են Աստղաձորի՝ հնագույն բնակավայր լինելու մասին:

Եթե կարողանաք հաղթահարել վերելքի դժվարությունն ու հասնել Աստղոնքի գագաթին, լեռը ձեզ հոյակապ մի պատկեր կնվիրի, որը կմնա ձեր հիշողության մեջ ընդմիշտ: Այստեղից՝ 3470 մ բարձրությունից, նույն ակնթարթում կարող եք տեսնել Արարատը, Արմաղանը, Վայոց սարը, Ամուլսարը, Սանդուխտասարը, Աժդահակը, Վարդենիս լեռը,Գեղամա, Արեգունու, Սևանի, Զանգեզուրի լեռնաշղթաները: Հայոց հսկաների շուրջպարն է, դուք էլ՝ դրա հանդիսատեսը: Զորավոր, անմոռանալի տեսարան է…

Արցախի Ասկերանի շրջանում է գտնվում Աստղաշեն գյուղը, որտեղ հնուց ի վեր հորդառատ անձրևներից հետո մարդիկ աստղեր են գտնում: Դե, լավ, չասեմ՝ աստղեր, ասեմ՝ աստղաքարեր: Դրանք փոքրիկ հնգաթև, իսկապես աստղակերպ քարեր են և հատկապես անձրևից հետո են ավելի շատ հայտնվում գյուղի ժայռահարթակում՝ նստվածքային ապարների մերկացումներում: Աստղաշեն գյուղն իր անունն այս փոքրիկ հրաշքների շնորհիվ է ստացել:

Այսօր արդեն հայտնի է աստղաքարերի և՛ ծագումը, և՛ այն, թե ինչու՞ են հատկապես անձրևից հետո դրանք ավելի շատ հայտնվում գետնին, բայց դա չի խանգարում, որ այսօր էլ աստղաքարերի ծագման ժողովրդական զրույց-տարբերակներն ապրեն. օրինակ, այն մասին, որ երբ ուժեղ անձրև է գալիս, լվանում, սրբում է երկնքի աստղերն ու բերում ցած, կամ մեկ ուրիշն այն մասին, որ սրանք աստղերից թափված քարեր են, ուրիշ մեկն էլ կա՝ անձրևից հետո քարերն են աստղեր դառնում:

Այս բացատրությունները, իհարկե, սիրուն են, բայց աստղաքարերի ծագման իրական պատմությունն ավելի հետաքրքիր է:
Իրականում Աստղաշենի աստղերը ծովային շուշանների քարացած հատվածներ են, որոնց երկրաբանական տարիքը 161-175 միլիոն տարի է, և որոնք առաջացել են այն ժամանակներում, երբ այստեղ՝ այս լեռների տեղում ծփացել է օվկիանոսը. անտառապատ լեռներին նայելիս դժվար է պատկերացնել դա, բայց այդպես են ասում մասնագետները:
Ծովաշուշանները ոչ թե բույսեր են, այլ՝ կենդանիներ, որոնք արտաքին տեսքով հիշեցնում են շուշան ծաղիկը: Դրանք սկզբում բավականին խոշոր են եղել, սակայն երբ օվկիանոսն սկսել է ցամաքել, ստիպված են եղել հարմարվել ջրի փոքր ծավալներին ու փոքրացել են։ Հետագայում, ցամաքի բարձրացմանը զուգահեռ, որոշակի պայմանների հետևանքով, ծովաշուշանները զանգվածաբար հայտնվել են նստվածքային շերտի տակ՝ համարյա հերմետիկ պայմաններում, ինչի շնորհիվ էլ լավ պահպանվել են: Անձրևի ժամանակ նստվածքային շերտը կամ լուծվում է, կամ անձրևաջրի հոսքի հետ բացվում, և հայտնվում են միլիոնավոր տարիներ առաջվա այս տարածքի բնակիչները:


Աստղակերպ քարացուկներից բացի Աստղաշենում ծովային այլ կենդանիների քարացած գտածոներ էլ են հայտնաբերվել՝ նումուլիտներ` հին միաբջիջ օրգանիզմներ, կլոր քարացուկներ, որոնք տեսքով ծովային ոզնիների են նման, և պարզ է, որ գիտնականների համար այս տարածքը հետազոտությունների ուշագրավ դաշտ է: Բայց Աստղաշեն եկած ամեն մի հյուր երազում է այստեղ հենց աստղաքարեր գտնել՝ երկնքից թափվող աստղերի մասին լեգենդն ընդմիշտ իր հետ ունենալու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button