Հայկական էսքիզներ

Ինչի՞ մասին են պատմում գորգերը․ Հայկական էսքիզներ

Շարունակում ենք զրույցը հայկական գորգերի մասին. այսօր՝ փոքրիկ անդրադարձ դրանց զարդանախշերին՝ պատկերների, խորհրդանիշերի այն համակարգին, ինչն անկրկնելի է դարձնում հայկական գորգը:

Այդ համակարգը ձևավորվել է վաղնջական ժամանակներից սկսած՝ դարերի ընթացքում: Իհարկե, առավել հավանական է, որ առաջին գորգերը կացարանները ջերմացնելու, ցրտից պաշտպանվելու պարզ կենցաղային խնդիրներն էին լուծում, բայց դրանք շատ շուտով նաև ծիսապաշտամունքային նշանակություն են ստանում, դառնում մեր հեռավոր նախնիների հնագույն հավատալիքների, տիեզերքի ու աշխարհի մասին պատկերացումների յուրահատուկ արտահայտություն, գունեղ, թելահյուս պատմություններ, որոնք նույնքան կարևոր են մեր ինքնության պահպանման համար, որքան հրաշքով պահպանված առասպելներն ու սերնդեսերունդ փոխանցված էպոսը:

Հայկական գորգերի ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը, և հենց դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում:

Պատահական չէ, որ հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ: Իսկ գորգերին վերագրվել է նաև մոգական զորություն, հիվանդություններ բուժելու հատկություն, տան բարիքի պահապանի դեր:

Հայկական գորգերն ըստ զարդանախշերի դասակարգող մասնագետները հիմնականում առանձնացնում են գորգերի բուսածաղկային, խաչազարդային, շեղանկյունազարդ, աստղազարդ, խորանավոր և այլ հորինվածքներով խմբերը, բայց հայկական գորգերի ամենատարածված և ամենահայտնի տեսակը վիաշապագորգն է: Այս խմբում ընդգրկվածների գեղազարդման համակարգում առանցքայինը առասպելական վիշապի ոճավորված ու երկրաչափականացված պատկերն է։ Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մ․թ․ա․ III-II հազարամյակներից, երբ մարդիկ հավատում էին առասպելական վիշապների գոյությանը, դրանց չար կամ բարի զորություն էին վերագրում, երբ հավատում էին, որ չար վիապների դեմ կռվող աստված կա՝ Վահագնը, և որ կան տիեզերական Կենաց ծառի պահապան բարի վիշապներ: Դասական վիշապագորգի կենտրոնում, որպես կանոն, հենց կենաց ծառն է կամ դրա խորհրդանիշը՝ հաճախ խաչանախշի ձևով: Եթե գորգագործը որպես բարի ուժ էր ընկալում վիշապին, ապա վիշապների երկրաչափական պատկերները պահպանում էին Կենաց ծառը, իսկ եթե գորգը հյուսողի ընկալման մեջ վիշապը չար էր, ապա վիշապները կամ դրանց երկրաչափական պատկերները կենտրոնից դեպի գորգի եզրերն էին հեռանում: Հյուսվածքների սյուժեները տարբեր են, արդյունքը՝ նույնը. հայկական գորգերի մի ամբողջ ենթատեսակ, որը կրում է հենց վիշապագորգ անունը:

Դարերի ընթացքում փոխվել են պատկերացումները թե՛ տիեզերքի կառուցվածքի, թե՛ երկնային զորությունների մասին, բայց գորգի այս տեսակի՝ վիշապագորգերի նախշերը մնացել են կայուն, անփոփոխ: Գորգագործ կանանց ու աղջիկների շնորհիվ դրանք այսօր էլ հնագույն ժամանակներում ապրած մեր նախնիների հավատալիքների փոխանցողներն են: Այս առումով գորգագործներին կարելի է համեմատել հնագույն մագաղաթները կրկնօրինակող անանուն գրիչների հետ, որոնք անխոնջ աշխատանքով սերունդներին էին փոխանցում հայոց ձեռագրերը:

Եվ ինչպես հայոց ձեռագիր մատյանները, գորգերն էլ բարդ ու հաճախ ողբերգական ճակատագիր են ունեցել ոչնչացվելուց, գերեվարվելուց, աստանդական դառնալուց սկսած՝ մինչև օտարների կողմից յուրացում, բայց նաև հրաշքով փրկություն:

Բարդ ճակատագրի տեր գորգերից ամենահայտնին «Գոհար» անունով չափերով ոչ շատ մեծ վիշապագորգն է: Այն Արցախում հյուսված և պահպանված գորգերից ամենահինն է: Ստեղծվել է 1699 թվականին և նվիրվել է եկեղեցուն: Տասնիններորդ դարի սկզբում առևանգվել է, Բաթումում վաճառվել անգլիացիներին: Ցուցադրվել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, 1977թվականին վաճառվել է, հասել Հարավային Աֆրիկա, ապա հայտնվել ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուներից մեկում: Հազարավոր հայկական այլ գորգերի նման այս մեկն էլ կարող էր համարվել պարզապես կովկասյան կամ թուրքական, եթե այն գործողը գորգի զարդանախշերի մեջ չթողներ հայատառ փոքրիկ հիշատակություն, որը ընթերցվեց միայն1908թվականին. «Ես՝ Գոհարս, մեղոք լի, հոգովս տկար, նորհաս ձեռամբ իմով գործեցի. ով կարդա, մեկ բերան ողորմի զիս»: Հենց գորգագործուհու անունով էլ ոչ միայն այս, այլև նմանատիպ վիշապագորգերի այս տեսակը կոչվում է «Գոհար» կամ «Գուհար»:

Հայոց տառերը փրկեցին այս մի նմուշը: Բայց որքա՜ն այդպիսի գորգեր, որպես թուրքական ու ադրբեջանական, ներկայացված են աշխարհի տարբեր թանգարաններում:

Ի դեպ, հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր: Գորգի և կարպետի տարբերությունը թելախավի մեջ է. գորգերը թելախավ ունեն, իսկ կարպետները՝ ոչ: Կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով: Միջին հայերենում բառը ենթարկվել է հնչյունափոխության և անցել այլ եվրոպական լեզուների: Այդ թվում և անգլերենին՝ carpet:

Ցուցադրել ավելի
Back to top button