Հայկական էսքիզներ

«Սունիայից» մինչև Սևան

Ամառվա առաջին շոգն ընկնում է, թե չէ, բոլորս, ասես միանգամից, հիշում ենք մեր հայրենիքի անգին գանձը՝ Սևանա լիճը․ չգնա՞նք Սևան։ Եվ չնայած Սևանա լիճը չքնաղ է տարվա բոլոր եղանակներին, նրա ամառային հանդերձանքն ու արևի հետ խաղն աննկարագրելի են, իսկ ամառային անցուդարձը՝ ամենաաշխույժը։ Դե, ես էլ եմ առաջարկում՝ չուղևորվե՞նք դեպի Սևանա լիճ։

«Հայկական էսքիզների» այսօրվա զրույցը Սևանա լճի մասին է։

Թվում է՝ Սևանի մասին ամեն ինչ գիտենք ․ դպրոցական ցածր տարիքից արդեն սովորում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ,  իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է, որ 28 գետ ու գետակ է լցվում  նրա մեջ, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդանը, որ քաղցրահամ ջուր ունի, գիտենք, որ հնում  մեր նախնիներն այն Գեղամա ծովակ են անվանել, որ Սևանը հայտնի ձկնատեսակներ ունի՝ իշխան, կարմրախայտ, բախտակ, սիգ, որ լիճն իր շրջակայքով մեկ սփռված բնակավայրերի համար կյանքի ու գոյության աղբյուր է․․․Այո, շատ բան գիտենք, բայց անգամ այս թվարկման յուրաքանչյուր կետի համար, վստահ եղեք, որ շատ բան կա ավելացնելու․․․

Սկսենք անվանումից։ Լճի «Սևան» անվան ծագման մասին ամենահայտնի պատմությունը մեզ փոխանցում է ժողովրդական զրույցը։

Ըստ դրա՝ 1800-ական թվականներին Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերի մի խումբ հասնում  է Սևանա լճի ափերին։ Այստեղ որոշում են մի փոքր դադար առնել, աղջիկներին էլ ուղարկում են ջուր բերելու։ Աղջիկները վերադառնում են դույլերի մեջ թպրտացող իշխաններով։ Հենց այստեղ էլ մարդիկ որոշում են հիմնել իրենց բնակավայրը։ Եվ քանի որ լիճն էլ նմանեցնում են Վանա լճին, այն սկսում են Վան անվանել։ Բայց երբ ձմռանը լիճը սառչում է, և ձուկ բռնելը դառնում է անհնար, կլիման էլ շատ խիստ է թվում, մարդիկ ասում են՝ Սև Վան եկավ մեր գլխին:

Այսպես է ասում ավանդազրույցը, բայց գիտնականները վստահ են, որ «Սևան» անունը հնագույն ժամանակներից է մեզ հասել։

Լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Արձանագրության մեջ կա «սունիա» բառը, որը, ինչպես ենթադրում են մասնագետները, ուրարտերեն հենց «լիճ» էլ նշանակում է։ Դարերն անցել են «սունիայի» վրայով, այն հղկել, դարձրել Սևան։

Անշուշտ չքնաղ է Սևանը՝ Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Սևանի լեռնաշղթաներով շրջապատված, 1900 մ բարձրությունից աշխարհին ժպտացող կապուտաչյա գեղեցկուհին։ Բայց նրան մեծ արժեք է տալիս ոչ միայն իր գեղեցկությունը, այլև ջրի տեսակը․ Սևանա լիճը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

 Եթե նկատի ունենանք այն, թե որքան նվազ են երկրագնդի քաղցրահամ ջրի պաշարները, ուրեմն պարզապես ավելորդ է խոսել Սևանի՝ մեզ համար ունեցած  տնտեսական նշանակության մասին։ Իսկ գուցե ավելորդ չէ՞, եթե հաշվի առնենք, թե որքան անխնա ու անփույթ ենք վերաբերվում մեր գանձին։ Սևանա լճի մասին առաջին ահազանգողբերից մեկը Ավ․ Իսահակյանն է եղել։ Երբ սկսվեց Սևանից ջրի անխնա օգտագործման փուլը, Իսահակյանն առաջիններից էր, որ արձագանքեց դրան։

«Արհավիրքներից կործանված, ջախջախված հայրենիքը կարելի է վերակենդանացնել, կյանքի կոչել ավերված, քանդված բերդերն ու տաճարները, այրված, ոչնչացված հոգևոր մշակույթը վերածնել, նոր շունչ ու ոգի տալ նրան: Նույնիսկ Զվարթնոցը և Գառնիի տաճարը կարելի է վերականգնել, իհարկե, մեծ դժվարություններով և մեծ ծախսերով, բայց կարելի է: Մինչդեռ բաներ կան, որ ոչ մի գնով, ոչ մի ջանքով, նույնիսկ կյանքի գնով չի վերականգնվի, չի շտկվի: Աստված հայերիս նկատմամբ առհասարակ ժլատ է եղել և այս դեպքում մեր մայր հողին պարգևել է մի հրաշք, երկնքից պոկել է մի մարգարիտ և տեղադրել Գեղամա լեռներում 2000 մետր բարձրության վրա: Հազարամյակներ է ապրել Սևանն իր հրաշք իշխանով, իր հեքիաթային կղզիով, իր հին աստվածներով և հին վանքերով: Այդ հրաշքները հարատևել են մինչև մեր օրերը, և դուք ուզում եք այս հավերժությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ոչնչացնել, օձերի և կարիճների բնի վերածել. դա հրեշավոր անմտություն է, սրբապղծություն, կա՛նգ առեք… Սևանը Հայաստանի աչքն է»:

Հայաստանի աչք, անգին մարգարիտ, կապուտաչյա գեղեցկուհի․․․սա մեր Սևանն է, որի մասին այնքան բան կա պատմելու, բայց դա՝ «Հայկական էսքիզների» հաջորդ զրույցում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button