Հայկական էսքիզներ

Գետնափոր կրակը՝ թոնիր

Երբևէ եղե՞լ է, որ ականջ դնեք տատիկների ու պապիկների զրույցին։ Հետաքրքիր զբաղմունք է, եթե, իհարկե, իրենք՝ զրուցողները, թաքուն բան չունեն իրար ասելու և չեն պահանջում, որ հեռանաք։ Այդպես էլ է, չէ՞, լինում։ Խոսքս այնպիսի զրույցի մասին է, երբ զգում ես, որ տատիկդ կամ պապիկդ շատ հարմար զրուցընկեր են գտել՝ իրենց սերնդակցին, մանկության ու ջահելության նույն հիշողությունները ժամանակների միջով այսօրվան հասցրած մեկին։ Ու սկսվում է ․․․հիշու՞մ ես․․․հիշու՞մ ես․․․հիշու՞մ ես․․․
Այդպիսի զրույցներից մեկն էլ ինձ հուշեց ա՛յս զրույցի թեման։

Մեր տուն էր եկել պապիկիս ընկերներից մեկը՝ արմատներով ալաշկերտցի Գևորգ պապը։ Հիշողություններ՝ մեկը մյուսի հետևից, ու դրանց շարքում մեկ էլ լսում եմ, չգիտեմ՝ ում մասին, Գևորգ պապն ասում է պապիկիս․
–Իդոնց գյուղում 42 ծուխ կար։
–Չէ՜ հա՜,–զարմանում է պապիկս,–լավ էլ գյուղ է եղել, մեծ։
Այստեղ է, որ չդիմացա ու միջամտեցի երկու ընկերոջ զրույցին․
–Այսի՞նքն, պա՛պ, 42 ծուխը ո՞րն է, որ դրանով էլ որոշես՝ մե՞ծ, թե՞ փոքր է եղել գյուղը։
–Այսինքն՝ 42 տուն, ի՛մ աղջիկ,–ասաց պապիկս,–այսինքն՝ 42 տուն թոնիր ուներ ու 42 տան երդիկից ծուխ էր դուրս գալիս։ Գյուղի ընտանիքների թիվն էլ էդպես էր որոշվում՝ թոնրից ելնող ծխով։
–Է՛, բա ընտանիք չկա՞ր, որի տանը թոնիր չլիներ։
–Էդ ի՞նչ կըսես, ամենեն աղքատ տունն էլ է՝ թոնիր ուներ, առանց թոնիր տու՞ն կեղներ,–իմ անգիտությունից զարմացավ Գևորգ պապը։
–Է՛, Գևո՛, էս երեխեն ի՞նչ գիտի՝ ի՛նչը ո՛նց էր։
Ու ես որոշեցի իմանալ՝ ի՛նչը ո՛նց էր։

Գետնափոր կրակի հանդեպ սրբազան վերաբերմունքի ակունքն անհիշելի ժամանակներում է, երբ մարդն իր կենցաղում սկսեց օգտագործել կրակը, որը նրան պահպանում էր ցրտից և օգնում էր բազմազան դարձնելու սնունդը։ Ու պատահական չէ, որ մեր նախնիները կրակին տեղ տվեցին իրենց տներում։ Այդպես առաջացավ տանը միշտ կրակ ունենալու անհրաժեշտությունը, և գետնափոր թոնրի կրակն ու ծուխն էլ դարձան օջախի ամրության ու ընտանիքի սրբազան խորհրդանիշները։
Այդ վերաբերմունքը թոնրի հանդեպ անսասան մնաց նաև քրիստոնեության ընդունումից հետո՝ նույն բանաձևով․ թոնիրը սուրբ վայր է, այն պետք է միշտ մաքուր պահել, թոնրի շուրջ չի կարելի վատ բառեր ասել, թոնիրն ընտանիքի խորհրդանիշ է։ Այս վերջին կետը գրավոր ու բանավոր արձանագրում ստացավ նաև եկեղեցական-համայնքային կյանքում, ուր ընտանիքն անվանեցին «ծուխ», իսկ համայնքի անդամներին՝ ծխականներ։ Եկեղեցիներում էլ կային ծխական մատյաններ համայնքում ծնունդներն ու մահերն արձանագրելու համար։
Եվ «տանդ ծուխը մարի» արտահայտությունն էլ ամենասարսափելի անեծքն էր, որ կարելի էր հնչեցնել բերանից։
Ի դեպ, թոնրի հետ կապված շատ թևավոր արտահայտություններ կան, օրինակ՝ «թոնիրն ածես՝ շորահոտ չի գա»․ սա շատ աղքատ լինելու բնութագիր է, «թոնիրը լագլագի բույն է դառել»․ այսինքն՝ թոնիրը սառել է, իսկ «թոնիրը տաք լինել» նշանակում է շեն տուն ունենալ, բարեկեցիկ ապրել։

Թոնիրը ոչ միայն տան՝ ֆիզիկական առումով ջերմության պահապանն էր, այլև՝ հոգևոր առումով։ Երբ հաց թխելու արարողությունն ավարտվում էր, իսկ թոնրի մեջ դեռ պահպանվում էր կրակի ջերմությունը, տան անդամները հավաքվում, նստում էին թոնրի շուրջ, ոտքերը կախում թոնրի մեջ, որը ժողովրդական լեզվով կոչվում է «քուրսի նստել»։ Ու սկսվում էր զրույցը ամեն ինչի մասին, իսկ հեքիաթների գիտակ պապիկներն ու տատիկներն սկսում էին հեքիաթներ պատմել մեծ ու փոքրին։
Հաճախ հարևաններն էլ էին միանում այս հավաքույթին, ասում–խոսում–ծիծաղում էին, ու ստացվում էր, որ թոնիրը նաև մարդկային հոգիների ջերմությունն էր վառ պահում, միմյանց հոգսով և ուրախությամբ ապրելուն նպաստում։
Թոնիրն այնքան սուրբ վայր էր համարվում, որ այն բնակավայրերում, որտեղ եկեղեցի չկար, և պսակ կատարելու արարողություն էր լինում, զույգերը պսակադրվում էին թոնրի շուրջ, նաև մկրտության արարողությունն էր թոնրի շուրջ արվում։

Հայոց բնաշխարհն էլ իր թոնիրն ունի՝ Թոնդրակ լեռը, որի անունով ու նմանությամբ է թոնիրն ստացել իր անվանումը։
Թոնդրակ, Թոնդուրակ, Թոնդուրեք․․․Սա շրջանաձև հիմքով, կոնաձև գործող հրաբուխ է, որը գտնվում է պատմական Հայաստանի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում։ Հայկական լեռնաշխարհում միակ գործող հրաբուխն է․ մինչև հիմա էլ չեն խաղաղվել դրա ընդերքում գործող ուժերը, և լանջերից ու խառնարանից դուրս են գալիս գազեր ու տաք ջրեր:
Ավանդազրույցն ասում է, որ հնում, երբ հայոց ռազմի աստված Վահագնը հայոց հսկաներին ռազմի արվեստ էր սովորեցնում, վարժանքից հետո, երեկոյան աստղալույսի տակ, հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջ, զրուցում էին, Թոնդրակ լեռան մեջ լավաշ-հաց թխում:
Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակ է վերցնում, տալիս հսկաներին և պատվիրում, որ բաժանեն մարդկանց, թունդիր–թոնիր շինեն և կրակ վառեն ու հաց թխեն։ Կանանց էլ հանձնարարում է, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրանում է երկինք և մինչև օրս էլ երկնքից հսկում է, որ հայոց տներում թոնրի կրակը չհանգչի»:

Ցուցադրել ավելի
Back to top button