Հայկական էսքիզներ

«Աշխատեցինք՝ ոչինչ չստանալով». Գառնիի արքունի բաղնիքի խճանկարը

Երբ առաջին անգամ Հայաստան եկած հյուրերին ուզում ենք ծանոթացնել մեր հայրենիքի տեսարժան վայրերին, առաջարկում ենք՝ անպայման պետք է տեսնել Գառնին ու Գեղարդը, Գառնի ասելով, ի դեպ, առաջին հերթին նկատի ունենալով Միհրի տաճարը, մինչդեռ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը համալիր է, որի կազմում պատմության ու մշակույթի այլ ուշագրավ արժեքներ էլ են ընդգրկված:
Իրականում Գառնու հեթանոսական տաճարն ու Գեղարդի ժայռափոր վանքը իրար հետ ժամանակագրական կապ չունեցող, իսկ հոգևոր տեսանկյունից՝ նույնիսկ հակոտնյա կառույցներ են. Գեղարդի վանական համալիրը ժայռի պես ամուր մեր քրիստոնեական հավատի վկան է, իսկ Գառնու տաճարը՝ մեր հեռավոր նախնիների հեթանոսական հավատի միակ կանգուն վկան: Նրանց ընդհանրությունը միմյանց մոտ տեղակայված լինելն է և այն, որ երկուսն էլ հայոց պատմության ու մշակույթի անգին գանձերից են:
Ի դեպ, հնարավոր է, որ երբ ընտրեք այս հայտնի՝ Գառնի-Գեղարդ ուղղությունը, մի պահ ձեզ հեքիաթի հերոս զգաք, որը հայտնվում է ճամփաբաժանում և պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհն ընտրի. բանն այն է, որ հասնելու եք մի ցուցանակի, որի ձախ թևն ասում է՝ այսպես գնաս, կհասնես Գեղարդ, աջ թևն առաջարկում է՝ Գառնի գնա: Եվ քանի որ Գեղարդի վանական համալիրի մասին արդեն պատմել ենք, ընտրում ենք երկրորդը: Եվ այսպես, ուղղությունը՝ Գառնի:


«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, եռանկյունաձև հրվանդանի վրա շրջապատված խոր ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն և ներառում է պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ՝ ամրոց, հեթանոսական տաճար, խճանկար հատակով բաղնիք, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու և կից մատուռի ավերակներ, սեպագիր արձանագրություն, հիմնադրման վիմագիր, խաչքարեր: Թվարկվածները տարբեր դարաշրջանների նմուշներ են: Օրինակ, 1954 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված քարաբեկորը՝ սեպագիր արձանագրությամբ, ուրարտական շրջանից է մեզ հասել և թվագրվում է Ք. ա. 8-րդ դարով: Այն Արգիշտի Ա թագավորին է վերագրվում և տեղեկացնում է արքայի՝ Գառնիի տարածքը գրավելու ու բնակչությանը գերեվարելու մասին։


Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-II դարերում:
Բրոնզի դարի հուշարձան է վիշապաքարը, վաղ քրիստոնեական շրջանից մինչև միջնադար են թվագրվում խաչքարերը, տաճարին կից պահպանվել են 659 թ. կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները… Մի խոսքով՝ այստեղ, այս տարածքում, կողք կողքի ապրում են տարբեր դարաշրջաններ, և թվարկված յուրաքանչյուր նմուշի մասին կարելի է մի առանձին զրույց պատրաստել, բայց իհարկե համալիրի ամենաչքնաղ կառույցը Գառնիի հեթանոսական տաճարն է, որը նվիրված է եղել Միհրին՝ արևի աստծուն:
Տաճարի մասին կլինի «Հայկական էսքիզների» հաջորդ զրույցը, իսկ այսօր անդրադառնանք Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մեկ այլ արժեքավոր կառույցի՝ արքայական բաղնիքին:


Արքունի բաղնիքը, որը կառուցվել է 3-րդ դա րում, զբաղեցնում է ամրոցի տարածքի հյուսիսային մասը: Այն բաղկացած է միաշար դասավորված հինգ սենյակից: Առաջին սենյակը նախասրահ-հանդերձարանն է, որին արևելյան կողմից հաջորդում են սառը ջրի լողասենյակը, գոլ բաժանմունքը, տաք ջրի լողասենյակը և շոգեսենյակը: Բաղնիքի ամենաուշագրավ մանրամասնը նախասրահի հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ օրինակն է: Առասպելական-դիցաբանական բովանդակությամբ խճանկարը կազմված է 15 տարբեր երանգների բնական քարերից։ Պատկերված է ծով, ուր տարբեր աստվածություններ ու ջրահարսներ կան, կան ձկնորս ու ձկներ, ծովային աստվածների անուններ: Խճանկարի կենտրոնում տղամարդ ու կին են պատկերված, իսկ վերևում գրված է. «Չստացանք անգամ սատկած ձուկ ոչ ծովից, ոչ օվկիանոսից», ինչն առավել ազատ թարգմանությամբ նշանակում է. «Աշխատեցինք` ոչինչ չստանալով»:

Ցուցադրել ավելի
Back to top button