Հայկական էսքիզներ

Դպրության առաջին վայրն Արցախում՝ Ամարաս վանական համալիր

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է գտնվում Ամարաս վանական համալիրը, որի գլխավոր կառույցը սուրբ Գրիգորիս եկեղեցին է:
Եթե չեք տեսել Ամարասը ու շատ բան չգիտեք նրա մասին, կա մի բան, որ գիտեք հաստատ. երբ գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի աջակցությամբ դպրոցներ էր բացում Հայաստանի տարբեր վայրերում, եկել է նաև Ամարաս և Արցախում առաջին դպրոցը հենց այստեղ բացել ու ինքն էլ որոշ ժամանակ սովորեցրել դպրոցում:

Իհարկե պատահական չէր Մաշտոցի ընտրությունը. Հայաստանում քրիստոնեության ընդունումից շատ չանցած արդեն՝ մեծ սրբության կնիքն ուներ Ամարասը. հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչն էր այստեղ՝ Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել եկեղեցին ու հետևել դրա կառուցմանը:
Ըստ ավանդության, եկեղեցու շինարարությանը հետևելիս, Լուսավորիչն ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բարձունքը՝առավոտյան աղոթքի: Այդ օրերից է բարձունքն ստացել անունը՝ Լուսավորչի սար:
Կառուցումից հետո կարճ ժամանակ անց Ամարասը դարձել է սրբատեղի նաև այն պատճառով, որ այստեղ են ամփոփվել Հայ առաքելական եկեղեցու առաջին նահատակներից մեկի՝ Վիրքի և Աղվանքի կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մասունքները:

Սուրբ Գրիգորիսը Լուսավորչի թոռն էր, ում պապը եպիսկոպոս էր ձեռնադրել դեռ պատանի հասակում և ուղարկել Հյուսիսային Կովկաս՝ Մազքութաց երկիրը, որ քրիստոնեություն քարոզի: Մազքութները դաժանաբար սպանել են Գրիգորիսին: Դա 338 թվականին էր: Սուրբ Գրիգորիսի հետևորդները հավաքել են նրա մասունքները, բերել Ամարաս և այստեղ թաղել:
489 թվականին Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտել է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցել՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցական համալիրի կառուցման աշխատանքները։ Ահա այսպես է Ամարասի վանքը դարձել երկրամասի խոշոր հոգևոր, մշակութային, կրթական կենտրոն և եպիսկոպոսանիստ։

Իր դարավոր պատմության ընթացքում Ամարասը շատ արհավիրքներ է տեսել:
Թե՛ արաբական, թե՛ մոնղոլական արշավանքները չեն շրջանցել վանքը:
821 թվականին այն ասպատակել են արաբները, իսկ ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բաթու խանը կողոպտել է վանքը՝ որպես ավար տիրանալով Սբ. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ խաչին։ Ամարասն ավերվել է նաև Լենկ Թեմուրի գլխավորած հարձակումների ժամանակ՝ 1387թվականին:

Ավանդազրույցը պատմում է, որ այս հարձակման ժամանակ վանք լցված մարդիկ գետնափոր ուղիով կարողացել են փրկվել՝ Երասխ գետին հասնելով: Վանք մտած Լենկ-Թեմուրը, դատարկ գտնելով վանքը, զորքին հրամայել է քանդել այն ու քարերը թափել գետը: Նրա հրամանը կատարելու համար զինվորները կանգնել են շարքով և, ավերված վանքի քարերն իրար փոխանցելով, դրանք հասցրել գետը: Որոշ ժամանակ անց հայերը նույն կերպ հետ են բերել քարերը և կանգնեցրել եկեղեցին: Քարերի մի մասը չի հաջողվել բերել, գետի մոտ այդ քարերով հետագայում կամուրջ է կառուցվել:

Քանի որ Ամարասի վանքը նաև պարսպապատված է եղել, բնակելի և տնտեսական շինություններ ունեցել, հետագա դարերում օտար զավթիչների դեմ պայքարի ժամանակ որպես ամրոց է ծառայել մեր նախնիների համար:
19-րդ դարում, ռուսական տիրապետության ժամանակաշրջանում, ռուսական կառավարությունը Ամարասի վանքը ծառայեցրել է որպես քարավանատուն և ռուս-պարսկական մաքսատուն:
Եվ միայն 1848 թվականին վանքը կրկին հանձնվել է հայ առաքելական եկեղեցուն: Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Սուրբ Գրիգորիսի նոր տապանաքարը։

Արցախյան ազատամարտի տարիներին էլ թշնամին իր թույնը թափեց Ամարասի վրա. 1991թվականին ադրբեջանցի հրոսակներն անգամ Սուրբ Գրիգորիսի դամբարանը քանդեցին: Բայց ազատագրվեց Ամարասը, վերակառուցվեց և այսօր Արցախ այցելող ամեն հյուր գալիս է հիանալու նրանով՝ իր հնամյա տանը կանգնած ճերմակ Ամարասով:

Ցուցադրել ավելի
Back to top button