Հայկական էսքիզներ

Հանգիստ և իմաստուն ընկերը՝ հայկական գամփռ

Հայկական բնաշխարհն ասես մեծ ու գունեղ մի գորգ լինի, այնպիսին, ինչպիսին գործել է Խորասան խորհրդավոր անունով իմ նախատատիկը, ում ես չեմ տեսել, բայց ում լուսավոր կերպարն ինձ ժպտում է մեր տանը պահվող գորգի նախշերից։ Հիշում եմ, երբ շատ փոքր էի, իմ տարբեր խաղերի մեջ կար մեկը, որը հենց գորգի հետ էր կապված․ իբրև թե՝ գորգն անտառ էր, զարդանախշերը՝ արահետներ, իսկ ես՝ անտառում մոլորված հեքիաթի հերոսուհի։ Չէ, չէի ընկճվում այն մտքից, որ մոլորվել եմ․ մատս վստահ դնում էի նախշերից մեկի սկզբի վրա ու ճանապարհ ընկնում։ Նախշը գնում էր, ոլորվում, պտույտ տալիս, անսպասելի թռիչք գործում, դառնում ծաղկառատ բացատ․․․ես՝ նրա հետևից։ Հետո եղնիկ էր հայտնվում իմ կողքին, հետո՝ անհասկանալի մի հրեշ, բայց մեկ է, ես ճանապարհը գտնում էի։

Խաղը վաղուց չեմ խաղում, բայց գորգն իմ սենյակում է, և դրա նախշերն ինձ նույնքան խորհրդավոր են թվում․ պարզապես գորգն արդեն ոչ թե անտառի եմ նմանեցնում, այլ՝ հենց հայոց բնաշխարհին։ Գորգի ո՞ր նախշի մասին պատմեմ այսօր՝ լեռների՞, ծաղիկների՞, անտառների՞, իսկ գուցե գորգի անկյունում նստած անսահման խորաթափանց ու իմաստուն հայացքով հզոր այս շան՝ հայկական գամփռի մասին։ Հենց այդպես էլ կանեմ։

Հայկական գամփռը մեր լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակ է, որը ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում և որը մարդու կողքին է եղել միշտ՝ հոտը հսկելիս, ընտանիքը պահպանելիս, պատերազմի ժամանակ, պարզապես հանգստանալիս։ Մեր նախնիներն անվերապահորեն վստահել են գամփռին, գամփռը՝ իր տերերին։ Պատահական չէ, որ հայկական գամփռը մեր ժողովրդի պատմության, մշակույթի և կյանքի անբաժանելի մասն է համարվում։

Ի դեպ, 2011թ.-ին Միջազգային կինոլոգիական միության կողմից գամփռին շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ, և այն գրանցվել է 204 համարի ներքո։

Հայկական գամփռի զարգացման ընթացքի լուռ վկաներն են ժամանակակից Գեղամա և Սյունիքի լեռներում ուսումնասիրված ժայռապատկերները։ 3-ից 7–
հազարամյա ժայռապատկերներում պատկերված շների քանակն ապշեցնող է։ Ավելի ուշ՝ մ.թ.ա. I հազարամյակի շրջանի ժայռապատկերներում արդեն՝ ավելի հաճախ պատկերված են ժամանակակից գամփռին նման շներ։

Գամփռը յուրահատուկ հատկություններ ունի․ օրինակ՝ հանգիստ նյարդային համակարգ։ Կատաղած գամփռեր չեն լինում, բազմադարյա իմաստությունը սովորեցրել է՝ կատաղածները կենսունակ չեն։ Նրան ոչնչով չես զարմացնի, նա ամեն ինչ տեսել է և պատրաստ է ամեն ինչի։ Ամենաահարկու գամփռն իր տարածքը ներխուժած օտարին ոչնչացնելուց առաջ անպայման կփորձի պարզել՝ արդյո՞ք վտանգն իրական է։

Մյուսը ինքնուրույն որոշումներ կայացնելու հատկությունն է։ Գամփռը կարողանում է դա անել։ Չէ՞ որ միշտ չէ, որ տերը կողքին է։

Չնայած լավ զարգացած պաշտպանական ռեակցիաներին, գամփռն ագրեսիվ չէ։ Նա իր պաշտպանության տակ է վերցնում թույլերին, շատ մեղմ
է ու հանգիստ երեխաների հետ, բայց ենթարկվում է միայն ուժեղ և հաստատակամ մարդկանց։

Գամփռը հպարտ և անկախ շուն է։ Նրան պետք է հարգանքով վերաբերվել, այլապես կներփակվի ինքն իր մեջ և դժվար կլինի նրա կորցրած սերն ու վստահությունը վերագտնելը։

Հաճախ են ասում, որ գամփռը նման է հայ ժողովրդին՝ հպարտ է, անկախ, բարի, ուժեղ․ ի՞նչ կա զարմանալու․ չէ՞ որ նրանք միասին են անցել հազարամյակների ճանապարհն այս լեռներում, միասին սովորել հարազատ բնությունից, օգնել իրար ու քայլել կողք կողքի։

Ցուցադրել ավելի
Back to top button