Հայկական էսքիզներ

Երանի մեր աչքերին․ Օշական

Ամեն տարի, երբ ավարտին է մոտենում ուսումնական տարին, Հայաստանի Հանրապետւթյան դպրոցների համարյա բոլոր առաջին դասարանցիները մի կարևոր ուղևորության մասնակից են դառնում՝ գալիս են Օշական: Հայոց այբուբենը սովորած երեխաները գալիս են սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է հայերենի առաջին ուսուցիչը, և մայրենի լեզվին ու հայոց գրերին հավատարիմ մնալու երդում են տալիս: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյւր հայ մանուկ կյանքում թեկուզ մեկ անգամ լինում է Մեսրոպ Մաշտոցով սրբացած հայոց այս հնագույն բնակավայրում՝ Օշականում, և դա, իհարկե, լավ է:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Օշականի գլխավոր, բայց ոչ միակ այցեքարտն է: Սա, իսկապես, հնագույն բնակավայր է, որտեղ կատարված պեղումների շնորհիվ մինչև այսօր էլ շերտ առ շերտ բացվում են հազարամյակներ առաջ ապրած մեր նախնիների մշակույթն ու կենցաղը, զարմացնում ու հիացնում են հնագետներին, մշակութաբաններին, պատմաբաններին, իսկ մեզ՝ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու հնարավորություն են տալիս:

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը՝ ջրից ազատված և բացականչում են. «Օ՜շ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Սա այս տեղանվան ժողովրդական ստուգաբանությունն է, իհարկե, բայց միանգամայն արդարացված. Օշականն իրոք գեղատեսիլ անկյուն է և այն տեսնողների աչքերին, իսկապես, կարելի է երանի տալ:

Գյուղը գտնվում է Քասաղ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա։ Քասաղ գետն էլ Օշականը բաժանում է 2 մասի։

Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. 6-5-րդ դարերի քառանկյուն ամրոց, որի արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով և ամրացված են կավե շաղախով։ Ամրոցի ներսում կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։

Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. 7-րդ դարում հիմնված պալատական 5 համալիր կա: Պեղումների ընթացքում այստեղ գտնվել են մեծ
քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և 100-ից ավելի արձաններ։
Այս համալիրների փլատակների վրա էլ բացվել է մ.թ.ա. 3-րդ դարի անտիկ դամբարանադաշտը:
Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը, որտ եղ պահպանվել են խաչքարեր, իսկ տապանաքարերի վրա՝ բարձրաքանդակներ և արձանագրություններ: Հայտնաբերված նյութերի մի մասը ցուցադրված է ՀՀ պատմության թանգարանում։

Օշականում և նրա շուրջն են գտնվում են Թադևոս առաքյալ, Սուրբ Գրիգոր, Սուրբ Սարգիս, վիմափոր Սուրբ Աստվածածին մատուռները, Թուխ Մանուկ, Սուրբ Սիոն եկեղեցիները:
Զբոսաշրջիկների առանձնահատուկ ուշադրության առարկան է Օշականում գտնվող վաղ միջնադարյան ինքնատիպ մի կոթող, որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը։

Ըստ միջնադարյան հայ մատենագիրներ Ստեփանոս Տարոնեցու և Կիրակոս Գանձակեցու՝ Մորիկ կայսրը ծագումով հայ է, ընտանիքը սերում է Օշականից: Այս տեղեկությունը շատ են քննարկել տարբեր գիտնականներ, ավելի հաճախ՝ չեն համաձայնել դրա հետ, ուշագրավ անդրադարձ է կատարել այս վարկածին մեծ հայագետ Նիկողայոս Ադոնցը, բայց փաստ է, որ օշականցիներն այս կոթողը ներկայացնելիս միշտ ասում են՝ Մորիկի մոր գերեզմանն է:
Կոթողին առանձնահատուկ անդրադարձել է նաև Թորոս Թորամանյանն իր ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ աշխատության մեջ: Նա գրում է. «Օշականի մեջ և շրջակայքում գտնված հնագիտական մնացորդները հետազոտելու համար մի քանի օրը բավական չէ. ամեն քայլափոխի կարելի է նորություն տեսնել, սակայն քանի որ, ըստ մեր արշավախմբի ծրագրի ավելի ժամանակ չէինք կարող նվիրել Օշականին և կարճ ժամանակի մեջ շատ տեղեր ունեինք տեսնելու, հետևաբար ստիպված էինք հեռանալ, Օշականի մանրամասն հետազոտությունը ուրիշ հարմար առիթի թողելով: Այս անգամ թեև հապճեպ, այնուամենայնիվ չէր կարելի առանց քննության թողել Օշական գյուղի մեջ կանգնեցված այն հետաքրքրական կոթողը, որն ավանդությունը վերագրում է Մորիկ կայսեր․ գյուղացիք ասում են Մորիկի, կամ Մորիկի մոր գերեզմանը։

Օշականի կոթողը՝ լինի գերեզման, կամ այլ նպատակի համար կանգնեցված հուշարձան, իմ կարծիքով դժվար է Մորիկի անվան հետ կապել՝ դատելով իր ճարտարապետական ոճից, որովհետև կոթողի ճարտարապետական և քանդակագործական արվեստագործությունը, մի քիչ ավելի ուշ ժամանակի դրոշմն է ցույց տալիս, քան Մորիկի թագավորության և մահվան ժամանակը (582-602)։ Բայց մի բան կա անվիճելի, որ սույն ձևով կոթողների կանգնեցումը բյուզանդական երկրներին է հատուկ, այս կոթողը ևս անպայման Բյուզանդիայի հետ քաղաքական կապ ունեցող, կամ բյուզանդական կրթություն ստացած մարդու գործ է: Թեև կոթողը իր մանրամասնության մեջ հայացած է, սակայն
ընդհանուր ձևով բյուզանդական ոճին է պատկանում և իբրև հուշարձան-կոթող առայժմ միակն է Հայաստանի մեջ»: Հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ սա Թորոս Թորամանյանի գնահատականն է:

Digital Camera

Օշականն իհարկե պետք է տեսնել և ոչ միայն առաջին դասարանում՝ այբուբենը սովորելուց հետո: Օշականը ձեզ կդիմավորի Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված հուշարձանով, որը բացված գիրք է ներկայացնում:

Ցուցադրել ավելի
Back to top button