Ռադիոլաբ

Վիրտուալ տիրույթում՝ ինչպես սահմանին

Եթե, առաջ, հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանների  լարված իրավիճակն  ստիպում էր զգոն լինել շփման գծում, ապա այժմ նույն   զգոնությունն է պահանջվում նաև վիրտուալ տիրույթում։ Սահմանին մղվող մարտերին  զուգընթաց կարևոր  են նաև կիբեռմարտերը։ Հաճախ հենց դրանք են որոշում հաղթող կամ պարտվող կողմին։ Լրահոսին հետևելը, հղումներ ու լուսանկարներ տարածելը շատերին կարևոր է թվում, բայց այստեղ է, որ պետք է գերուշադիր լինել․ չվերլուծված աղբյուրին հետևելիս՝  մեկ էլ կարող եք բացահայտել, որ հայալեզու, բայց ադրբեջանական կայքից եք տեղեկատվություն տարածել։ Նման կայքերից ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, մեզ չի հաջողվի։

Կան   գործողություններ՝ կապված տեղեկատվական հոսքերի ու սոցցանցերում դրսևորած ակտիվության հետ, որոնք պետք չէ անել և  հակառակը՝ կան բաներ, որոնք պարտավոր ենք անել բոլորս։ 

«Առաջինը, որ պետք է միշտ հիշենք, որ Ադրբեջանում այսօր մի իրավիճակ է, որ չկա ազատ մամուլ։ Ամբողջությամբ, հատկապես ռազմական թեմային վերաբերող, նույնիսկ օրենքով, ուղղակի կա վերահսկողություն։ Այսինքն՝ իրենք ինչ ուզես չեն կարող գրել։ Եթե դուք կարդում եք ադրբեջանական լրատվամիջոցում մի բան կապված՝ ռազմական գործողությունների հետ, դուք պետք է հասկանաք, որ դա լրագրողի խոսքը չէ։ Դուք կարդում եք հատուկ ծառայությունների, ռազմական հետախուզության, քարոզչական բաժնից մեկի ասածը՝ արտագրված լրագրողի ձեռքով»,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  

Կարդալը, կարող եք կարդալ՝  պատկերացում կազմելու համար, թե ինչ  է կատարվում հարևան պետության տեղեկատվական հոսքերում, իսկ, ահա, նման նյութերը տարածելը ոչ միայն չի խրախուսվում, այլ նաև անթույլատրելի է։ Սա  նաև  մեկնաբանություններին է վերաբերում։ Մարտիրոսյանը հիշեցնում է․ պարտադիր չէ, որ դուք լինեք հրապարակման հեղինակը, բայց, եթե որոշել եք մեկնաբանություններում կռիվ տալ հղումը տարածողի հետ, ապա, այս դեպքում էլ հրապարակումը հնարավոր է  որակվի որպես վստահելի աղբյուր, և  ավելի շատ մարդիկ տեսնեն այն։ 

«Նույնիսկ, եթե դուք տարածում եք հղումը, դնում ու ասում եք՝ հլը տեսեք՝ ինչ հիմարություն են գրում, հիշեք՝ եթե դուք հղում եք դնում ադրբեջանական լրատվամիջոցի վրա, օրինակ՝ Facebook-ում, դուք Facebook-ին ասում եք, որ սա լավ աղբյուր է ու ինքն ավելի շատ մարդկանց է ցույց տալ։ Google-ն ավելի շատ է բարձրացնում դիրքերը։ Մեկնաբանությունում գրում եք ինչ-որ մեկին՝ տե՛ս հլը ինչ են գրում, դուք ուժեղացնում եք իրենց դիրքերը, դառնում եք ադրբեջանական քարոզչության մի փոքրիկ մաս։ Եթե կարևոր է բան փոխանցել, ավելի լավ է սքրինշոթ արեք և այդ ձևով դրեք, որ գոնե չուժեղացնեք իրենց դիրքերը այդ տեսանկյունից»։

Ադրբեջանական քարոզչամեքենան, հաճախ,  նաև կեղծ հայկական «մամուլ» է մեջտեղ բերում։ Ի՞նչ անել այս դեպքում, երբ համացանցում   հանդիպել եք նման էջի ու կարդացել մեզ համար շատ կարևոր տեղեկատվություն։ Մասնագետը խորհուրդ է տալիս համոզվել, որ ընթերցել եք ձեզ ծանոթ աղբյուրից և գիտեք, որ այդ լրատվամիջոցի խմբագրությունը Երևանում է տեղակայված։

Տեղեկատվական պայքարում  հակառակորդը, հաճախ, փորձում է նմանակել նաև մեր հայկական լրատվական կայքերը՝ առավել վստահելի երևալու համար։ Այդպիսի սուր իրավիճակներում,   հաղթած լինելու  համար, հակառակորդն օգտագործում է հայ օգտատերերի սոցցանցերի կոտրված հաշիվները։ Երբեմն մարդկանց կարող է թվալ, որ հենց օգտատերն է գրառում անողը, բայց ոչ։ Այս դեպքում, Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ շատ բան անել չենք կարող՝ պետք է հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Ադրբեջանցի հաքերները կեղծել էին նար
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջը

Հայ օգտատերեր կան, որ ժամեր են ծախսում ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հետ կռիվ տալով, սրա կարիքը ևս չկա։

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ անիմաստ է։ Իրենք հաստաճակատ են, որովհետև այդ մարդկանց նպատակն է գալ ու հայերին վատ բան ասել։ Դուք իրենց բան չեք բացատրի, հետները կռվելով էլ, ժամանակ եք ծախսում։ Եթե մի երկու ժամ ժամանակ ունեք, ավելի լավ է Twitter-ում հաշիվ բացեք ու սկսեք տարածել Հայաստանի կողմի տեղեկատվությունը։  Նման գործողություններից օգուտն ավելի շատ կլինի, քան մեկնաբանություններում կռիվ տալուց»։

Ցուցադրել ավելի
Back to top button