Զարթուցիչ

Ժամանակի պարկուճը — Զարթուցիչ

«Զարթուցիչի» ստուդիայում հյուրընկալել ենք քույր և եղբայր Գաբրիելա և Տիգրան Պետրոսյաններին ու նոր օրն էլ Գաբրիելայի շնորհիվ կսկսենք կոմիտասյան երգի զուլալ հնչյուններով ․․․

Լսե՞լ եք «Ժամանակի պարկուճի» մասին։ Այն հայտնի է նաև «հիշողության պարկուճ» կամ «նամակ ապագային» անվանումներով։ Բանն այն է, որ հնագույն ժամանակներից ի վեր մարդիկ միշտ էլ մտածել են  ապագա սերունդներին թողնել հիշողություն իրե՛նց ապրած ժամանակի, դրան բնորոշ երևույթների, կենցաղի տարրերի, գիտության նվաճումների մասին։ Երբեմն դա անհատների նախաձեռնություն է եղել, երբեմն էլ՝ մարդկանց խմբերի։

Այդ ուղերձների պարունակությունը կարող է հայտնի լինել շատերին կամ էլ հակառակը, ինչ–ինչ նկատառումներից ելնելով, խիստ գաղտնի պահվել։ Այդ բառակապակցությունը՝ «Ժամանակի պարկուճ», գործածության մեջ է մտել 20–րդ դարի 30–ական թվականներից, չնայած, ապագա սերունդներին նյութականացած հիշողություն փոխանցելու խնդիրը մարդկությանը մտահոգել է անհիշելի ժամանակներից սկսած։

Մեր օրերում ամենահայտնի նմանատիպ պարկուճներից մեկն է համարվում 1939 թվականի սեպտեմբերի 23–ին Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառի ընթացքում հիմնադրվածը։ Հրակայուն ապակուց պատրաստված 228 սմ երկարությամբ անոթի մեջ հավաքվել է իրերի մեծ քանակ․ գրքեր, փաստագրական ֆիլմ, միկրոֆիլմերում հավաքված հանրագիտարան, գործվածքի 75 նմուշ, ամենօրյա կենցաղի 35 առարկա։ Այս պարկուճը կշռում է 363 կգ, իսկ արտաքինից այն պատված է պղնձի, քրոմի և արծաթի համաձուլվածքով։ Որոշվել է, որ այն պետք է բացվի․․․5000 տարի անց։

Այս իրադարձությունից 25 տարի անց, դարձյալ Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառի ընթացքում, առաջին պարկուճի կողքին տեղադրվեց նորը։ Նոր պարկուճի մեջ հավաքված իրերի թվում էին ատոմային զենքի մասին տեղեկություններ, սրտի արհեստական փական, «Բիթլզ» խմբի ձայնասկավառակ, տիեզերանավի երեսպատման նյութի մի կտոր։ Երկու պարկուճն էլ, ըստ հիմնադիրների կտակի,  բացվելու են 6939 թվականին։ Ո՞վ է լինելու բացողը․ ո՞վ կարող է ասել․․․

Հենց այս տարի, օրինակ,  հետաքրքիր Ժամանակի պարկուճ է հայտնաբերվել Հունգարիայում՝ Էսթերգոմի տաճարի խաչի մեջ։ Դա ժամանակի 176-ամյա պարկուճ էր, որը հայտնաբերվել է վերանորոգման ժամանակ։ Կնքված պղնձե տարան գտնվել է խաչի մեջ՝ 100 մետրանոց գմբեթի վրա, որը ամենաբարձրն է Հունգարիայում և որը ռմբակոծության է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տարայի մեջ պատմաբանները հայտնաբերել են տաճարի կառուցման հետ կապված փաստաթղթեր, որոնք գրեթե անվնաս վիճակում են եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button