Զարթուցիչ

Լեյդլի պետական ավագ դպրոցում 54 ժամ տևած բնագիտության դասը

Աշխարհի ամենաերկար դասաժամը տևել է 2003 թվականի ապրիլի 15–ից մինչև ապրիլի 17–ը Լեյդլի պետական ավագ դպրոցում։ Պրոֆեսոր Մարի Բարոուզը դասախոսություն էր կարդում բնագիտություն առարկայից 26 աշակերտի համար 54 ժամ շարունակ։ Թե ինչու էր պրոֆեսորը որոշել այսպես տանջել իր սաներին, մենք չգիտենք, բայց ամեն անգամ երբ 45 րոպեն ձեզ երկար է թվում, ինքներդ ձեզ մխիթարեք․ 45 րոպե է, էլի, 54 ժամ չէ, կդիմանաք։

Ֆիննական դպրոցում աշակերտին չի կարելի կանչել գրատախտակի մոտ, եթե ինքը դա չի ուզում, այստեղ աշակերտները քննություն չեն հանձնում։ Եվ յուրաքանչյուր դասամիջոցի անկախ եղանակից պետք է դուրս գան զբոսանքի։ Լա՞վ է․ դե, հա վատ չէ, չնայած այդ «պետք է»–ն կարող է և զայրացնել մեկ–մեկ։

Չինաստանում դասերից առաջ աշակերտներն անպայման մարզանք են անում, օրվա մեջ երկու անգամ էլ՝ պարտադիր դեմքի մերսում։ Թարմացնում է, աշխուժացնում, ինչի կարիքը չինացի դպրոցականները շատ ունեն, որովհետև շատ ծանրաբեռնված է նրանց դպրոցական օրը։ Այն սկսվում է ժ․8–ին, ավարտվում ժ․16–ին, որից հետո էլ լրացուցիչ պարապմունքներ շարքն է սկսվում։ Սա այն դեպքն է, երբ «երանի» հաստատ չես ասի։

Նորվեգիայի դպրոցներում մինչև 8–րդ դասարան գնահատականներ ընդհանրապես չեն նշանակվում, որպեսզի աշակերտներն տարեկիցների հետ անընդհատ համեմատությունների մեջ չլինեն և չլարվեն ցածր գնահատականների պատճառով։

Կոպենհագենի Օրեստադ դպրոցը հաճախ ժամանակակից արվեստի գործ են անվանում․ չկան պատեր, դասասենյակներ․ դրանց փոխարեն երեք ընդարձակ ուսումնական տարածքներ են նույն տարածության մեջ, որտեղ ավագ դասարանների աշակերտներն աշխատում են խմբերով՝ բաց աշխատանքային տարածության սկզբունքով։ Ինչպես ասում է դպրոցի ղեկավարությունը, նորարարական կրթությունը նաև ժամանակակից դիզայն է ենթադրում։

Տորոնտոյի ALPHA դպրոցում կարգուկանոն, գնահատական և տնային աշխատանք գոյություն չունի։ Ինչպես ասում են՝ այստեղ միշտ տոնական անկարգություն է։ Աշակերտներն իրենք, ըստ հետաքրքրության, ընտրում են դասաժամը, որին ուզում են մասնակցել։

Աշխարհի դպրոցները, իհարկե, շատ տարբեր են՝ սկսած շենքային պայմաններից մինչև կրթության կազմակերպում, պահանջներ ու պարտականություններ։ Տեղեկությունների այս բազմազանությունը մի բան է ապացուցում․ լավ ու լավագույն կրթության որոնումներն ամենուր են, աշխարհի բոլոր երկրներում։ Տարբեր են դպրոցների շենքերը, աշակերտներին ներկայացվող պահանջները, սովորողների ազատությունների շրջանակը, բայց, ինչ էլ լինի, կարևորը սովորելու ցանկությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button