Զարթուցիչ

Աշխարհի անսովոր թանգարանները. Զարթուցիչ

Աշխարհի թանգարանները շարքի մեր այսօրվա զրույցում երեք անսովոր թանգարաններ ենք ներկայացնելու․․․

Փաթիլների թանգարան

Դրսում ինչ եղանակ էլ լինի, այստեղ՝ «Փաթիլների թանգարանում», միշտ ձմռան շունչն է իշխում։ Դե, հա, եթե կուզեք, մի քիչ նման է Սառցե թագուհու դղյակին, բայց՝ մի քիչ, որովհետև այստեղ ոչ թե սառույցն է կարևորը, այլ՝ վեցաթև հրաշքները՝ փաթիլները։

Թանգարանը գտնվում է Հոկայդո կղզու սառցե անձավներում և նմանը չունի աշխարհում։ Այստեղ ներկայացված են փաթիլների հազարավոր լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի է։ Ցուցադրությունը դիտելով այցելուն իջնում է ոլորապտույտ աստիճաններով  և հայտնվում չքնաղ մի շատրվանի մոտ։

Թանգարանում առանձին սրահ հատկացված է փաթիլների տեսական ուսումնասիրությանը։ Այստեղ փաթիլներին և ընդհանրապես ձյանը նվիրված մեծ քանակով գիտական նյութ կա կուտակված, որը հասանելի է այցելուներին։

Մարցիպանի թանգարան

Ճիշտն ասած՝ ես մարցիպան չեմ սիրում, բայց մարցիպանով ձևավորված տորթերն, իհարկե, մեկ–մեկ արվեստի գործեր են հիշեցնում։ Զարմանալի չէ, որ վարպետ հրուշակագործները սիրում են այդ նյութը։

1994 թվականին Հունգարիայում հունգար հրուշակագործ Կարա Սաբոն բացեց «Մարցիպանի թանգարան»։ Թանգարանի բոլոր ցուցանմուշները՝ քանդակներ, կառույցներ, կահույք, Հունգարիայի քարտեզը, հեքիաթների հերոսներ, ամբողջովին պատրաստված են մարցիպանից։

Կա նաև հատուկ տարածք, որտեղ այցելուն կարող է տեսնել ցուցանմուշների պատրաստման ընթացքը և, ցանկության դեպքում նաև ձեռք բերել դրանք։

Շարլ Պերոյի դղյակ–թանգարան

Ասում ենք Շարլ Պերո և միանգամից հիշում մեր մանկության հեքիաթները։ Եվ իհարկե զարմանալի չէ, որ նշանավոր հեքիաթագրի անունը կրող թանգարանն էլ հեքիաթային է։

Այստեղ՝ թե՛ դղյակում և թե՛ դրա շրջակայքում 150 մոմե քանդակներ են ապրում՝ 150–նն էլ հեքիաթի հերոս։ Դե, իսկ երբ սկսում ես քայլել թանգարանի տարածքով, պետք է պատրաստ լինես, որ ուր որ է՝ Կապույտ Մորուքը անկյունից դուրս կցատկի կամ Կոշկավոր կատուն քեզ ընդառաջ կգա և կսկսի պատմել հին–հին ժամանակների մասին։

Հանգստյան օրերին և դպրոցական արձակուրդի ժամանակ Շարլ Պերոյի թանգարանն ասես կենդանանում է․ մեկ Մոխրոտիկին կտեսնես, որը կոշիկն է փնտրում հենց աչքիդ առաջ, մեկ էլ  արքայադուստրը մատը կծակի իլիկով ու կդառնա Քնած Գեղեցկուհի։

Դե, իսկ դղյակի շրջակա մեծ այգում գտնվող կանաչ լաբիրինթոսը կանչում է գանձ որոնելու։ Մի խոսքով՝ այստեղ, Շարլ Պերոյի դղյակ–թանգարանում իշխում է հեքիաթը։

Ցուցադրել ավելի
Back to top button