Զարթուցիչ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը Սյունիքում և Արցախում. Զարթուցիչ

Որտե՞ղ եք սկսում առավոտը, տղաներ ու աղջիկներ․ տա՞նը, սովորականի պե՞ս, թե՞ արդեն հասցրել եք գնալ գյուղ՝ հարազատներին հյուր, ամառանոց՝ տատիկի ու պապիկի հետ մի քանի օր անցկացնելու։ Իսկ գուցե հենց անտառու՞մ՝ վրանի մեջ, որտեղ հայտնվել եք արշավականների խմբի հետ․․․Ամառվա հրաշքներից մեկն էլ օրերի հենց այս բազմազանության հնարավորությունն է․ պետք է պարզապես օգտագործել այդ հնարավորությունն ու համարձակ ոտք դնել բոլոր այն արահետներին, որոնք կբացի ամառը մեզ համար․․․

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համարձակորեն ոտք է դրել ամառվա՝ իր համար բացած հենց առաջին արահետին ու հայտնվել Սյունիքում և Արցախում։

Հունիսի 10–ից 17–ը ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆիլհարմոնիան Արցախում և Սյունիքում անցկացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը, որին Սյունիքի մարզից մասնակցում է 100, իսկ Արցախից՝ 150 երեխա:

Սյունիքի համայնքների և Արցախի տաղանդավոր պատանիներից կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ այս ընթացքում ելույթներով է հանդես եկել Ստեփանակերտում և Կապանում։

Հունիսի 11-ին Ստեփանակերտի մշակույթի տանն Արցախի 4 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը:

Հունիսի 12-ին Գանձասար վանական համալիրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ,

Հունիսի 13-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում անցկացվել է հոգևոր համերգ։

Երեկ՝ հունիսի 15-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում 12 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունեցել Սյունիքի փառատոնի եզրափակիչ համերգը, իսկ այսօր՝ հունիսի 16-ին ժամը 18:30-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում անցկացվելու է հոգևոր համերգ, որին մասնակցելու է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Փոքրիկ երգիչներին բարի վերադարձ մաղթենք և որոշենք, որ հրավիրելու ենք նրանց մեզ հյուր։

Ցուցադրել ավելի
Back to top button