Զարթուցիչ

Ե՞րբ առաջին անգամ հանդիպեցինք Պինոքիոյին. Զարթուցիչ

Սիրու՞մ եք ժամանակ առ ժամանակ գրախանութներ մտնել․․․Դա էլ է ժամանցի տարբերակ։ Հաճելի է անցնել գրքերի շարքերի միջով, վերցնել ու թերթել անծանոթ գրքերը, ծանոթներին՝ բարևել, գրախանութի վաճառողներից հետաքրքրվել, թե որ գիրքն է ամենաընթերցվողը, ինչու՞, հարցնել, թե ի՞նչ խորհուրդ կտային կարդալ։

Նոր գրքերի առատությունից դժգոհել չենք կարող, բայց․․․եկեք հներն էլ չմոռանանք, հատկապես՝ մեր մանկության հեքիաթները, որոնցից շատերը հենց գրքերի աշխարհի բանալի են դարձել մեզ համար։

1881 թվականի հուլիսի 7–ին իտալական «Թերթ երեխաների համար» պարբերականի հերթական համարում  տպագրվեցին Կարլո Կոլլոդիի «Պինոքիոյի արկածները․ փայտե տիկնիկի պատմությունը» անունով ստեղծագործության առաջին էջերը, և․․․սկսվեց աշխարհի ամենահայտնի մանկական ստեղծագործություններից մեկի ուղին՝ դեպի երեխաների աշխարհ։

Բայց ինչու միայն երեխաների․ իտալական փոքրիկ Կոլլոդի քաղաքում՝ գրքի հեղինակ Կարլո Լորենցինիի ծննդավայրում կանգնեցված Պինոքիոյի արձանի վրա փորագրված է․․․«Անմահ Պինոքիոյին՝ 4–ից 70 տարեկան երախտապարտ ընթերցողներից»։

Պինոքիոյին՝ փայտե երկարաքիթ տղային շատ սիրեցին ընթերցողները։ Թերթի էջերում տպագրված պատմությունները որպես գիրք ի մի եկան երկու տարի անց միայն, և աշխարհը ճանաչեց Կարլո Կոլլոդիի անմահ ստեղծագործությունը։ Ի դեպ, այս հեքիաթը թարգմանվել է աշխարհի 87 լեզվով։

Կարծում ենք՝ գլխի ընկաք, որ  հեղինակն իր ծննդավայրի պատվին է ընտրել «Կոլլոդի» գրական կեղծանունը։ Կոլլոդի քաղաքը, որը հիմնադրվել է 12-րդ դարում, կտրուկ զառիթափից իջնող փոքրիկ քարե տնակների ջրվեժի է նման։ Այն առ այսօր պահպանել է իր հին կառուցվածքն ու տեսքը, բայց իր սրտում մեծ տեղ է հատկացրել նաև իր նշանավոր գրական հերոսին նվիրված պուրակ–թանգարանին, որը հայտնի է «Պինոքիոյի Պուրակ» անունով։

Պուրակը կառուցվել է 1956–ից 1987 թվականների ընթացքում։ Այս պուրակ–թանգարանի մասին կպատմենք մեր առաջիկա հաղորդումներից մեկի ժամանակ, իսկ առայժմ․․․Եթե տանն ունեք գիրքը, վերցրեք, թերթեք ու մի պահ հիշեք ձեզ այն ժամանակ, երբ առաջին անգամ հանդիպեցիք Պինոքիոյին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button