Զարթուցիչ

Կարտոֆիլային պատմություն. Զարթուցիչ

Սովորության համաձայն թերթենք օրացույցը, բայց մինչև կասենք, թե ինչն ենք առանձնացնում այսօրվա էջից, մի հարց տանք ձեզ․ հնարավո՞ր է, որ այնտեղ, որտեղ սկսում եք ձեր օրը, շրջակայքում կարտոֆիլի մարգեր լինեն։ Եթե գյուղում եք կամ ամառանոցում, այո, հնարավոր է։ Մի լավ նայեք՝ կարտոֆիլի թփերի վրա ծաղիկ կա՞․․․

Դե, չէ, կատակ չենք անում․․․Բանն այն է, որ օրացույցը թերթելով պարզեցինք, որ այս օրը՝ հուլիսի 28–ը, համարվում է Եվրոպա աշխարհամաս կարտոֆիլի «ժամանման» օրը․․․

Սկսենք կարտոֆիլային այս պատմությունը․․․

Ի՞նչ է կարտոֆիլը։ Իհարկե՝ բանջարեղեն, աշխարհի երևի ամենահայտնի բանջարեղենը։ Բայց կար ժամանակ, երբ կարտոֆիլն իրեն ծաղիկ էր զգում, այն էլ՝ էկզոտիկ ծաղիկ։ Վարկածներից մեկի համաձայն՝ 1586 թվականի հենց այս օրը՝ հուլիսի28–ին է Եվրոպայում հայտնվել առաջին կարտոֆիլը։ Այն Կոլումբիայից Անգլիա է բերել Թոմաս Հերիոթը։ Անգլիացիները համարում են, որ հենց իրենք են առաջինը փորձել կարտոֆիլը որպես ուտլիք, և այն դարձրել եվրոպական խոհանոցի անբաժան մասը։

Բայց, ինչպես ասացինք, սկզբում կարտոֆիլը համարում էին էկզոտիկ բույս և այն աճեցնում էին լավագույն բուսաբանական այգիներում։ Ոմանք էլ այն սկսեցին աճեցնել իրենց ծաղկանոցներում, որովհետև կարտոֆիլի ծաղիկն արտառոց գեղեցիկ էր համարվում։ Ի դեպ, եթե տատիկի բանջարանոցում կամ որևէ այլ տեղ տեսել եք ծաղկած կարտոֆիլ, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այս բույսի քնքուշ մանուշակագույն ծաղիկն իսկապես շատ սիրուն է։ Եվ զարմանալի չէ, որ, օրինակ, ֆրանսիական արքունիքում այս ծաղիկը զարդարում էր սկզբում՝ արքայի, ապա նաև՝ մյուս ազնվականների գլխարկները։

Բայց ժամանակ անցավ, և եվրոպացիները հայտնաբերեցին այս բույսի առավել կարևոր կիրառումը․ խոհանոցում։ Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, Եվրոպայում կարտոֆիլի տարածմանը շատ նպաստել են այն տարիները, երբ հացահատիկի բերքը պակաս է եղել, այսինքն՝ սովի տարիները։

Ամեն անգամ երբ եվրոպական որևէ երկրում սովի տարի էր լինում, տիրակալները հիշում էին կարտոֆիլը՝ որպես եղանակի քմահաճույքներից նվազ կախված և առավել բերքատու բույս։ Երբեմն անգամ հարկադրաբար ստիպում էին գյուղացիներին կարտոֆիլ աճեցնել։

Պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմն օրինակ, որպեսզի ապացուցի հասարակ մարդկանց, թե որքան օգտակար բան է կարտոֆիլը, հրամայել էր անվճար բաժանել կարտոֆիլի պալարները, իսկ ֆրանսիացի բնախույզ Անտուան Պարմանտյեն ահա թե ինչ խորամանկություն է առաջարկում․ կարտոֆիլն աճեցնել պետությանը պատկանող հողերում, ցերեկը խստորեն հսկել պլանտացիաները, իսկ գիշերը պահակներին ուղարկել քնելու։

«Եթե հսկում են, ուրեմն՝ արժեքավոր բան է»,–մտածում էին գյուղացիները և գիշերը գնում կարտոֆիլ գողանալու։ Այդպես կարտոֆիլն արագորեն տարածվեց և դարձավ ֆրանսիացիների սիրելի ուտելիքներից մեկը։

Ի դեպ, հետագայում երախտագետ Անտուան Պարմանտյեի արձանը կանգնեցրին՝ պատվանդանին փորագրելով․ «Մարդկության բարերարին»։

Դե կարտոֆիլից մինչև խրթխրթան տապակած կարտոֆիլ էլ մեկ քայլ է, և ամենևին պարտադիր չէ, որ հենց մայրիկն այն տապակի․․․Սկսեք ինքներդ, հնարավորինս բարակ կտրատեք կարտոֆիլը, որ առավել խրթխրթան ստացվի և կարդացեք կարտոֆիլային մյուս պատմությունը․․․

Կարտոֆիլի օ՞ր է, ինչ է․․․ Առայժմ՝ այո․․․

Ցուցադրել ավելի
Back to top button