Լուրեր

Բարի հսկան. ուշագրավ փաստեր փղերի պաշտպանության օրվանն ընդառաջ

Ամեն տարի աշխարհում սեպտեմբերի 22–ին նշվում է փղերի պաշտպանության համաշխարհային օրը։

Փոքրիկ երեխաներին անգամ եթե հարցնես, ով է կենդանիների աշխարհի բարի հսկան, միանգամից կասեն՝ փիղը։ Բարի, խելացի, հզոր այս կենդանին, ցավոք, վաղուց արդեն պաշտպանության կարիք ունի և այս օրվա նպատակը ևս մեկ անգամ այդ մասին հիշելն ու հիշեցնելն է։

Համացանցում փղերի մասին կարդալու, դիտելու շատ հետաքրքիր նյութ կա հավաքված, այնպես որ՝ նրանց մասին շատ բան չենք պատմի այսօր, բայց մի քանի ուշագրավ, գոնե՝ մեզ համար ուշագրավ տեղեկություն, առանձնացրել ենք…

Գիտեի՞ք, որ փղերն օրվա մեջ ուտում են մոտ 450 կգ բուսական սնունդ և խմում են մոտ 300 լիտր ջուր։ Հենց այն պատճառով, որ այդքան շատ ենծամում, փղերը կյանքի ընթացքում 6–7 անգամ ատամներ են փոխում։

Փղերը զարգացած հուզական աշխարհ ունեն։ Նրանք կարողանում են թախծել, ուրախանալ, վշտակցել, տխրել։ Եվ, ի դեպ, պարզվում է՝ միակ կենդանիներն են, որոնք ազգակիցներին հուղարկավորելու ծիսակարգ ունեն։

Որևէ փղի մահից հետո մյուս փղերը նախ նրան փորձում են իրենց կնճիթներով բարձրանցել և շատ ուժեղ ձայն են հանում, իսկ որոշ ժամանակ անց լռում են և սկսում նրա վրա ճյուղեր և տերևներ լցնել: Մի քանի օր կենդանիները չեն լքում մահացածին: 

Փղերը աջլիկ և ձախլիկ են լինում։ Ինչպե՞ս որոշել, թե նրանցից որ մեկն է աջլիկը, որը՝ ձախլիկը։ Պարզվում է՝ ժանիքների չափերով։ Քանի որ փղերը ժանիքներով գործեր են անում, ինչ–որ բաներ են տեղափոխում, ապա ժանիքի մաշվածությամբ որոշվում է նրա աջլիկ կամ ձախլիկ լինելը։ Շատ օգտագործած ժանիքն ավելի շատ է մաշվում և կարճ է լինում։

Փղերը երաժշտական լսողություն և երաժշտական հիշողություն ունեն և կարողանում են տարբերակել երեք նոտայից կազմված ցանկացած երաժշտություն։ 

Մի խոսքով՝ այսօր հաստատ արժե գնալ կենդանաբանական այգի՝ փղին ողջունելու։

Ցուցադրել ավելի
Back to top button