Զարթուցիչ

Ախր ոնց կարելի է այդպես վարվել աչքերի հետ․ Զարթուցիչ

Տեսողության համաշխարհային օրն է այսօր։ Այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ ունի բոլորիս հիշեցնելու, որ աչքի լույսը խնայել է պետք։

Չենք պատկերացնում, որ մեր մեջ լինի մեկը, ով թեկուզ մեկ անգամ լսած չլինի ծնողներից՝ ախր ոնց կարելի է այդպես վարվել աչքերի հետ։ Պարզ է, չէ՞, թե ինչ նկատի ունեն․ այն, որ մենք չենք խնայում մեր աչքի լույսը՝ տեսողությունը։ Իհարկե, արդարանալու բան միշտ գտնում ենք, բայց ինքներս մեզ գոնե կարող ենք խոստովանել, որ օրվա մեջ մեր աչքերը շատ հաճախ պարզապես տանջում ենք՝ անգամ երբ դրա կարիքը չկա։ Ցավոք, երբեմն էլ անդառնալի վնաս ենք հասցնում ինքներս մեզ։

Երկար խոսել կարծում ենք չարժե․ բոլորս էլ գիտենք, որ տեսողությունը խնայել է պետք․ չէ՞ որ աշխարհի մասին տեղեկության մոտ 90 տոկոսը մեր ուղեղը հենց աչքերով է ստանում։

Պարզ կանոններ կան, որոնք եթե պահպանենք, հնարավոր կլինի նվազեցնել աչքերը վնասելու ռիսկը։

Իսկ ամենակարևոր խորհուրդը, որը ձեզ կտան բոլոր մեծերը,  հետևյալն է․ տեսողության խանգարման հետ կապված ամենափոքր կասկածի դեպքում անգամ առաջին քայլը ակնաբույժին դիմելն է։ Ինչպես ասում են՝ ականջի հետև գցել չարժե։

Հաջորդ տեղեկությունը ձեզ պետք կգա աշխարհագրության դասին։

Գրինվիչի միջօրեականի մասին, իհարկե, գիտեք։ Դա այն միջօրեականն է, որն ընդունված է համարել զրոյական միջօրեական, պայմանականորեն անցնում է Լոնդոնի մերձակայքում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով և ծառայում է որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ։ 1884 թվականի հենց այս օրը՝ հոկտեմբերի 13–ին, Վաշինգտոնում անցկացվող Միջազգային համաժողովի ժամանակ որոշվեց հաստատել Գրինվիչի միջօրեականը՝ որպես զրոյական կետ ամբողջ երկրագնդի երկայնությունների որոշման համար։

Մինչև այդ տարբեր երկրներում աշխարհագրական երկայնությունները հաշվելու համար օգտագործվում էին սեփական ազգային զրոյական միջօրեականները, կամ՝ նախընտրելիները, ինչը քարտեզագրության մեջ շատ տարընթերցումների պատճառ էր դառնում։ 1884 թվականի հոկտեմբերի 13–ից հետո այս խնդիրը վերացավ և Գրինվիչի միջօրեականը դարձավ միակ զրոյականը ողջ աշխարհի աստղագետների և աշխարհագրագետների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button