Զարթուցիչ

Խոհարարությունը պարզապես եփելը չէ, այն ստեղծագործական աշխատանք է

Երբ դպրոցից հետո քաղցած մտնում ես տուն, ու քեզ առաջինը դիմավորում է մայրիկի եփած, թխած, պատրաստած համով ուտելիքների բույրը, չես կարող չասել՝ մա՜մ, դու աշխարհի ամենալավ խոհարարն ես։ 

Իհարկե, մեր մայրիկներն ու տատիկներն էլ ինչ–որ առումով խոհարարի մասնագիտության կրողն են, և փոքր–ինչ վերապահումով այսօր նրանց էլ կարելի է շնորհավորել․ հոկտեմբերի 20–ը խոհարարների միջազգային օրն է։

Խոհարարի մասնագիտությունը հնագույն ժամանակներից ի վեր աշխարհում ամենապահանջվածներից է։ Եվ ուտեստների առաջին բաղադրատոմսերն էլ գրի են առնվել դեռևս Բաբելոնում, Հին Եգիպտոսում, Չինաստանում։ 

Այսօր այս մասնագիտությամբ հետաքրքրվողներն ավելի շատ են, քան երբևէ, և խոհարարությունն էլ պարզապես եփելը չէ, ինչպես վստահեցնում են վարպետ–խոհարարները․ այն ստեղծագործական աշխատանք է, որն անընդհատ նոր գիտելիք ստանալու, աշխարհի հետ համաքայլ ընթանալու պահանջներ է ներկայացնում նրան, ով ուզում է լավ խոհարարի համբավ ունենալ։

Ամեն տարի հոկտեմբերի 20–ին աշխարհի բազմաթիվ երկրներում խոհարարների օրվան նվիրված տոնակատարություններ են կազմակերպվում, որոնց բացի խոհարարներից մասնակցում են նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ, օրինակ՝ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, հանրային սննդի մեծ ու փոքր ձեռնարկությունների տերեր։

Վարպետության մրցույթներ, յուրօրինակ ճաշատեսակների պատրաստում, համտեսներ․ սրանք այս օրվա տոնակատորությունների մասն են։ Շատ երկրներում էլ կարևորում են այս միջոցառումներին երեխաների և երիտասարդների մասնակցությունը։ Հայտնի խոհարարներն այցելում են մանկապարտեզներ և դպրոցներ, վարպետության դասեր անցկացնում, առողջ սննդակարգին հետևելը խրախուսում, նաև՝ այս մասնագիտության մասին բացահայտումներ անում։

Վարպետության դասեր անցնելու առաջին վայրն իհարկե ձեր խոհանոցն է, վարպետն էլ՝ մայրիկը։ Այսօր խնդրեք՝ թող սովորեցնի պատրաստել ձեր ամենասիրելի ուտեստը։

Իսկ եթե այսօր շատ զբաղված եք, խնդրեք, որ հաջորդ շաբաթվա որևէ օրը մայրիկը նվիրի ձեզ՝ խոհանոցային հրաշքներ բացահայտելու համար։ Չէ՞ որ հաջորդ շաբաթ աշնանային արձակուրդն է սկսվում։

Ցուցադրել ավելի
Back to top button