Զարթուցիչ

Օր, որն առանձնանում է հիշատակելի տոներով․ Զարթուցիչ

Այս օրն է ծնվել մեր սիրելի բանաստեղծը՝ Պարույր Սևակը: Երևի չկա մեկը, ում հոգեհարազատ չլինեն Սևակի բանաստեղծությունները: Նա, ինչպես գրում է Վիլյամ Սարոյանը, թանկ է հայի համար: «Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»- իր կարծիքն է հայտնում մեր մեծերից Մարտիրոս Սարյանը: 


Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհը, իսկ գիրք չկար։

Դժվարին տարիներ էին։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Սակայն Պարույրը չէր դադարում սովորել ու կարդալ:

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։

Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»-հետագայում խոստովանում է Սևակը:

Այսօր նրա ծննդավայրը՝ «Զանգակատուն» գյուղը կրկին մարդաշատ կլինի … Դեպի գրողի տունը ձգվող ճանապարհին շատերը կհիշեն նրա հայրենիքին, մարդուն ու մարդկությանն ուղղված սրտառուչ տողերը, կազնվանան, կվարակվեն սևակյան մարդասիրությամբ:

Կարծում ենք շատերի հետ մենք էլ կրկին կթերթենք էջերը, որոնց մեջ այնքան ասելիք կա, այնքան չբացահայտված սեր ու ապրում։

Ցուցադրել ավելի
Back to top button