Ռադիոլաբ

Ստարտափներ, որոնք հաջող սկսեցին, բայց մատնվեցին մոռացության․ Ռադիոլաբ

Վերջին 10 տարիներին տեխնոլոգիական զարգացումները փոփոխություններ են մտցրել մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում․ հաղորդակցությունից մինչև տեղաշարժ, կրթությունից սպորտ, ու նույնիսկ սնունդ։ Նոր ընկերությունները մեզ ստիպել են նորովի նայել այս ամենին։ Իսկ ի՞նչ է մեզ սպասվում 10 տարի հետո: Դժվար է նույնիսկ պատկերացնելը․․․

Ցավոք, ոչ բոլոր ստարտափ ընկերությունները հաջողեցին: Որոշները ներդրողներից կանխիկ գումար հավաքեցին և մոռացության մատնվեցին, մյուսները վաճառվեցին ավելի խոշոր խաղացողների, իսկ որոշներն էլ պարզապես չհարմարվեցին շուկայի փոփոխություններին: Այս թողարկումը նվիրված է հենց այդպիսի ստարտափներին․նրանք հաջող սկսեցին, բայց մատնվեցին մոռացության։

Blockbuster: DVD-ներով ֆիլմերի ժամանակաշրջանի խորհրդանիշը

1985 թվականին հիմնադրված Blockbuster ընկերությունը 2010 թվականի սեպտեմբերի 23-ին սնանկ ճանաչվելու դիմում էր ներկայացրել։ ԱՄՆ-ի մեծ անուն ունեցող տեսավարձույթների ցանցը կուտակել էր 900 մլն դոլարի պարտք և դիմել էր Նյու Յորքի շրջանային դատարան։ Սրանով փաստորեն վերջ դրվեց DVD սկավառակներով ֆիլմերի ու այլ ինֆորմացիայի վարձույթի համաշխարհային պատմությանը։ Դրանց փոխարինեցին սթրիմինգային ծառայություններն ու հարուստ բովանդակությամբ առցանց խանութները։

Blockbuster ապրանքանիշի արժեքն ամենաբարձրը գնահատվել է 1994 թվականին, սակայն ցանցի գագաթնակետը ընդունված է համարել 2004  թվականը։ Հենց այդ ժամանակ ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում էր ավելի քան 84 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից։

Palm: Առաջին անհատական դյուրակիր համակարգչի մոռացված ստեղծողը

Ժամանակին Palm ընկերության գինն ավելի բարձր էր գնահատվում, քան McDonalds-ը, Chevron-ը և General Motors-ը: 1992-ին հիմնադրված ընկերությունը զբաղվում էր դյուրակիր համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրությամբ։ 2000 թվականին ընկերությունը գնահատվում էր 53,3 մլրդ դոլար։

Palm-ը հայտնի է որպես առաջին անհատական դյուրակիր համակարգչի ստեղծող և webOS-ի հիմնային տարբերակների մշակող, որը ժամանակին համարվում էր բջջային սարքերի համար շատ խոստումնալից բազմաֆունկցիոնալ օպերացիոն համակարգ: Ի դեպ, հենց Palm-ն է ստեղծել Apple Newton-ի ձեռագրի ճանաչման համակարգը, որն ի վերջո այնքան էլ լավ չաշխատեց։

Չնայած այն տպավորիչ վարկանիշին, որն ընկերությունը վայելում էր 2000-ականների սկզբին, այն սովորաբար ունեցել է ավելի շատ ձախողումներ, քան ակնհայտ հաջողություններ:

Արդյունքում, 2010 թվականին Palm-ը ծիծաղելի 1,2 միլիարդ դոլարով վաճառվեց HP ընկերությանը: Վերջինս նախատեսում էր զարգացնել webOS համակարգն առանց Palm-ի օգնության: 19 ամյա բրենդն ամբողջությամբ պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը 2011-ին։

Compaq. ևս մի ընկերություն, որը երկար անկումից հետո գնվեց HP-ի կողմից

Վերջինս էլ ազատվելով երբեմնի հայտնի ապրանքանիշից այն ջնջեց մարդկության պատմությունից։
Գուցե դուք նույնիսկ չեք էլ լսել Compaq-ի մասին, բայց ընկերությունը շատ հաջողակ էր նախորդ դարի վերջին: Այն հիմնադրվել է 1982 թվականին, իսկ արդեն 1998-ին կարողացել է վաճառել աշխարհում ամենամեծ թվով համակարգիչները։ Compaq-ը վաճառել է այնքան համակարգիչ, որքան իր երեք ամենամոտ մրցակիցները միասին վերցրած: Սա ֆանտաստիկ հաջողություն էր, որին չի խանգարել անգամ IBM-ի հետ կատաղի մրցակցությունը:

Compaq-ի խնդիրները սկսվել են HP-ի հետ միաձուլումից հետո: Ընկերության շատ բաժնետերեր  դեմ էին այս գործարքին, սակայն նրանց կարծիքն ի վերջո որոշիչ դեր չխաղաց։ 2001 թվականին միաձուլումից հետո Compaq-ի հազարավոր աշխատակիցներ կորցրին իրենց աշխատանքը, արտադրության ծավալը նվազեց, իսկ բաժնետոմսերի արժեքը կտրուկ ընկավ:

Compaq ապրանքանիշի լոգոտիպով վերջին գաջեթը գործարանից դուրս է եկել դեռ 2010 թվականին, սակայն HP-ն բրենդից վերջնականապես ազատվեց դրանից 3 տարի անց։ Այդ ընթացքում ընկերությունը վաճառեց երբեմնի հայտնի արտադրողի ակտիվների մեծ մասը, որին այսօր իսկապես քչերն են հիշում:

AltaVista: ժամանակակիցներին անհայտ որոնողական համակարգը

Ժամանակին AltaVista-ն աշխարհի ամենահեռանկարային որոնողական համակարգերից մեկն էր: Պատճառն այն էր, որ այն աշխատում էր այն ժամանակվա ամենաարդյունավետ 64-բիթանոց DEC Alpha հաշվողական սերվերի միջոցով։ Այն հնարավորինս արագ դարձրեց որոնումները և AltaVista-ն կարող էր օրական միլիոնավոր որոնման հարցումներ մշակել։

1998 թվականին համակարգն արդեն ուներ քսան նման սերվեր, որոնք բոլորը միասին վերցրած հագեցած էին 130 ԳԲ օպերատիվ և 500 ԳԲ կոշտ սկավառակի հիշողությամբ։ Այս թվերը, որոնք այժմ կարող են տեղավորվել ընդամենը մեկ համակարագչի մեջ, այն տարիներին նման էին աներևակայելի մի բանի։

1995-ին հիմնադրված ընկերությունը 1999 թվականին արդեն գնահատվում էր 2,3 մլրդ դոլար։

Որոնողական համակարգի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն էր հատուկ խելացի հարթակի օգտագործումը, որը ճանաչում էր մարդու բնական լեզուն և տալիս էր բավականին հասկանալի պատասխաններ։ Եթե ​​ճակատագիրն այլ կերպ դասավորվեր, հենց AltaVista-ն կդառնար այսօրվա Google-ը:
Ցավոք ընկերության հիմնադիրները չգիտեին ինչպես շուկայում առաջխաղացնել իրենց նախագիծը: Սկզբում որոնողական համակարգը անցավ Digital Equipment Corporation-ի, իսկ հետո Compaq-ի տնօրինությանը։ Ի վերջո AltaVista-ն ձեռք բերեց Yahoo! ընկերությունը և այն աստիճանաբար դադարեց գոյություն ունենալ:

Friends Reunited։ աշխարհում առաջին սոցիալական ցանցերից մեկը

Համացանցում առաջին սոցիալական ցանցերից մեկը համարվում է Friends Reunited-ը: Դա ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի կայքեր էին, որոնք կապող օղակ էին ընկերների, աշխատանք փնտրողների և գործընկերների համար։

2000 թվականին հիմնադրված ռեսուրսը սկզբում տարածված էր միայն Մեծ Բրիտանիայում, սակայն կարճ ժամանակ անց դրա մասին իմացան աշխարհի տարբեր անկյուններում: Ի սկզբանե Reunited-ից օգտվելու համար պետք էր վճարել, բայց ընթացքում ծառայությունը դարձավ ամբողջովին անվճար։ Այն իրոք ուներ ժամանակակից սոցիալական ցանցի բոլոր հատկանիշները՝ օգտվողների կողմից ստեղծված բովանդակության առատություն և մանրամասն տեղեկություններ նրանց մասին:

2005 թվականին Friends Reunited-ն արդեն հատել էր 15 միլիոն օգտատերերի սահմանը։ Հենց այդ տարի ընկերության արժեքը գնահատվում էր մոտ 297 մլն դոլար։ Այդ ժամանակ սոցիալական ցանցն իր թևի տակ վերցրեց բրիտանական ITV հեռուստաընկերությունը։ Նա նոր հարթակն օգտագործում էր իր նոր նախագծերը գովազդելու և սեփական այլ կարիքների համար։

Friends Reunited-ը չափազանց հայտնի դարձավ, սակայն սեփականատերը չկարողացավ բավարարել նախագծի օր օրի աճող պահանջարկը: Դրա պատճառով 2008 թվականի մարտին սոցցանցը կորցրեց օգտատերերի գրեթե կեսը․անկումը շարունակվում էր։ Տարիների ընթացքում սոց․ցանցը վերագործարկելու փորձեր եղան, որոնք բոլորը անհաջողության մատնվեցին։

Pebble: առաջին օգտակար խելացի ժամացույցերը

Pebble-ն առաջինն էր, որ թողարկեց իսկապես կիրառելի խելացի ժամացույց: Նրա պատմությունը սկսվել է Kickstarter քրաուդֆանդինգի հարթակում՝ դրամահավաքից: Արտադրությունը սկսելու համար ընկերությանն անհրաժեշտ էր 100 հազար դոլար, որն էլ հավաքվեց ընդամենը երկու ժամում։

2012 թվականին ստեղծված Pebble-ն արդեն 2015-ին գնահատվում էր շուրջ 740մլն դոլար։

Ժամացույցներն ունեին մի քանի առանձնահատկություն, որոնք արտադրանքին իսկապես հաջողակ էին դարձնում։ Հեղուկ թանաքով էկրան, որը երաշխավորում էր մարտկոցի երկար կյանք, օգտագործման հեշտություն՝ ֆունկցիոնալ հավաքածուն երրորդ կողմի հավելվածներով ընդլայնելու հնարավորությամբ և գեղեցիկ տեսք:

Ցավալի է, բայց երբ շուկայում հայտնվեցին անուն և փող ունեցող ընկերությունների խելացի ժամացույցները, Pebble-ի հաջողությունը նվազեց: Արդյունքում 2016 թվականին Fitbit-ը ձեռք բերեց այս ընկերությունն ու անմիջապես փակեց այն։ Այսքանով ավարտվեց Pebble-ի պատմությունը։

Vertu։ Շքեղություն, որն այլևս պահանջված չէ

Դժվար է գտնել մարդու, ով չի լսել Vertu ապրանքանիշի անունը։ 1998-ին հիմնադրված ընկերությունը զբաղվում էր թանկարժեք և այլ մետաղներից պատրաստված գերթանկ գաջեթների արտադրությամբ։ Դրանք նախագծվում էին նախ Nokia հեռախոսների պլատֆորմի վրա, իսկ հետո ինքնուրույն՝ Android օպերացիոն համակարգով։

Շուկան պահանջում էր խելացի լուծումներ, իսկ ընկերությունը չէր կարող արագ տրամադրել դրանք։ Դիզայնի վրա երկար աշխատելու անհրաժեշտության պատճառով ժամանակակից բաղադրիչների փոխարեն Vertu սմարթֆոններում առկա էին հնացած գործիքներ։ Հազարավոր դոլարներ արժեցող այս շքեղությունը քչերին դուր եկավ։

Ընկերության ֆինանսական հաջողության գագաթնակետը համարվում է 2012 թվականը։ Այն ժամանակ Vertu բրենդն արժեր 297 մլն դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button