Զարթուցիչ

Երկիր մոլորակի խորհրդանիշները․ Զարթուցիչ

Եթե ամառը ձեզ գիշերային աստղազարդ երկնքով հիանալու թեկուզ մեկ հնարվորություն տվել է, դժվար է պատկերացնել, որ բացի աստղերը դիտելուց ու հիանալուց, դեռ պստիկ ժամանակից տրվող հարցը՝ «տեսնես այլմոլորակայիններ կան», ձեզ կրկին այցելած չլինի։

Դա այն հարցն է, որն իրեն կյանքում թեկուզ մեկ անգամ տվել է Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդ՝ անհիշելի ժամանակներից սկսած։

Սովորական մարդիկ տալիս են այս հարցն իրենց, իսկ գիտնականների համար սա յուրօրինակ հարթակ է ՝ նոր մտահղացումների համար։ Եվ այսօրվա մեր զրույցն էլ այդպիսի մի մտահղացման և դրանից բխած նախաձեռնության մասին է․․․

Երկիր մոլորակի խորհրդանիշները․ այսպես ենք անվանել զրույցը․․․

Դեռևս շատ ավելի վաղ, քան առաջին մարդը հայտնվեց բաց տիեզերքում, և շատ ավելի վաղ, քան Երկրի առաջին արհեստական արբանյակն ուղարկվեց տիեզերք, մարդիկ մտովի պատկերացնում էին, որ լինելու՛ է, անպայմա՛ն լինելու է երկրաբնակների և այլմոլորակայինների հանդիպումը։ Գիտաֆանտաստիկ վեպերում այդ հանդիպումների տարբեր սցենարներ էին նկարագրվում,  շատ գիտնականներ էլ այն տեսակետի կողմնակիցն էին, որ մարդկանց և այլ մոլորակներում ապրող այլ բանական էակների հանդիպումը ժամանակի հարց է միայն։

Բայց ինչպիսի՞ն կլինեն նրանք՝ այդ էակները, կկարողանա՞նք արդյոք մենք նրանց փոխանցել մեր գիտելիքն ու մտքերը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է պետք դա անել։

Առաջին հրթիռների, միջմոլորակային կայանների և հզոր ռադարների ի հայտ գալուց հետո մարդկանց և այլ բանական էակների հաղորդակցության հարցը տեղափոխվեց առավել գործնական հարթություն։

1970–ականների սկզբին ամերիկացիները տիեզերք ուղարկեցին «Պիոներ–10» և «Պիոներ–11»  առաջին ավտոմատ կայանները՝ Արեգակնային համակարգի հեռավոր երկու մոլորակների՝ Յուպիտերի և Սատուրնի ուսումնասիրության նպատակով։

Տեսականորեն այդպիսի կայանը կարո՛ղ էր հայտնվել այլմոլորակայինների ձեռքում, և գիտնականներն սկսեցին մտածել՝ իսկ ի՞նչ կարող են դրա շնորհիվ իմանալ Երկիր մոլորակի և մարդկանց մասին այլմոլորակայինները։

Դե՜, այո՛, կուսումնասիրեն կայանի կառուցվածքը, ալեհավաքները, լիցքավորման համակարգը, և․․․Դե՜, հա՛, հնարավոր է հասկանան, թե ինչ են դրանք, բայց ի՞նչ կիմանան նրանք մարդկա՛նց մասին, այն մասին, թե ինչ տեսք ունենք մենք, ինչ ենք սիրում և ընդհանրապես՝ շատ այլ բաներ։

«Պետք է մի բան մտածել»,–որոշեց գիտության հանրահռչակմամբ զբաղվող ամերիկացի աստղագետ Կառլ  Սագանը և ձեռնարկեց այնպիսի խորհրդանիշներ ստեղծելու գործը, որոնք կարող էին այլմոլորակային քաղաքակրթությանը պատկերացում տալ երկրային քաղաքակրթության մասին։ Այդ խորհրդանիշները դաջեցին ոսկեպատ թիթեղների վրա և դրանք ամրացրին կայանի տախտակամածին։

Ի՞նչ էին ներկայացնում երկրային այդ առաջին խորհրդանիշները։

Նախ և առաջ՝ տղամարդ և կին, որոնք կանգնած են կայանի կողքին։ Սրա նպատակն էր ցույց տալ, թե ինչ տեսք ունեն երկրաբնակները, մոտավորապես ինչ չափերի են։

Հետո Սագանը փորձեց հասկացնել այլմոլորակայիններին, թե մոտավորապես որտեղ է գտնվում Երկիր մոլորակը։ Այդ նպատակով թիթեղի վրա դաջվեց Արևը և դրանից մինչև իրեն ամենամոտ գտնվող բաբախող 14 աստղերը 14 գիծ տարվեց։ Թիթեղի վրա դաջվեց նաև տիեզերքում ամենատարածված քիմիական տարրի՝ ջրածնի ատոմի կառուցվածքը։

Անցավ մի քանի տարի, և տիեզերք՝ դեպի հեռավոր աստղեր ուղարկվեց ևս երկու ավտոմատ կայան՝ «Վոյաջեր 1»–ը և «Վոյաջեր 2»–ը։ Այս երկու՛սն էլ երկրային ուղերձներ տարան իրենց հետ, բայց այս անգամ ոսկեպատ թիթեղների վրա ոչ միայն հայտնի խորհրդանիշներն էին, այլ նաև ձայնագրություն։

Ձայնագրվել էին Երկրային տարբեր ձայներ՝ ծովի ալիքների խշշոցից սկսած մինչև դասական երաժշտություն, ձայնագրվել էր նաև մեր մոլորակի վրա ապրող տարբեր ժողովուրդների 55 լեզվով ողջույն, ընդ որում՝ ոչ միայ այժմ գործածվող, այլև՝ անհետացած լեզուներով, օրինակ՝ շումերերենով ողջույն։

Դե, իսկ երկրային մինչև այդ պատկերված խորհրդանիշներին ավելացվեցին հատուկ եղանակով կոդավորված ևս մի քանի լուսանկար։

«Վոյաջերները» հիմա էլ տիեզերքում են, հիմա արդեն՝ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս։ Եվ ի՞նչ իմանաս՝ երբևէ պետք կգա՞ն դրանց վրա ամրացված՝ Երկիր մոլորակի խորհրդանիշները տիեզերքում ինչ–որ մեկին կամ գուցե ինչ– որ մեկն այնտեղ՝ տիեզերքի խորքերում արդեն հեռակա ծանոթանու՞մ է մեզ հետ․․․Ո՞վ իմանա․․․

Ցուցադրել ավելի
Back to top button