Զարթուցիչ

Մաքուրի օդի և ռազմական խաղալիքների ոչնչացման օրն է. Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է միջազգային տոնացույցի երիտասարդ տոներից մեկը, որը կոչվում է «Մաքուր օդ՝ հանուն կապույտ երկնքի»։ Այն առաջին անգամ նշվել է 2020 թվականի սեպտեմբերի 7–ին և ՄԱԿ–ի սահմանած տոներից է։ 

Մաքուր օդ և պարզ, կապույտ երկինք ունենալու կարևորության մասին լսում ենք ու գիտենք շատ փոքր տարիքից, իսկ այսպիսի օրերը, թվում է՝մեզ հետ առանձնապես կապ չունեն․ դրանք ուղղված են պետություններին, հանքարդյունաբերողներին, ձեռնարկատերերին, գիտնականներին և շատ այլ մարդկանց և ինստիտուտների, իսկ մենք․․․դե, ինչ կարող ենք անել մենք․․․

Այս պահին՝ գուցե շատ քիչ բան․ ծառեր տնկել, եթե տնկելու տեղ կա, առավոտյան դպրոց ոտքով գնալ, եթե դպրոցը մոտ է, և ոչ թե 5 րոպեի ճանապարհն անցնել հայրիկի ավտոմեքենայով․․․Ուրի՞շ․․․Երևակայությունս այսքանով է բավարարվում, բայց եթե հաշվի առնենք, որ հենց մե՛նք ենք վաղվա ձեռնարկատերն ու գիտնականը, հանքարդյունաբերողն ու պետական պաշտոնյան, որի շատ որոշումներ, խելամիտ լուծումներ մի փոքր կարող են օգնել մաքուր օդին և կապույտ երկնքին, ուրեմն՝ արժե իմանալ այս մասին։ 

Արժե իմանալ նաև շատ տխուր մի վիճակագրության մասին․ ՄԱԿ–ի տվյալներով Երկիր մոլորակի 99 տոկոսը ենթարկվում է աղտոտված օդի ազդեցությանը, որն էլ, ըստ գիտնական բժիշկների, ամեն տարի 6,5 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում։

Եվ, դարձյալ ու դարձյալ, քանի որ մեր մոլորակի թոքերը անտառն ու կանաչ տարածքներն են, ծառերն ու թփերն են, պետք է պարզապես ծառեր տնկել՝ որտեղ հնարավոր է։ Անգամ՝ մոտակա կանգառի ասֆալտից հրաշքով փրկված այն մի կտոր հողի վրա․․․

Սեպտեմբերի 7–ը մեկ ուրիշ՝ մի քիչ անսովոր նախաձեռնությամբ է առանձնանում օրացույցում․ այն աշխարհում նշվում է որպես ռազմական խաղալիքների ոչնչացման համաշխարհային օր և արդեն 35 տարեկան է։

Օրվա նպատակը երեխաներին առաջարկել և խորհուրդ տալն է հրաժարվել իրենց ռազմական խաղալիքներից՝ ատրճանակ, հրացան, տանկ, նետուաղեղ և էլ չգիտես, թե ինչ, հրաժարվել և փոխարինել դրանք այլ խաղալիքներով՝ փափուկ խաղալիք, տիկնիկ, ավտոմեքենա, սեղանի խաղ, կոնստրուկտոր և այլն։

Սա օրացույցի միանշանակ հավանության արժանացած օրերից չէ, և սրա վերաբերյալ շատ լուրջ բանավիճում են աշխարհի հոգեբանները։ Նրանց մի մասը վստահ է, որ այս խաղալիքներն ագրեսիվ են դարձնում երեխային։ Մյուս մասը վստահ է, որ խաղալիքն ինքնին չի կարող ագրեսիվ դարձնել երեխային, և որ երբ բակում երեխաները կռիվ–կռիվ են խաղում դրանցով, կամ որևէ ֆիլմի և մուլտֆիլմի՝ միմյանց հետ կռվող հերոսներին են նմանակում, դրա մեջ որևէ վտանգավոր բան չկա։ Եվ, անգամ հակառակը, մեծահասակների ճիշտ միջամտության դեպքում ռազմական խաղալիքն ու ռազմական խաղերը տղաների համար կարող են նաև օգտակար լինել՝ թույլին պաշտպանելու, հայրենասիրության, քաջության, հնարագիտության որակներ զարգացնելու առումով։

Հոգեբանների այս խումբը դեմ է նաև «խաղալիքի ոչնչացում» արտահայտությանը։ Մի տեսակ մեծերի աշխարհի վատ կրկնօրինակում ասես լինի․ մեծերի աշխարհում են շատ շրջանառվում այս կամ այն զինատեսակի ոչնչացման մասին քննարկումները։ Իսկ երեխայի համար գնել խաղալիք և հետո ասել՝ ոչնչացրու, մեզ էլ, օրինակ, այնքան լավ նախաձեռնություն չի թվում։ Փորձում ենք պատկերացնել, թե ինչ կանեն փոքր եղբայրները, երբ իրենց ասեն՝ արի ոչնչացնենք քո խաղալիք ատրճանակը։

Այնքան ուրիշ խաղալիքներ կան, որոնք, եթե այս տեսանկյունից նայենք, պետք է գոյություն չունենային՝ վամպիր–տիկնիկներից սկսած։ 

Մենք էլ, օրինակ, մտածում ենք, որ խաղալիքը երեխային ագրեսիվ չի կարող դարձնել, կարևոր է, թե ինչպես, ինչ նպատակով կմատուցեն այն մեծերը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button