Զարթուցիչ

Ֆրիդայվինգ կամ սուզում՝ մեկ պահած շնչով. Զարթուցիչ 

Եթե լողալ սիրում ենք՝ ուրեմն գոնե 1 անգամ ինքներս մեզ հարցրել ենք․ ինչքա՞ն ժամանակ կարող ենք մնալ ջրի տակ։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դա կարող է լինել ֆրիդայվինգում մեր առաջին փորձը՝ որպես սուզորդներ, քանի որ, ի տարբերություն դայվինգի, ֆրիդայվինգում պետք է բավարարվել թթվածնի այն քանակով, որը հասցրել ենք շնչել նախքան սուզվելը:

Դայվինգի ու ֆրիդայվինգի հիմնական տարբերությունը սուզվելու և ջրի տակ մնալու ձևն է: Դայվերը՝ սուզորդը, իր հետ ունի ակվալանգ՝ ջրասուզակ ու նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որով նա կարող է երկար ժամանակ շնչել ջրի տակ և չբարձրանալ մակերես՝ օդ շնչելու։
Իսկ ֆրիդայվերը՝ ազատ սուզորդը, չունի սուզման համար անհրաժեշտ իրեր ու հատուկ սարքավորումներ, ուստի՝ պետք է դուրս գա ջրի մակերես օդ շնչելու համար: Այստեղից էլ պարզ է դառնում, որ ֆրիդայվերի սուզման տևողությունը կախված է շունչը պահելու կարողությունից և անձնական հմտություններից:

Ֆրիդայվերները, առանց ջրի մակերես դուրս գալու և կրկին շնչելու, կարող են շունչը պահել նույնիսկ 3 րոպեից ավելի։ «No Limits» կարգի ավստրիացի ռեկորդակիր Հերբերտ Նիցշը, սուզվելով 214 մետր խորություն, կարողացել է ջրի տակ մնալ նույնիսկ 4․5 րոպե։

Ֆրիդայվերներին օգնում է կաթնասունների սուզման ռեֆլեքսը․ երբ մարմինը հայտնվում է ջրի մեջ, սրտի բաբախյունը դանդաղում է: Այս ռեֆլեքսն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք  մեր դեմքը մտցնում ենք սառը ջրի մեջ։

Գուցե զարմանալի թվա, բայց ավելի քիչ էքստրեմալ պայմաններում մարդու մարմինը, առանց օդի, կարող է նույնիսկ ավելի երկար գոյատևել: Դանիացի ֆրիդայվեր Սթիգ Սեվերինսենը 2012 թվականին դարձել է աշխարհի ռեկորդակիր, քանի որ լողալու ժամանակ  չի շնչել 22 րոպե։ Այդ ռեկորդը դեռ ոչ ոք չի գերազանցել։

Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ հազիվ են կարողանում շունչը պահել մինչև մեկ րոպե, դե իսկ մարզիկները, ովքեր զարմանալի ռեկորդներ են սահմանում, պարապում են երկար, մարզվում և ուշադիր ուսումնասիրում մարդու ֆիզիոլոգիան։

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այս սպորտաձևը էքստրեմալ է։ Բոլորը գիտեն, որ թթվածնի պակասը կարող է հանգեցնել մահվան, բայց արդյոք բոլորն են հիշում, որ մարմնում ածխաթթու գազի ավելացումը ևս վտանգավոր է։
Եթե մարմինը չի կարողանում թոքերի միջոցով ազատվել ածխաթթու գազից, ապա՝ դրան կարող են հետևել մկանային սպազմը, արագ սրտի բաբախյունը, հնարավոր է նաև գիտակցության կորուստ։ Հետևաբար՝ չի կարելի այս սպորտաձևով զբաղվել՝ առանց մարզիչի։

Պրոֆեսիոնալ մարզիկները աստիճանաբար ձեռք են բերում ֆիզիոլոգիական այն փոփոխությունները, որոնք նրանց օգնում են երկար ժամանակ շունչը պահել սուզվելիս:

Բրազիլացի ձկնորսների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձկնորսության համար սուզվող ձկնորսների թոքերի հզորությունը շատ ավելի մեծ է։

Ցուցադրել ավելի
Back to top button