Զարթուցիչ

Անտառի սանիտարները ևս բնապահպաննե՜ր են․ Զարթուցիչ

Բոլորս էլ լսել ենք անտառի սանիտարների մասին, որոնք ջանասիրությամբ մաքրում են իրենց բնակավայրը: Եվ,հավանաբար, մեզնից շատերը  լսել են մեծերից, որ չի կարելի թերագնահատել նրանց դերը բնության մեջ: Իսկ ովքե՞ր են նրանք՝ անտառի «մաքրասերները»։

Եթե անտառի բնակիչներից առանձնացնենք նրանց, որոնց սանիտարներ ենք կոչում, ապա՝ պետք է նշենք հիմնականում երեք կենդանատեսակ․ գայլեր, թռչուններ և մրջյուններ։ Չնայած արտաքին ակնհայտ տարբերություններին՝ նրանք բոլորն էլ հիանալի սանիտարներ ու մի փոքր էլ բնապահպաններ են։

Նախ թռչունների մասին։ Բոլոր թռչունները բնույթով անտառի կարգապահ սանիտարներն են․ սնվում են հիմնականում վնասատու  միջատներով։ Կռահեցիք, չէ՞․ հենց միջատնե՜րն են վնասում ծառերի տերևները, փայտն ու կեղևը, ինչպես նաև՝ միջատները կրում են տարբեր վարակիչ հիվանդություններ։

Թռչունները, ուտելով բզեզներ և թրթուրներ, նվազեցնում են այդ վնասատուների թիվը, ինչի հետևանքով էլ նվազում է շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Նման սննդային շղթան էկոհամակարգին թույլ է տալիս հասնել ներդաշնակության, որն անչափ անհրաժեշտ է անտառի բնականոն աճի համար։

Չնայած՝ բոլոր թռչունները անտառային կարգապահներն են, միևնույն է, կան տեսակներ, որոնք իրենց գործն անում են ավելի լավ, քան մյուսները: Օրինակ՝ փայտփորիկը անտառի գլխավոր բժիշկն է, որովհետև կարողանում է վնասատուներին հեռացնել անմիջապես ծառի բնից։ Բացի այդ՝ կտուցով անընդհատ թկթկացնելով ծառին՝ նա ստիպում է միջատներին դուրս գալ իրենց «կացարանից»։

Եթե թռչունները կարգապահ սանիտարներն են, ապա՝ մրջյունները անտառի փոքրիկ պահապաններն են։ Պարզվում է՝ ոչ բոլոր միջատներն են վնասում շրջակա միջավայրը: Կան այնպիսի միջատներ, որոնք ջանում են ամբողջ ուժով պաշտպանել բնությունը վնասատուներից։ Մրջյունների մասին բոլորս գիտենք, բայց, գիտե՞նք արդյոք, թե ինչո՞ւ են նրանք ևս համարվում անտառային սանիտարներ:

Դե իրականում ամեն ինչ պարզ է: Մրջյունները ոչնչացնում են գրեթե բոլոր այն միջատներին, որոնք համարձակվում են մտնել իրենց տարածք։ Միևնույն ժամանակ՝ նրանք հեշտությամբ կարող են «հաղթել» այնպիսի հակառակորդի, որը գերազանցում է իրենց և՛ չափերով, և՛ ֆիզիկական ուժով:

Մենք մրջյուններին համարում ենք աշխատասեր էակներ․ չէ՞ որ նրանք մշտապես զբաղված են։ Սակայն չմոռանանք նաև, որ մրջյունները հիանալի «թիմային խաղացողներ են»։ Երբեմն նույնիսկ թվում է՝ նրանք գործում են որպես մի ամբողջական մեխանիզմ:

Բացի այդ՝ նրանք իրենց փոքրիկ «շինարարության» մեջ օգտագործում են մանր աղբ՝ դրանով իսկ մաքրելով անտառը։ Մասնագետների կարծիքով՝ հինգ մրջնաբույնը բավարար է մեկ հեկտար տարածքը մաքուր պահելու համար։

Շատերը վախենում են գայլերից․ այս գիշատիչները միշտ որս են անում ոհմակներով, և նրանց աչքից չի վրիպում ոչ մի պատահական որս։ Բայց չենք կարող չհամաձայնել, որ նրանք անտառի իրական սանիտարներն են։ Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչու:

Առաջին հերթին՝ գայլերը, ինչպես ցանկացած գիշատիչ, ուտում են կենդանիների դիակներ։ Դրա հետևանքով՝ անտառում նվազում են տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունների վտանգները։ Բացի այդ՝ գայլերը նախընտրում են սպանել թույլ ու հիվանդ կենդանիներին՝ թույլ չտալով նրանց շարունակել իրենց սերունդը։

Այս բնական մեխանիզմը բնությանը թույլ է տալիս բարելավել կենդանական աշխարհի գենոֆոնդը և մեծացնել տեսակների գոյատևման հնարավորությունները: Բացի այդ՝ գայլերը վերահսկում են բուսակերների թիվը։ Հայտնի է դեպք, երբ Ամերիկայի նահանգներից մեկում գրեթե ամբողջությամբ վերացրին բոլոր գայլերին։

Դրանից հետո՝ բուսակերների պոպուլյացիան այնքան էր շատացել, որ արոտավայրերը չէին հասցնում աճել՝ խոտը փարթամ չէր։ Խեղճ կենդանիները սատկում էին սովից, իսկ նրանց դիակները դառնում էին վարակիչ ծանր հիվանդությունների օջախներ։

Ուստի՝ չի կարելի թերագնահատել գայլերի դերը բուսական ու կենդանական աշխարհում։ Նրանք իսկապես ողջ էկոհամակարգի սանիտարներն են։ 

Ցուցադրել ավելի
Back to top button