Լուրեր

Դոկտոր Ջոզեֆ Բելի աշխարհահռչակ աշակերտը

«Ուսուցիչը» լայն առումով դասատուն չէ։ Դա և՛ համալսարանի պրոֆեսորն է, և՛ երիտասարդ գիտնականի գիտական ղեկավարը, և՛ գործարանի վարպետը, և՛ մարզիչը։ Նրանցից յուրաքանչյուրը փոխանցում է աշակերտներին իր վարպետությունը, ոգևորում է նրանց, օրինակ է ծառայում ոչ միայն տվյալ բնագավառում, այլև՝ կյանքում ընդհանրապես։

«Իսկ ի՞նչ կաներ այսպիսի դեպքում ուսուցիչս»,– մտածում է աշակերտն իր համար դժվար պահին և գտնում է կարևոր ու ճիշտ պատասխաններ։

Այսօրվա մեր հերոս-ուսուցիչը բժշկության պրոֆեսոր Ջոզեֆ Բելն է։

1870 թվականին Ջոզեֆ Բելն աշխատում էր Էդինբուրգի համալսարանում․ և՛ դասավանդում էր, և՛ վիրահատություններ էր անում համալսարանական կլինիկայում, նաև խմբագրում էր «Էդինբուրգի բժշկական ամսագիր» պարբերականը։

Դոկտոր Բելը մեծ հեղինակություն էր վայելում ուսանողների շրջանում և կարողանում էր զարմացնել նրանց։ Անհավանական ուշադիր և դիտող լինելով՝ նա կարողանում էր փոքրիկ մանրամասները համադրելով ախտորոշել հիվանդությունը՝ նախքան հիվանդները կհասցնեին իրենց բողոքները ներկայացնել։ Իսկ իր ուսանողներին Բելը բժշկի մասնագիտությունը սովորեցնելուց զատ սովորեցնում էր մարդկանց հանդեպ կարեկից լինել։

Դոկտոր Բելի ուսանողներից մեկը դարձավ նրա օգնականը կլինիկայում, ինչը և պատճառ դարձավ, որ ուսուցիչն ու աշակերտն ավելի երկար ժամանակ աշխատեն իրար կողքի, որ պրոֆեսորն ավելի մանրամասնորեն նրան ծանոթացնի մասնագիտության նրբություններին։

Իհարկե, շատ կարևոր է լավ ուսուցիչ ունենալը, բայց աշակերտն էլ պետք է լավը լինի և սովորելու ցանկություն ունենա։ Դոկտոր Բելի աշակերտը լավն էր․ հարցասեր, ուշադիր, հետևողական։ Պրոֆեսորի այս աշակերտը, սակայն, չդարձավ նույնքան հայտնի բժիշկ, ինչպիսին իր ուսուցիչն էր, բայց հռչակ ձեռք բերեց մեկ այլ ոլորտում՝ գրականության մեջ։

Հետաքրքրասեր աշակերտը Արթուր Կոնան Դոյլն էր։ Երբ Էդինբուրգի համալսարանն ավարտելուց տարիներ անց նա սկսեց ստեղծել իր հայտնի հերոսի՝ Շերլոք Հոլմսի կերպարը, աչքի առաջ ուներ իր հայտնի ուսուցչին՝ Ջոզեֆ Բելին։

Հայտնի խուզարկուն իր նախատիպից ժառանգեց նախևառաջ հիմնավոր գիտելիքի հանդեպ հավատը, և մեկ անգամ չէ, որ հայտարարեց՝ հանցագործությունների բացահայտումը ճշգրիտ գիտելիք է։

Այսպիսին էր նաև Բելի սկզբունքը բժշկության մեջ․ բժշկությունը գիտելիք է՝ հիմնված մանրակրկիտ դիտարկումների վրա։ Ինչպես Բելի, այնպես էլ Հոլմսի համար կարևոր էին դետալները, մանրամասները, որոնց հիման վրա էլ նա իր եզրակացություններն էր անում։

Բելը, ինչպես և Հոլմսը, կարողանում էր մարդկանց մասնագիտություները որոշել նրանց արտաքինից ելնելով։

Կոնան Դոյլը չէր թաքցնում Բելի դերն իր հայտնի հերոսի կերպարի ստեղծման գործում։ Բայց ինքը՝ պրոֆեսոր Բելը, չէր համարում, որ մեծ դեր է ունեցել այս գործում և Կոնան Դոյլի մասին խոսելիս ասում էր, որ վերջինս իրեն շատ ավելի քիչ է պարտական, քան կարծում է։

«Իր հանճարեղ երևակայության շնորհիվ է դոկտոր Կոնան Դոյլը ստեղծել այդ մեծությունը, իսկ բարի վերաբերմունքն իր նախկին ուսուցիչներից մեկի հանդեպ պարզապես մի քիչ կենդանացնում է պատկերը»։

Ցուցադրել ավելի
Back to top button