Զարթուցիչ

Նոյեմբերի 30-ը օրացույցում. Զարթուցիչ

Նոյեմբերի 30-ին  շատ երկրներում նշվում է Ընտանի կենդանիների համաշխարհային օրը․․․Եթե տանը կենդանի եք պահում, ուրեմն՝ այս օրը ձեր կրտսեր բարեկամին առանձնահատուկ որևէ վերաբերմունքով ուրախացնելու օրն է․․․

Ինչպե՞ս ու ինչո՞վ՝ ավելի լավ է որոշեք ինքներդ․ գուցե՝ ամենասիրելի ուտելիքով, խաղալիքով, սովորականից մի քիչ ավելի երկար խաղով կամ զբոսանքով, մի քիչ ավելի երկար իրեն գրկելով և պարզապես ասելով՝ իմ սիրուն, իմ լավ, իմ պստիկ ընկեր․․․Ի՜նչ լավ է, որ դու իմ կողքին ես․․․

Շուն լինի, փիսո, թութակ, թե այլ մեկը, անպայման կհասկանա ձեզ, այն էլ՝ ո՜նց․․․Չէ՞ որ այս աշխարհում դուք նրա համար ամենակարևոր արարածն եք, մեկը, որի վերաբերմու՛նքն էլ իր համար ամենակարևորն է․․․

Օրվա  նպատակը կենդանիների հանդեպ պատասխանատվության մասին մարդկանց հիշեցնելն է։

Եվ, իհարկե, զարմանալի չէ, որ օրվա նշանաբան է ընտրվել Էքզյուպերիի հայտնի տողը «Փոքրիկ իշխանը» հեքիաթից։ «Դու ընդմիշտ պատասխանատու ես նրանց համար, ում վարժեցրել ես»․․․

Հեքիաթում այսպիսի խրատ է տալիս աղվեսը մարդուն։ Շատ իմաստնություն պետք չէ հասկանալու համար, որ սա ընդհանրապես պատասխանատվության մասին է․ թե՛ մարդկանց և թե այն ամենի հանդեպ, ինչին երբևէ սեր ու ջանք ես տվել։

Բայց, իհարկե, նախևառաջ նրա հանդեպ, ով քեզնից փոքր է ու առանց քեզ՝ անօգնական։

Այնպես որ, եթե արդեն տանը որևէ կենդանի պահում եք և պահում եք սիրով, ուրեմն՝ պատասխանատու մարդ եք, իսկ եթե դեռ որոշում չեք կայացրել և վստահ չեք, որ կկարողանաք անհրաժեշտ ուշադրությունն ու սերը տալ շանը, որը ձեզ դուր է եկել, կատվին, որը շատ սիրուն է, թութակին, որը շատ զվարճալի է, ուրեմն՝ մի քիչ էլ մտածեք․ չէ՞ որ դուք ոչ թե խաղալիք եք տուն բերում, որը սիրուն է, զվարճալի կամ պարզապես դուր է եկել ձեզ, այլ ձեր ընտանիքի լիարժեք անդամին, որը ձեր ուշադրության և հոգածության կարիքն ունի․․․

Նոյեմբերի 30-ը աշխարհահռչակ գրող Մարկ Տվենի ծննդյան օրն է․․․

Ասում ենք Մարկ Տվեն և միանգամից հիշում Թոմ Սոյերին ու նրա արկածները։ Իսկ գիտեի՞ք, որ չնայած այս  վեպը համարվում է երեխաների համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը, հեղինակն այն նախատեսել էր մեծահասակների համար: «Այս գրքով ես մեծահասակներին հաճույքո՜վ հիշեցնում եմ այն մասին, թե ինչպիսին էին իրենք մի ժամանակ…ոնց էին մտածում, ինչ էին զգում, ոնց էին խոսում, երբեմն ի՜նչ անհավանական արկածների մեջ էին ընկնում»:

Բոլոր այն խաղերը, չարաճճիությունները, արկածները, կատակները, որոնք կան «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում, իրական են և հենց Մարկ Տվենի մանկական հիշողություններից են հայտնվել գրքերում: Իրական են և՛ Թոմը, և՛ Բեքին, և՛ Հեքը, և՛ մորաքույր Պոլին, միայն անուններն են փոխված, արկածները`մի քիչ ավելի գունեղ ներկայացված: Իսկ ինքն իրեն գրողն ավելի շատ Թոմի կերպարում է տեսել…

Ցուցադրել ավելի
Back to top button