Ռադիոլաբ

Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում. Ռադիոլաբ

Դեկտեմբերի 3-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքս հայաստանյան 15-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում» խորագիրը: Մրցույթն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ կրտսեր և ավագ: Մոտ 100 հայտից մրցույթի համար ընտրվել էր 38 թիմ:

Մրցութային դաշտը Մարս մոլորակի լանդշաֆտի փոքր մակետ էր՝ պայմանական բազաներով, պահեստներով, արևային պանելներով, ջրային ավազաներով ու ալեհավաքային կայաններով։

ԱրմՌոբոտիքս2023-ի կրտսեր խմբում 3-րդ հորիզոնականը գրավեց Կարմիրգյուղի թիմը , 2-րդ տեղը գրավեց Մարտունու թիմը, իսկ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Այգուտ գյուղի թիմը: Նրանք թիմը կոչել էին հենց իրենց բնակավայրի անունով:

Ի դեպ, մրցույթն ուներ նաև մրցանակային ֆոնդ: Կրտսեր տարիքային խմբում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը ստացան համապատասխանաբար՝ 400.000, 300 .000 և 200.000 դրամ: Մրցանակակիր թիմերից շատերը նշում են, որ այդ գումարն ուղղելու են իրենց լաբորատորիաները վերազինելու ու ռոբոտաշինական աշխատանքները զարգացնելու համար:

Ավագ տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Գորիսի թիմը, 2-րդ հորիզոնականում էր՝ Ներքին Կարմիրաղբյուրի թիմը, իսկ 1-ին հորիզոնականում արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմն էր:

Ավագ տարիքային խմբում մրցանակային ֆոնդը բաշխվել էր հետևյալ կերպ: 3-րդ տեղի համար 300.000 դրամ, 2-րդ տեղի համար 400.000 դրամ, իսկ առաջին հորիզոնականի համար 500.000 դրամ: Գոշի թիմն էլ ԱՏՁՄ-ի կողմից ստացավ խրախուսական մրցանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը՝ Արմռոբոտիքսը կազմակերպվում է 2008թ.-ից ի վեր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Ռադիոլաբի այս թողարկմանը զրուցել ենք երկու տարիքային խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերի՝ Այգուտի ու Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button