Ձեզ ծանո՞թ է Deepseek անունը: Դա արհեստական բանականությամբ աշխատող չինական չատբոտ է, որն արագ տեմպերով իր տեղն է գրավում օրեցոր փոփոխվող աշխարհում:
Եվ այսպես, չինական DeepSeek-ի Android տարբերակում աշխատող հավելվածը զբաղեցրել է առաջին տեղը Google Play Store-ում: Ավելի վաղ հավելվածը նույն արդյունքն էր գրավել App Store-ում:
DeepSeek-ի AI մոդելները, որոնք մշակվել են հաշվողական արդյունավետ տեխնիկայի օգտագործմամբ, ստիպել են Ուոլ Սթրիթի վերլուծաբաններին և տեխնոլոգներին հարցականի տակ դնել, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պահպանել առաջատարի իր դիրքը արհեստական բանականության մրցավազքում և արդյո՞ք կպահպանվի AI չիպերի պահանջարկը։ Եկեք միասին պարզենք թե որտեղի՞ց հայտնվեց DeepSeek-ը, եւ ինչպե՞ս այդքան արագ հասավ միջազգային ճանաչման։
DeepSeek-ը հովանավորվում է չինական High-Flyer Capital Management հիմնադրամի կողմից։ Այն հիմնադրել է AI էնտուզիաստ Լիանգ Վենֆենգը՝ 2019 թվականին: Վենֆենգը, ով առեւտրով սկսել է զբաղվել դեռ Չժեցզյան համալսարանում սովորելու ժամանակ, ստեղծել է մի հիմնադրամ, որը կենտրոնացած է արհեստական բանականության ալգորիթմների մշակման և կիրառման վրա։ 2023 թվականին High-Flyer-ը հիմնել է DeepSeek-ը: Այն գործում էր որպես լաբորատորիա, որը նվիրված էր AI գործիքների հետազոտմանը։
Սկզբում DeepSeek-ը իր սեփական AI մոդելների ուսուցման նպատակով կառուցեց սեփական տվյալների կենտրոնի կլաստերները: Բայց ինչպես Չինաստանի այլ AI ընկերություններ, այնպես էլ DeepSeek-ը տուժեց ԱՄՆ-ի կողմից սարքավորումների արտահանման արգելքներից։
DeepSeek-ի տեխնիկական թիմը կազմված է երիտասարդ հետազոտողներից։ Ընկերությունը չինական լավագույն համալսարաններից ագրեսիվորեն հավաքագրում է AI հետազոտությամբ զբաղվող գիտաշխատողների։ DeepSeek-ը նաեւ վարձում է սովորական մարդկանց՝ առանց համակարգչային որևէ գիտելիքների, որպեսզի օգնի իր տեխնոլոգիաներին ուսումնասիրություններ կատարել թեմաների ավելի լայն շրջանակներում:
DeepSeek-ը 2023-ի նոյեմբերին ներկայացրեց իր առաջին մոդելների հավաքածուն՝ DeepSeek Coder-ը, DeepSeek LLM-ն ու DeepSeek Chat-ը։ Սակայն AI ոլորտի խոշոր խաղացողները միայն անցյալ գարնանը սկսեցին ուշադրություն դարձնել այս ընկերության գործունեությանը, երբ ստարտափը թողարկեց իր նոր սերնդի DeepSeek-V2 մոդելների ընտանիքը:
Ընդհանուր նպատակային տեքստ և պատկեր վերլուծող այս համակարգը լավ արդյունքներ ցույց տվեց և շատ ավելի էժան էր, քան այլ ընկերությունների համանման մոդելները։ Այն ստիպեց DeepSeek-ի տեղական մրցակիցներին, ինչպիսիք են ByteDance-ը և Alibaba-ն, նվազեցնել իրենց որոշ մոդելների օգտագործման արժեքները, իսկ որոշներն անգամ դարձան լիովին անվճար: Ահա այսպիսի արդյունքների է բերում թեժ մրցակցությունը:
2024 թվականի դեկտեմբերին թողարկվեց DeepSeek-V3-ը, որը կտրուկ բարձրացրեց ստարտափի հռչակը։ Հավասարապես տպավորիչ է հունվարին թողարկված DeepSeek-ի R1 «դատողության» մոդելը։ Ընկերությունը պնդում է, որ R1-ը նույնքան լավ է աշխատում, որքան OpenAI-ի o1 մոդելը:
R1 մոդելը արդյունավետորեն իրականացնում է սեփական փաստերի ստուգում: Այն ի տարբերություն հիմնական մրցակիցների մի փոքր դանդաղ և ավելի երկար է աշխատում՝ մի քանի վայրկյանից մինչեւ րոպեներ։ Դրական կողմն այն է, որ DeepSeek-ի այս մոդելի աշխատանքը սովորաբար ավելի հուսալի է ֆիզիկայի, գիտության և մաթեմատիկայի ոլորտներում։
DeepSeek-ի բիզնես մոդելը դեռեւս պարզ չէ։ Ընկերությունը իր պրոդուկտները եւ ծառայությունները ներկայացնում է շուկայական արժեքից շատ ցածր և անգամ անվճար։
Ընկերության հաջողությունը ավելի մեծ ու ավելի խոշոր մրցակիցների դեմ պայքարում որոշ փորձագետներ բնութագրել են որպես «AI-ի անկում» եւ «AI պայքարի նոր դարաշրջանի» սկիզբ։ Այս ամենը իհարկե չի կարող չանհանգստացնել ԱՄՆ կառավարությանը, որը փորձում է միջոցներ ձեռնարկել արտաքին ազդեցությունները նվազեցնելու ուղղությամբ: ԱՄՆ շուկայում բռնկվող խուճապը կարելի է մասամբ արդարացված համարել. DeepSeek-ի AI մոդելների պահանջարկով պայմանավորված վերջերս Nvidia ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազեց գրեթե 20%-ով։ Թեմայի առնչությամբ ուշագրավ էր նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը: Նա նշել է, որ թեև չինական ընկերությանը համարում են մրցակից, սակայն նահանջել չեն պատրաստվում: Ցուկերբերգը հայտարարել է, որ Մետան «շատ մեծ ներդրումներ» է կատարելու AI ոլորտում և համապատասխան ենթակառուցվածքներիի վրա խոշոր ծախսերը շարունակելու են մնալ Meta-ի ռազմավարական առջնահերթությունների ցանկում:
Ինչպես տեսնում եք թեժ ու հետաքրքիր մրցակցություն է սպասվում: Կարծում ենք դրանից կօգտվեն արհեստական բանականությունը իրենց աշխատանքում կիրառող համայնքները:





