Ռադիոլաբ

Minecraft. 21-րդ դարի թվային լեգո

Այսօր ներկայացնելու ենք մի խաղի պատմություն, որը ստեղծվել է ընդամենը մեկ ծրագրավորողի կողմից և դարձել է համակարգչային խաղերի պատմության մեջ ամենաճանաչվածներից մեկը ու շահել միլիոնավոր խաղացողների սրտեր: Խոսելու ենք Minecraft-ի մասին:

Մաս 1. գիշեր, սուրճ և 500 տող կոդ

Minecraft-ի պատմությունը սկսվում է ոչ թե հսկա ստուդիաների գրասենյակներից, այլ Ստոկհոլմում գտնվող մի փոքրիկ բնակարանից: Եվ այսպես 2009 թվական: Ծրագրավորող Մարկուս Պերսոնը աշխատում էր շվեդական King.com ընկերությունում: Բայց ազատ ժամանակ նա ինքն իր համար խաղեր էր ստեղծում: Նա համացանցային տիրույթում հանդես էր գալիս Notch կեղծանունով:

Մարկուսը ոգշնչված էր այնպիսի նախագծերով, ինչպիսիք են Dwarf Fortress-ը, Infiniminer-ը և Roller Coaster Tycoon-ը. խաղեր, որտեղ խաղացողը ինքն է կառուցում աշխարհը, առանց հստակ սցենարի, բայց անսահման ազատությամբ: Մի գեղեցիկ օր Մարկուսը կամ Notch-ը, մեկ գավաթ սուրճը ձեռքին Java ծրագրավորման լեզվով գրում է իր խաղի առաջին տարբերակը՝ այն պարզապես անվանելով «Cave Game»:

Այն շատ հեռու էր այսօրվա Minecraft-ից: Հասարակ բլոկներ, պարզագույն աշխարհագոյացման համակարգ և դրանց կոտրման ու տեղադրման հնարավորություն: Այս պարզության մեջ, սակայն, կար ինչ-որ կախվածություն առաջացնող բան: Մարդիկ սկսեցին խաղալ:

Մի քանի օր անց նա վերանվանում է խաղը «Minecraft: Order of the Stone», ապա պարզապես՝ «Minecraft»:

Մաս 2. Ալֆա, բետա, բում

2009 թվականին՝ Minecraft-ի ալֆա տարբերակը հասանելի է դառնում հանրությանը: Խաղը վաճառվում է անմիջապես սեփական կայքից՝ PayPal վճարման համակարգի միջոցով, սիմվոլիկ գումարով: Մարդիկ վճարում են, խաղում են, կառուցում են:

Minecraft-ը չուներ գովազդ, մարքեթինգային արշավներ կամ թրեյլերներ: Այն գովազդում էին հենց խաղացողները՝ ֆորումներում, բլոգերում, YouTube –ի առաջին տեսանյութերում: Հենց Minecraft-ը դարձավ առաջին խաղերից մեկը, որը, կարող ենք ասել մեծ աճ գրանցեց YouTube մշակույթի շնորհիվ: Առաջին Let’s Play-ները, կարճ տեսանյութերը, ուղեցույցները, մեմերը՝ բոլորը սկսեցին պտտվել բլոկային աշխարհների շուրջ:

2010 թվականին Minecraft-ը արդեն խաղում էին հարյուր հազարավոր մարդիկ: Իսկ 2011-ին՝ միլիոնավորներ:

Մաս 3. Mojang-ի հիմնադրումը

Շատ արագ պարզ դարձավ, որ խաղը Մարկուսի համար պարզապես  հոբբիի չէ: Նա հեռացավ King-ից և հիմնադրեց իր սեփական ստուդիան՝ Mojang-ը: Սկզբում թիմում աշխատում էր ընդամենը մի քանի հոգի:

Հենց այդ ժամանակ սկսվում է Minecraft-ի համալրումը: Հայտնվում են մոբերը, կարմիր փոշին, պորտալներ, նոր կենսաբազմազանություն, գյուղացիներ, ցերեկվա և գիշերվա փոփոխություն: Այս ամենը խաղը դարձնում է ավելի խորքային, բարդ և հետաքրքիր:

Միևնույն ժամանակ, խաղի տեսողական պարզությունը դառնում է նրա գլխավոր յուրահատկությունը: Բլոկներ, ցածր լուծաչափություն, կոպիտ կազմվածք՝ կարծես թե բոլոր բաղադրիչները կան վատ ու անհաջող խաղի համար: Սակայն հենց այս պարզությունն էր թույլ տալիս Minecraft-ին գործարկվել թույլ համակարգիչների վրա ու դառնալ մասսայական: Գործում էր հսկայական ստեղծագործական ազատություն:

Մաս 4. Ի՞նչ է սովորեցնում նպատակ չունեցող խաղը

Հետաքրքիր է, որ Minecraft-ում չկա հստակ նպատակ: Խաղացողը անում է այն, ինչ ուզում է՝ փորում, կառուցում, ճանապարհորդում, ստեղծում ֆերմաներ, պայքարում մոբերի դեմ, մահանում, սկսում նորից: Կան տարբեր ռեժիմներ՝ «գոյատևման, «ստեղծագործական», և՛ «հարդքոր»:

Առաջին անգամ պատմության մեջ հայտնվեց զանգվածային մի խաղ, որտեղ երեխան կարող էր իրեն զգալ որպես ճարտարապետ, գյուտարար կամ ռեժիսոր:

Մի պահ Minecraft-ը սկսեցին օգտագործել դպրոցներում: Հայտնվեց «Minecraft: Education Edition» տարբերակը: Այն դարձավ ճկուն գործիք՝ տրամաբանություն, ծրագրավորում, ճարտարապետություն և թիմային աշխատանք սովորելու համար: Ուսուցիչները մի ամբողջ դասեր էին ստեղծում խաղի ներսում՝ պատմություն, աշխարհագրություն, նույնիսկ քիմիա:

Մաս 5. Microsoft-ի գործարքը

2014 թվական: Minecraft-ը արդեն վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով: Notch-ը հոգնում է և իր Twitter-ի միկրոբլոգում գրում է. «Ով է ուզում գնել իմ բաժնեմասը»:

Մի քանի ամիս անց Microsoft-ը գնում է Mojang ընկերության և Minecraft-ի բոլոր իրավունքները՝ 2 ու կես միլիարդ դոլարով: Մարկուսը հեռանում է ընկերությունից, Բևերլի Հիլզում գնում է շքեղ առանձնատուն ՝ կոնֆետների ավտոմատով, տնային կինոթատրոնով և օվկիանոսի հիանալի տեսարանով: Նա անհետանում է հանրային կյանքից:

Շատ երկրպագուներ անհանգստացած էին. «Ի՞նչ է լինելու հիմա: Microsoft-ը կկործանի՞ մեր խաղը»:

Բայց ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Մաս 6. Ոսկե շրջան

Microsoft-ը կենտրոնանում է Minecraft-ի էկոհամակարգի զարգացման և ընդլայնման վրա:

Գործարկվում է «Minecraft Realms»-ը՝ ընկերների հետ խաղալու հնարավորությամբ: Հայտնվում է «Bedrock Edition»-ը՝ բոլոր սարքերի համար նախատեսված տարբերակը, թողարկվում է «Minecraft Dungeons»-ը՝ արկածային խաղ Diablo-ի ոճով: Բացվում է «Minecraft Marketplace»-ը, որտեղ խաղացողները կարող են վաճառել իրենց մոդերն ու կազմվածքները, թողարկվում է խաղի ևս մեկ տռարբերակ՝ «Minecraft Legends»-ը՝ ռազմավարական խաղ արկածային տարրերով:

Minecraft-ը դառնում է բրենդ: Մուլտիմեդիա հարթակ և…եկամտի աղբյուր:

Այսօր Minecraft-ն ունի 170 միլիոն ակտիվ խաղացող՝ ամեն ամսվա կտրվածքով: Իսկ ընդհանուր վաճառված օրինակների թիվը անցնում է 300 միլիոնը: Սա մարդկության պատմության մեջ ամենաշատ վաճառված վիդեոխաղն է:

Մաս 7. Minecraft-ի մշակույթը

Minecraft-ը ներթափանցում  է երաժշտություն, գրականություն, կրթություն, վերջերս նաև ֆիլմարտադրություն: Միլիոնավոր երեխաներ ծրագրավորման մեջ իրենց ճանապարհն են սկսել՝ շնորհիվ կարմիր փոշու հրամանների, մինի-խաղերի սերվերների և մոդերի: Աշխարհի տարբեր թանգարաններ այս խաղում վերարտադրում են իրենց ցուցադրությունները: Ճարտարապետները 3D մոդելներ են ստեղծում Minecraft-ում: Համաճարակի ժամանակ նույնիսկ ավարտական միջոցառումներ և հարսանեկան արարողություններ են անցկացվել խաղում:

Minecraft-ն ունի մեծ համայնք՝ հազարավոր յութուբերներ, տիկտոկերներ, նկարիչներ, սթրիմերներ և պարզապես երազողներ:

Մաս 8. Ինչո՞ւ է Minecraft-ը դեռ ակտուալ

Մինչ մյուս խաղերը կորցնում էին արդիականությունը, Minecraft-ը՝ հակառակը, զարգանում էր: Ինչո՞ւ: Կան տարբեր պատճառներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Մոդիֆիկացիաներ: Խաղի հազարավոր տարբերակներն անդադար ընդլայնում են մեխանիկան, ավելացնում մոգականություն, տեխնոլոգիաներ, առաքելություններ, իրատեսություն:

Խաղը առաջարկում է հսկայական ստեղծագործական ազատություն: Սա էլ երկրորդ ծանրակշիռ պատճառն է:

Համայնք: Սա վիդեոխաղերի պատմության մեջ ամենաակտիվ ֆան ակումբներից մեկն է:

Մատչելիություն: Կարելի է խաղալ հեռախոսով, պլանշետով, նույնիսկ հին նոութբուքով:

Հուսալիություն: Յուրաքանչյուր թարմացում ընդլայնում է աշխարհը՝ առանց այն կործանելու:

Minecraft-ը պարզապես խաղ չէ: Սա 21-րդ դարի  թվային լեգո է, որը կարելի է անվերջ խաղալ:

Ցուցադրել ավելի
Back to top button