Ռադիոլաբ

Ռոբոտներ, ճարտարագիտություն, արկածներ և հայրենաճանաչություն՝ մեկ ճամբարում

Հուլիսի 7-ից Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կմեկնարկի «Արմաթ տեխնոճամբար»-ը, որին կարող են մասնակցել 11-15 տարեկան այն դպրոցականները, ովքեր սովորում են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում, կամ՝ նույնիսկ նրանք, ովքեր չեն հաճախում «Արմաթ» աշխատանոց, բայց հետաքրքրված են կրթական ճամբարով: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում բնակվողներին՝ այս ճամբարը բաց է նաև Սփյուռքի՝ ճարտարագիտությամբ հետաքրքրվող երեխաների համար:

Ճամբարը կտևի 9 օր՝ հուլիսի 7-ից մինչև 16-ը, որի ընթացքում երեխաներին սպասվում են ռոբոտաշինության մրցույթներ, հայրենաճանաչության արշավ, ազգային պարերի դասընթաց, ողջ մնալու արվեստի վարժանքներ, մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ և բաց քննարկումներ ոլորտի մասնագետների հետ: Գրանցման համար հարկավոր է դիմել մինչև հունիսի 30-ը, իսկ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ֆեյսբուքյան էջ:

Ռադիոլաբի հարցերին է պատասխանել «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը, իսկ մեր ստուդիայում հյուրընկալել ենք «Արմաթ տեխնոճամբար»-ի ջոկատավար Մարիա Արշակյանին և նախորդ տարվա ճամբարի մասնակից Մալվինա Մարգարյանին:

Մայա Շահումյան — «Ճամբարի վերջում երեխաները ունենում են պատկերացում ռոբոտաշինությունից և ծրագրավորումից, և նաև հայրենաճանաչության մյուս բոլոր բաղադրիչները դառնում են իրենց սեփականը, իսկ տարբեր մարզերից երեխաների ներկայացվածությունն այստեղ հնարավորություն է տալիս ընդհանուր առմամբ հասկանալու, թե ինչի մասին է Հայաստանը ու գտնելու հարազատ մարդկանց՝ նույն արժեքները կրող, նույն ընկերական հավատամքները կիսող․․․»

Մարիա Արշակյան — «Մենք փորձում ենք միքս անել՝ մշակույթը, հայրենիքը և տեխնոն․․․»

Մալվինա Մարգարյան — «Եթե ցանկանում եք գալ «Արմաթ տեխնոճամբար» պատրաստ եղեք ձեռք բերելու շատ ընկերներ․․․»

Ցուցադրել ավելի
Back to top button